Իսրայելը լրջորեն անհանգստացած է

Իսրայելի սիոնիստական ​​ռեժիմի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը ապրիլի 15-ին մտահոգություն հայտնեց Նաթանզեի միջուկային կենտրոնում տեղի ունեցած միջադեպին Իրանի արձագանքի կապակցությամբ: Մենք գրել ենք, որ Իրանը սիոնիստական ​​ռեժիմին համարում է պատասխանատու Նաթանզեում վերջերս տեղի ունեցած միջադեպի համար: Բայց Օլմերտը WABC-ին տված հարցազրույցում ասել է. «Ես վստահ չեմ, որ Իսրայելն արեց դա, և ես իրանցիներին խորհուրդ եմ տալիս հանգստություն պահպանել»: Բայց, հավանաբար Օլմերտի այս խոսքերն ավելի շատ ուղղված են իսրայելական ներքին լսարանին. իբր, սիոնիստական ​​ռեժիմը չի վախենում իրանական սպառնալիքից: Իրոք, հետագայում Էհուդ Օլմերտը մտահոգություն և անհանգստություն հայտնեց Իրանի վրեժխնդրության կապակցությամբ և… ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ արեց «ապահովել Իսրայելի անվտանգությունը»:

Իսրայելում իր պաշտոնավարման տարիներին Օլմերտը համարվում էր ամենագիտակներից մեկը պատերազմի և պաշտպանության հարցերում, և այժմ նա վախի մեջ է, իսկապես վախը նրա դեմքին դաջված է:

Հիշեցնենք, որ Իրանն իսկապես հայտարարեց, որ սիոնիստներին պատասխան միջոցներ են սպասում՝ Նաթանզեում տեղի ունեցած միջադեպի համար: Դեպքը տեղի է ունեցել ուրանի հարստացման կենտրոն Նաթանզեում գտնվող Շահիդ Ահմադի Ռոշանի անվան օբյեկտի էլեկտրական բաշխման ցանցի մի մասում, որը գտնվում է Իրանի կենտրոնական Էսֆահան նահանգի համանուն քաղաքում: Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար (ԱԷՄԳ) Ալի-Աքբար Սալեհին ասաց, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում գործել Նաթանզեի միջադեպի պատասխանատուների դեմ: Իրանի ԻՀՊԿ-ն ասում է, որ իրեն իրավունք է վերապահում պատշաճ պատասխան տալ միջուկային օբյեկտում սիոնիստական ​​ռեժիմի իրականացրած դիվերսիային՝ «ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում»: Դատելով Օլմերտի արձագանքից՝ այժմ Թել Ավիվում հրեաները հասկացան, որ Դիմոնայում (Նեգևի անապատ) Իսրայելի միջուկային կենտրոնի վրա հրթիռային հարվածը բոլորովին էլ հորինվածք չէ, ֆանտաստիկա չէ…

Եվ հետևյալ տեղեկատվությունը հաստատում է մեր ենթադրությունները. Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական, Իրանի Պաշտպանության նախկին նախարար, բրիգադային գեներալ Հոսեյն Դեհգանը ապրիլի 16-ին նախազգուշացրեց թշնամիներին՝ ցանկացած թշնամական գործողություններից զերց մնալու մասին` ավելացնելով, որ Իրանը կբարձրացնի իր հրթիռների հեռահարությունը` ի պատասխան բոլոր տեսակի սպառնալիքների: Նա այս հայտարարությունն արեց Եմենի «Yemeni al-Masirah TV» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում. «Ցանկացած թշնամական քայլ ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում կհանդիպի կոշտ և գործնական արձագանքի, որպեսզի հակառակորդը այլևս չկրկնի իր քայլը: Իրանը լիովին պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքին կամ ագրեսիային, իսկ մեր ուժերը վերահսկում են բոլոր թշնամական շարժումները»: Իրանի պաշտպանության նախկին նախարարը բացառեց իրանական հրթիռների շուրջ բանակցությունների ցանկացած հավանականություն՝ ասելով. «Իրանի հրթիռային հզորությունը «կարմիր գիծն է», և որևէ բանակցությունների առարկա չի կարող դառնալ: Այսքանը: Իրանական հրթիռների հեռահարության ավելացումը կապված է սպառնալիքների հետ, և մենք մեծացնում ենք մեր հրթիռների հեռահարությունը՝ մեր առջև ծառացած համապատասխան սպառնալիքների»: Նա շարունակեց, որ Իրանը չի տեսնում որևէ սահմանափակում իր զենքի մշակման հարցում, բացի զանգվածային ոչնչացման զենքից (MՕD), որը ինքը՝ Իրանը չի ցանկանում ձեռք բերել: Նա շարունակեց անդրադառնալ Նաթանզեի իրանական միջուկային օբյեկտում վերջերս կատարված դիվերսիայի գործողությանը, որում Իրանը մեղադրեց իսրայելական ռեժիմին՝ ասելով, թե «նշանակություն չունի, թե ով է պատասխանատվություն ստանձնում Նաթանզեի վրա հարձակման համար կամ հերքում է դա: Կարևոր է, որ այս հարձակումը տեղի է ունեցել հրեաարաբաամերիկյան եռանկյունու շրջանակներում, և ԱՄՆը չի կարող հերքել դրա համար պատասխանատվությունը»: Գեներալ Դեհգանը նույնպես մատնանշեց իրանական նավերի վրա վերջերս կատարված հարձակումները՝ ասելով, որ թշնամիները ձգտում են «ստեղծել լարվածության և պատերազմի մթնոլորտ, իսկ եթե հակառակ կողմից արձագանք լինի, ապա դա բնական արձագանք կլինի»: Այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի ռազմական խորհրդականն ասաց նաև, որ Իրանը Սիրիայի կառավարության խնդրանքով կշարունակի իր ռազմական խորհրդատվական դերը Սիրիայում: Նա նաև հայտարարել է. «Մեր պաշտպանունակությունը բխում է տարածաշրջանի շահերից և չի հակադրվի իսլամական երկրներին»:

Հետաքրքիր է, որ ապրիլի 16-ին Իրաքում ԱՄՆ-ի զինված ուժերը ենթարկվել են մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ օդային հարձակմանը: Համաձայն իրաքյան և սաուդյան լրատվամիջոցների հրապարակած հաղորդագրությունների՝ ապրիլի 16-ի գիշերը երեք անօդաչու սարքերի (ԱԹՍ) հարձակման է ենթարկվել Իրաքում գտնվող «Այն ալ-Ասադ» բազան, որտեղ տեղակայված են ԱՄՆ զինված ուժերը: Մերձավոր Արևելքի աղբյուրները մինչ այժմ այդ արաբական երկրի արևմուտքում ԱԹՍ-ի հարձակման մասին չհաստատված տեղեկատվություն են տարածել, ապրիլի 16-ին հայտնել էր իրանական «Mehr News» լրատվական գործակալությունը: Իրանական «Sabereen News» թելեգրամյան ալիքը, որը մոտ է Մերձավոր Արևելքի տարածաշրջանի «դիմադրության ուժերին», հաստատեց, որ օդային հարձակման ժամանակ օգտագործվել է 3 ԱԹՍ: Անցած շաբաթ սա արդեն երկրորդ նմանատիպ հարձակումն էր Իրաքում ԱՄՆ-ի թիրախների վրա՝ այս երկրի հյուսիսում գտնվող Էրբիլի շրջանում կատարված հարձակումից հետո, նշում է «Mehr News»-ը: Ուստի Օլմերտ խուճապը հիմնավորված է, խնդրում ԱՄՆ-ին՝ «պաշտպանել Իսրայելին»: 

Սերգեյ Շաքարյանց