10 դատավորի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, 2-ի լիազորություններ դադարեցվել են. Ռուբեն Վարդազարյան

ԲԴԽ-ում 2020 թ․ ընթացքում կայացվել է 84 նիստ, 37 նիստի ժամանակ խորհուրդը հանդես է եկել որպես դատարան, ընդունվել է 242 որոշում, որից 17-ը՝ նորմատիվ, 189-ը՝ ընթացիկ, 18-ը՝ աշխատակարգային: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, տեղի է ունեցել 34 քվեարկություն, 2020 թ․ խորհուրդը ՀՀ նախագահին առաջարկությամբ է հանդես եկել, առաջարկվել են 20 դատավոր, 12 դատավոր նշանակվել է թեկնածուների ցուցակից, 7 դատավոր առաջին ատյանի մեկ դատարանից տեղափոխվել է այլ դատարան, և մեկ դատավոր նշանակվել է դատարանի նախագահ:

«2020-ին ԲԴԽ ներկայացվել է 19 միջնորդություն՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: 10 դատավորի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, երեք դատավորի նկատմամբ հայտարարվել է նկատողություն, 3-ին՝ նախազգուշացում, 2 դատավորի՝ խիստ նկատողություն, 2 դատավորի լիազորություններ դադարեցվել են: 4 միջնորդություն մերժվել է, երկու միջնորդություն կարճվել է, 3 միջնորդություն դեռ գտնվում է ԲԴԽ վարույթում»,- ասաց նա:

ԲԴԽ նախագահը նշեց, որ Խորհուրդը կայացրել է բազմաթիվ որոշումներ: «Համավարակի հետ կապված՝ ԲԴԽ-ն որոշումներ է կայացրել՝ փորձելով կարգավորել այն հարցերը, որոնք օրենսդրական բացի հետևանքով կարգավորված չեն եղել: Փորձել ենք թույլ չտալ, որ դատական նիստերի ընթացքում այցելուները համավարակի տարածման աղբյուր դառնան»,- նշեց նա:

Վարդազարյանի ներկայացմամբ՝ ԲԴԽ-ն օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի վերաբերյալ ներկայացրել է 80 եզրակացություն, հիմնականում դրանք վերաբերել են դատական իշխանությանը: «Ֆինանսական ոլորտի վերաբերյալ նշեմ, որ 2020-ի մեր բյուջեն գրեթե կրկնել է 2019-ի բյուջեն, բյուջեի աճ չենք ունեցել։ Պայմանավորված ռազմական դրությամբ՝ ԲԴԽ-ն, փորձելով նվազեցնել իր ծախսերը, 607 մլն 337 հազար դրամ հետ է  ուղարկել կառավարության պահուստային ֆոնդ: «Մենք ենք մեր սահմանները» խորագրով Արցախի համար դրամահավաքին մասնակցել է  ԲԴԽ-ն, դատավորներ, դատական դեպարտամենտը, մեր կողմից ԱՀ ֆինանսների նախարարության գանձապետական հաշվին վճարվել է 22 մլն 43 հազար դրամ»,- նշեց նա: