Ռուս սակրավորներն ավարտում են Ստեփանակերտի հյուսիսային ծայրամասերի ականազերծումը

Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ավարտում են Ստեփանակերտի հյուսիսային ծայրամասերի ականազերծումը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Ռուսաստանի ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ: Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ավարտում են Ստեփանակերտի հյուսիսային ծայրամասերի ականազերծումը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ, գործողության ընթացքում խաղաղապահները ականազերծել են ավելի քան 280 հա տեղանք, շուրջ 107 կիլոմետր ճանապարհ, 452 բնակելի տարածք, հայտնաբերել և վնասազերծել են ավելի քան 9 000 պայթուցիկ իր:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։