Հիմքեր ունեմ Նիկոլ Փաշինյանին մեղադրելու պետական դավաճանության մեջ (մաս 16)

Հաղորդում հանցագործության մասին

 

Սկիզբը` այստեղ

Պետական դավաճանության մեջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, նշված կամ (և) այլ հանցանքներում թերևս նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, նշված նախարարության նախկին ու ներկա համապատասխան պաշտոնատար անձանց մեղքը հիմնավորվում է նաև  հետևյալ փաստով:

Առաջին. 168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի դեռ սեպտեմբերի 29-ին հայտնած այն տեղեկությամբ, որ դիմել է Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, որպեսզի իրեն հնարավորություն տան գալ Հայաստան և մեկնել Արցախ, սակայն պատասխան չի ստացել:

Միքայել Հարությունյանը նույն լրատվամիջոցի հետ արդեն պատերազմի ավարտից հետո, այս ամիս կայացած զրույցում հայտնել է նաև, որ թեև «պատերազմի օրերին՝ հոկտեմբեր ամսվա սկզբին, այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել գալ Հայաստան, Արցախ և նրա կողքին լինել՝ իր մասնագիտական փորձով, Տոնոյանն ասել է՝ հաղթելու ենք, դրա կարիքը չկա»:

Ավելին. Դավիթ Տոնոյանը մերժել է նաև Միքայել Հարությունյանի մյուս առաջարկը.

«Ռուսական տեխնիկա կար, որը չէին կարողանում օգտագործել, քանի որ մասնագետ չկար,- ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարարը:- Այդ համապատասխան մասնագետները մենք ունեինք, և ես ասացի՝ գիտեմ, որ այսպիսի խնդիրներ կան, ես պատրաստ եմ օգնել մասնագետներով, որ գան և՛ սովորեցնեն, և՛ այլ հարցերում օգտակար լինեն: Տոնոյանն ասաց՝ պետք չի, մենք ունենք ամեն ինչ, ամեն ինչի մասնագետներն էլ ունենք: Եվ այսպես խոսակցությունն ավարտվեց: Բայց գիտեմ, որ այդ տեխնիկան չի օգտագործվել՝ մասնագետներ չլինելու պատճառով»:

«Ի դեպ, գեներալ Հարությունյանը Դավիթ Տոնոյանին առաջարկել է նաև, քանի որ  ՀՀ ղեկավարությունը հնարավորություն չի ստեղծում, որ գա Հայաստան, ինքը պատրաստ է ՌԴ-ում օգտակար լինել»:

«Ասել եմ՝ նշեք կոնկրետ խնդիրներ, և ես կփորձեմ դրանք հենց ՌԴ-ում լուծել, բայց ոչ մի պատասխան չեմ ստացել, ոչ մի խնդրի մասին ինձ չեն ասել»,- հայտնել է Միքայել Հարությունյանը:

Երկրորդ. Զանգելանում և Կուբաթլուում սյունիքցիների զբաղեցրած ռազմավարական նշանակության դիրքերը թշնամուն հանձնելու փաստով, թեև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության մեջ Զանգելանի և Կուբաթլուի շրջանների` այդ պահի դրությամբ հայկական ուժերի զբաղեցրած տարածքների հանձնման վերաբերյալ որևէ խոսք չկա, դրանք Ադրբեջանին հանձնելու վերևաբերյալ Հայաստանի որևէ պարտավորություն նշված չէ:

Երրորդ. Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության կողմից ս. թ. դեկտեմբերի 25-ին կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ նույնի առնչությամբ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետևյալ հայտարարություններով.

«Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կնքումից հետո մենք մնացել ենք նույն դիրքերում, թշնամին էլ նույնպես մնացել է նույն դիրքերում… Համաձայնագրի կնքումից հետո թշնամու կողմից որևիցե ագրեսիվ վարքագիծ էլ չի նկատվել, այսինքն` այնպիսի տպավորություն էր, որ ինքն էլ ինչ-որ բանի է սպասում»:

«Կարող եմ վստահ ասել, որ այն գեներալները, որոնց հետ մենք կապ էինք պահում, նրանք էլ տեղյակ չէին դրա մասին, որ պետք է դիրքերը զիջեինք:

Բայց ասեմ ավելին: Ինչպես գիտեք, մենք հանդիպում ենք ունեցել պաշտպանության նախարարի  (ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի.- Ծ.Հ.) հետ համայնքի ղեկավարներով: Ես այդ հարցը հնչեցրել եմ. ո՞նց եղավ, որ 1-ին պունկտով նշված է սա, մեր իմանալով, բանակցություններ, որպես այդպիսին, չեն եղել, այսինքն` մեր հետ որևիցե քննարկում չի եղել, և այսօր հրաման եք իջեցնում, որ մենք այս դիրքերը զիջենք, մենք դեմ ենք այդ դիրքերը զիջելուն, որովհետև անվտանգության խնդիր է առաջանում, շատ լուրջ անվտանգության խնդիր է առաջանում: Նա, ի զարմանս ինձ, պատասխանեց, որ այս համաձայնությունը հենց ի սկզբանե եղել է:

Եթե այդ համաձայնությունն ի սկզբանե եղել է, ապա մենք ինչո՞ւ տեղյակ չենք եղել, մեզ ինչո՞ւ տեղյակ չեն պահել, ապա մենք ինչո՞ւ ամրացել ենք դրանից հետո: Այսինքն` մենք նոյեմբերի 9-ից հետո պաշտպանության 2-րդ բնագիծ ենք կառուցել, պաշտպանության 3-րդ բնագիծ ենք կառուցել, նույնիսկ այն կարծիքին ենք եղել, որ կարող է էլի կռիվ լինել այս հողերի համար: Մենք ամրացել ենք այդ տարածքի վրա: Ես ստացա այդ պատասխանը:

Մենք նույնիսկ հարցրեցինք` արդյոք, վերջիվերջո, հնարավոր չե՞ն նոր բանակցություններ, հնարավոր չէ՞ ինչ-որ բան մի անել, որ պահպանվեն: Ասաց` չէ, բացառվում է: Մեզ ոչինչ չէր մնում, քան այդ դիրքերը զիջելը»:

Փաստորեն, ըստ Կապանի քաղաքապետի հայտնածի, ոչ միայն համայնքի ղեկավարությունը, այլև այն գեներալները նույնպես, որոնց հետ իրենք կապ են ունեցել, տեղյակ չեն եղել վերոնշյալ դիրքերը, տարածքները թշնամուն հանձնելու մասին, դա նրանց համար անակնկալ է եղել: Մեր այդ խիստ կարևոր դիրքերը թշնամուն դավաճանաբար հանձնելն անակնկալ չի եղել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, ՀՀ պաշտպանության նախկին ու ներկա նախարարներ Դավիթ Տոնոյանի և Վաղարշակ Հարությունյանի, ամենայն հավանականությամբ, նաև` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար, քանի որ Ադրբեջանի զինված ուժերը եռակողմ համաձայնագրի կնքումից հետո զարմանալիորեն որևիցե ագրեսիվ վարքագիծ չի դրսևորել, Կապանի քաղաքապետի հայտնածից կարելի է հասկանալ, որ, իսկապես, ինչ-որ բանի է սպասել: Այսինքն` մեր ռազմավարական նշանակության դիրքերը, հայապատկան հսկայական տարածքներ թշնամուն են հանձնվել Նիկոլ Փաշինյանի և Ալիևի գաղտնի, Հայաստանի ու հայերիս համար դավաճանական համաձայնության հիման վրա, որի հետևանքը կարող է լինել Կապանի, ապա նաև Սյունիքի հայաթափումը, քանի որ հայ բնակչությունը հայտնվել է թշնամու բռում, նրա ուղիղ նշանառության տակ, խոցելի նույնիսկ ինքնաձիգով:

Չորրորդ. 168.am–ի հետ զրույցում  ռուսաստանաբանկ մեդիամագնատ, հայազգի լրագրող, հրատարակիչ, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ, «Բալթիական մեդիախումբ» հոլդինգի նախագահ Արամ Աշոտի Գաբրիելյանովի հայտնած այն տեղեկությամբ, որ «Շուշին հանձնվել է Փաշինյանի ուղիղ հրամանով», և որ «Արայիկ Հարությունյանն այդ մասին ուղիղ չի ասում: Վախենում է ու չի ասում»:

«Ես վստահ եմ, որ կա այդ խոսակցության ձայնագրությունը»,- ասել է Գաբրիելյանովը:

ՀՀ համապատասխան իրավապահ մարմիններից ու նրանց ղեկավարներից պահանջում եմ սույն հաղորդմամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին և այլոց ներկայացվող մեղադրանքները գնահատել մինչ այժմ հրապարակված ու հրապարակվելիք փաստերի համակցությամբ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական օրենսգրքերից բխող համապատասխան միջոցներ չձեռնարկելու պարագայում կրելու են անձնական պատասխանատվություն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժական չէ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան