Արայիկ Հարությունյանը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները. Համատեղ հայտարարություն

Կառավարության ձևավորման, դրա հետագա գործունեության և երկրում տեղի ունեցող գործընթացների ամբողջական պատասխանատվությունը նման պայմաններում կրում է անձամբ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ Այս մասին հայտարարությամբ են հանդես եկել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը և Արցախի «Արդարություն» կուսակցությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Արցախի Հանրապետության դեմ 2020թ. աշնանը սանձազերծված պատերազմի արդյունքում արձանագրվել է պետական կառավարման համակարգի ճգնաժամ:

ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի ս.թ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 5 խմբակցություններից 4-ը պահանջել են ԱՀ նախագահ Ա. Հարությունյանի հրաժարականը: Չնայած իր պաշտոնից հրաժարվելու պատրաստակամությանը՝ նախագահ Ա. Հարությունյանը նախաձեռնել է քաղաքական խորհրդատվություններ, ստեղծված իրավիճակից ելք գտնելու և քաղաքական լուծումներ տալու նպատակով: Ելնելով առաջիկայում նոր խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացման խնդրահարույց  լինելու հանգամանքից՝ խորհրդարանական ուժերն ընդունել են ազգային միասնության կառավարություն ստեղծելու Ա. Հարությունյանի առաջարկը՝ նախագահի փաստացի  լիազորությունները սահմանափակելու  և ողջամիտ ժամկետում արտահերթ ընտրություններ կազմակերպելու նախապայմանով:

Հետագա քննարկումների ընթացքում գործող նախագահը, խախտելով ձեռք բերված պայմանավորվածությունները, սկսել է միանձնյա ձևավորել նոր կառավարություն՝ դրանով իսկ խաթարելով երկիրը ճգնաժամից համախորհուրդ դուրս բերելու բացառիկ հնարավորությունը: Ստեղծված իրավիճակում անիմաստ է դարձել շարունակել կառավարության ձևավորման գործընթացին մեր մասնակցությունը, քանի որ այն իր մեջ չի պարունակում «ազգային համաձայնության կառավարության» ձևավորման տեսլականը:

Կառավարության ձևավորման, դրա հետագա գործունեության և երկրում տեղի ունեցող գործընթացների ամբողջական պատասխանատվությունը նման պայմաններում կրում է անձամբ ԱՀ նախագահ Ա. Հարությունյանը»: