Առողջապահութան նախարարությունը «AstraZeneca»-ով պատվաստվողներից թաքցնում է թրոմբների առաջացման ու նույնիսկ մահվան վտանգը, կամ էլ…

 

Հայաստանում վաղվանից, իսկ մարզերում ապրիլի 14-ից սկսվելու են COVID-19–ի դեմ բրիտանա-շվեդական «AstraZeneca» պատվաստսնյութով պատվաստումները, իսկ հաջորդ շաբաթվանից նաև` ռուսական «Спутник V»-ով, պատվաստումները կամավոր են. այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը:

Ավանեսյանի տեղեկացմամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսել է Հայաստանում տարբեր պատվաստանյութերով, ընդհանուր առմամբ, 700 000 հոգու պատվաստում, և հույս ունի, որ այդ աշխատանքները կիրականացվեն առաջիկա տարվա ընթացքում: Նախատեսելը` նախատեսել է, սակայն այլ հարց է, թե իրականում քանիսը կպատվաստվեն:

Հայաստանում, հնարավոր է, նույնպես կլինեն ինչ-որ փոքրաթիվ անձինք, որոնք անտեսելով «AstraZeneca»-ի ներարկումից հետո մինչև իսկ մահվան հանգեցնող թրոմբների առաջացման վտանգի, ինչպես նաև «Спутник V»-ի համեմատ ցածր արդյունավետության վերաբերյալ արտերկրի ու հայաստանյան մամուլի հրապարակումները, նաև մասնագետների զգուշացումները, ահազանգերը, կամ դրանց պարզապես անտեղյակ լինելով, կպատվաստվեն նշված պատվաստանյութով:

Նախարարությունը, համապատասխան բուժհաստատություններն ու ԶԼՄ-ները հենց նրանց, նրանց թվում հավանաբար նաև հանրությանը հայտնի անձանց, մի քանի պաշտոնյաների ցույց կտան հեռուստատեսությամբ և, անշուշտ, կասեն, որ նրանք կամավոր, սիրով և առանց վախենալու եկել են «AstraZeneca»-ով պատվաստման: Կասեն, որպեսզի… Հավանաբար արդեն հասկանում եք, չշարունակենք: Սակայն տեղեկացված մեծամասնությունը, կարծում ենք, կհրաժարվի «AstraZeneca»-ով պատվաստումից:

Եվրոպական և ոչ եվրոպական մի շարք երկրներ, ինչպես Ավանեսյանն ասաց, զգուշավորությունից ելնելով և ռիսկերից հնարավորինս խուսափելու համար սահմանել են «AstraZeneca»-ով պատվաստման որոշակի տարիքային շեմ. որոշ երկրներում խորհուրդ է տրվում մինչև 30, որոշ երկրներում մինչև 50, այլ երկրներում մինչև 55-60 տարեկան անձանց չպատվաստել «AstraZeneca»-ով:

«Մենք առաջնորդվելով մաքսիմալ ապահովության սկզբունքով, որոշել ենք, որ միայն 55 տարեկանից բարձր քաղաքացիներին կտրամադրվի պատվաստանյութը»,- նկատի ունենալով «AstraZeneca»-ով առաջիկա պատվաստումները, ասաց ԱՆ պաշտոնը զբաղեցնողը:

Ըստ նախարարության, խոսքը 55 և բարձր տարիքի բուժաշխատողների, քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնի բնակիչների և աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների մասին է: Ռիսկային խումբ են համարվում նաև 65 և բարձր տարիքի անձինք, որոնք նույնպես այժմ կարող են պատվաստվել «AstraZeneca»-ով: Նախարարությունը տարիքային սահմանափակման հետ կապված վերոնշյալ որոշումը կայացրել է համապատասխան մասնագիտական կառույցների ուղեցույցների և այլ երկրների փորձի հիման վրա:

Առաջին փուլում 18-54 տարեկան (ներառյալ) և ռիսկային նախորոշված խմբերում գտնվող անձինք (մասնավորապես` բուժաշխատողներ, սոցիալական խնամքի կենտրոնի բնակիչներ և աշխատակիցներ, տարեցների խնամքի կենտրոնի աշխատակիցներ, 16-54 տարեկան քրոնիկ հիվանդներ) Հայաստանում կարող են պատվաստվել «Спутник V»-ով:

«Спутник V» պատվաստանյութի բավարար քանակների առկայության դեպքում դրանով կարող են պատվաստվել նաև ռիսկային խմբերում գտնվող այլ անձինք` ուսուցիչներ, դասախոսներ, հանրային տրանսպորտի վարորդներ և ուրիշներ: Հետագայում եթե Հայաստանը ստանա «Спутник V»-ի անհրաժեշտ քանակություն, նշված պատվաստանյութով կարող են պատվաստվել նաև 55-ից բարձր տարիքի, ինչպես նաև ռիսկային խմբերում չգտնվող անձինք:

«Տեղեկացված համաձայնության թերթիկում, որը ստորագրելու է պատվաստվողը, ներառված լինելո՞ւ է թրոմբոզի և դրանից մահվան բարդության մասին տեղեկատվություն». սա Հակահամաճարակային Ալյանսի (Anti-epidemic Alliance) երեկվա հրապարակման մեջ առկա հարցերից մեկն է, որն ուղղեցինք Անահիտ Ավանեսյանին:

«Մեր բուժաշխատողները ստացել են ամբողջական ինֆորմացիա և՛ պատվաստման գործընթացի կազմակերպման, և՛ կոնկրետ պատվաստանյութերի վերաբերյալ, այստեղ ևս կարող եք վերցնել, ծանոթանալ, թե ինչպիսի ինֆորմացիա է տրամադրվելու քաղաքացուն, ինչպես է իրազեկվելու նա,- ասաց ԱՆ պաշտոնը զբաղեցնողը:- Ամեն պատվաստանյութ և, ընդհանրապես, պատվաստանյութերի վերաբերյալ տեղեկությունը կտրամադրվի քաղաքացուն, ու նա հստակ կերպով, իրազեկ կերպով, իր համաձայնությամբ, կպատվաստվի»:

Ինչպես ակնհայտ է, Անահիտ Ավանեսյանը խուսափեց մեր հարցին ուղղակի, որոշակի պատասխան տալ, կամ էլ նրա որոշակի պատասխանը պետք է համարել հետևյալը` «…այստեղ ևս կարող եք վերցնել, ծանոթանալ, թե ինչպիսի ինֆորմացիա է տրամադրվելու քաղաքացուն, ինչպես է իրազեկվելու նա»: ԱՆ նախարարի պաշտոնը զբաղեցնողը նկատի ուներ սեղանին դրված տեղեկատվական թերթիկը:

Վերցրեցինք ու ծանոթացանք սեղանի վրա դրված «COVID-19–ի դեմ պատվաստումներ քարտ-ին», որում բառ անգամ չկա «AstraZeneca»-ով պատվաստումից հետո թրոմբոէմբոլիկ բարդությունների, ներառյալ նաև` մահվան ելքով բարդությունների առաջացման մասին: Նշված է միայն, որ կարող են առաջանալ ընդհանուր թուլություն, կարճատև գրիպանման երևույթներ, ջերմության բարձրացում, մկանացավեր, հոդացավեր, ներարկման տեղում` ցավ, այտուց, կարմրություն:

Վերոնշյալից ելնելով, կարող ենք եզրակացնել, որ ՀՀ առողջապահության նախարարությունը «AstraZeneca»-ով պատվաստվողներից թաքցնում է պատվաստումից հետո թրոմբոէմբոլիկ բարդությունների, ներառյալ նաև` մահվան ելքով բարդությունների առաջացման հնարավորությունը, կամ էլ այդ հնարավորությունը բացառում է «AstraZeneca»-ով պատվաստվող 55 և բարձր տարիքի անձանց շրջանում, և, հետևաբար, հիշյալ տարիքի անձանց շրջանում թրոմբոէմբոլիկ բարդությունների առաջացման պարագայում, նախարարի հետ միասին, կրելու է լիարժեք պատասխանատվություն:

Հիշեցնենք, որ Եվրամիության կարգավորիչը` Դեղերի եվրոպական գործակալությունը, ապրիլի 6-ին հաստատել է «AstraZeneca» պատվաստանյութի և թրոմբոզի կապը: Նշված գործակալության (EMA) մամուլի քարտուղարը հաստատել է կապը «AstraZeneca»-ով պատվաստումների և թրոմբոզի միջև: Այս մասին EMA-ի մամուլի քարտուղար Մարկո Կավալերիին վկայակոչելով, հայտնել է «Le Figaro»-ն:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան