Հունվար ամսվա կլիմայական բնութագիրը և եղանակի կանխատեսումը

Հունվարին Երևանում, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 1-2 աստիճանով նորմայից բարձր։ Տեղումների քանակը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայի սահմաններում։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Երևան քաղաքում օդի ամսական միջին ջերմաստիճանն սպասվում է -4…-5, որը  մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը` ցածրադիր վայրերում մինչև -14…-16, բարձրադիր վայրերում  -11…-13, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +3…+5 (դիտված պատմական  բացարձակ նվազագույնը`  -27…-29, առավելագույնը`+14…+16):  Ամսական տեղումների քանակը կանխատեսվում  է նորմային մոտ (նորման` 22-29 մմ):