Փոքրիկ Նեռը Հայոց Աշխարհում

Հայրենադավ Նիկոլը… Նա Հայաստանում իշխանությունը զավթեց 2018 թվականին, շարունակեց իշխանության ուզուրպացիան (դատարանները շրջափակելը և ՍԴ-ի նկատմամբ կատարվածը դրա ամենացայտուն օրինակներից են), ժողովրդին իր դրածոների, քաղաքական թիմի, մանկլավիկների, աջակիցների հետ միասին բաժանեց նախկինների ու ներկաների, սևերի ու սպիտակների, ղարաբաղցիների և հայաստանցիների, պառակտեց նրան, ժողովրդի տարբեր մասերին, նույնիսկ հարազատներին թշնամացրեց իրար հետ, թուլացրեց ժողովրդին ու պետությունը:

Հայոց պատմության ընթացքում աննախադեպ բան տեղի ունեցավ. փոքրիկ Նեռը ժողովրդին այն աստիճան բաժանեց երկու մասի, որ ժողովուրդը նույնիսկ իր նորօրյա նահատակների պանթեոն` Եռաբլուր, երկու մասի բաժանված գնաց հարգանքի տուրք մատուցելու: Նիկոլին չընդունողները. նրա հրաժարականը պահանջողները, նրան ատողները` հիշատակի երթով դեկտեմբերի 18-ին, կողմնակիցները, հպատակները, զոմբիները և պնակալեզները` դեկտեմբերի 19-ին:

Խեղճ նահատակների ոսկորները հիմա գերեզմանում երևի շուռումուռ եկան, քանի որ նրանց հոգիները երկնքից տեսան, թե ինչ է կատարվում, ախր իրենք կռվել, իրենց կյանքը զոհաբերել են հայրենիքի փրկության համար, մինչդեռ այս բաժանությամբ իսկ հայրենիքի հետագա գոյությունը վտանգված է: Հարկ է նկատի ունենալ, որ ազգադավ Նիկոլը ոչ միայն հակադիր կողմնորոշում ունեցող քաղաքական ինչ-որ խմբերի, այլև ժողովրդի երկու մասի միջև է թշնամություն առաջացրել, ինչն արդեն լրջագույն սպառնալիք է Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության նկատմամբ:

Հայրենադավ Նիկոլը… Նա այս և ոչ միայն այս կերպ նախապատրաստած և պատերազմի ընթացքում հընթացս իրականացրած պետական դավաճանությամբ Արցախի Հանրապետության տարածքի 73 տոկոսը հանձնեց թշնամուն, պատճառն ու մեղավորը դարձավ բազմահազար զոհերի, անհետ կորածների, հաշմվածների ու վիրավորների, գերիվարվածների, ահռելի ռազմատեխնիկական, նյութական կորուստների, տնտեսական, բարոյահոգեբանական, քաղաքական վնասների…

Հայրենադավ Նիկոլը… Նա այնուհետև, իրեն բնորոշ դավադրությամբ, իր մանկլավիկների հետ միասին Ադրբեջանին հանձնեց Արցախի Հադրութի շրջանի գյուղերից երկուսը` Հին Թաղերն ու Խծաբերդը, հարավային ուղղության ռազմավարական նշանակություն ունեցող Դիզափայտ լեռը: Նույն բախտին էին արժանանալու նաև Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերը, ինչը, բարեբախտաբար, կանխվեց, սակայն Մեծ Շենը երեկվա դրությամբ արդեն հայաթափվել է, գյուղի 114 բնակչից մնացել են միայն գյուդապօետ Դավիթ Դավթյանն ու նրա կինը:

Հայրենադավ Նիկոլը… Նա այնուհետև անցավ Սյունիքին: Այնտեղ Ադրբեջանին հանձնեց մեր  ռազմավարական նշանակության մարտական դիրքերը, Գորիս-Կապան ճանապարհի մի մեծ հատված ծախեց կամ նվիրեց, համենայն դեպս, դավաճանաբար հանձնեց մեր թշնամուն, նրա վերահսկողությանը: ԶԼՄ-ներում զգուշացում կա նաև առաջիկայում Տավուշի գյուղերից չորսը մեր թշնամուն հանձնելու մասին:

Հայրենադավ Նիկոլը… Նա Հայաստանի առաջին ղեկավարն է, որը սպառնաց հայ հոգևորականների մի մասին ծնկի բերել բառի բուն և փոխաբերական իմաստներով, պատերազմից առաջ և պատերազմից հետո, իր մակլավիկների հետ միասին, հայ հոգևորականների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և քրիստոնեության նկատմամբ նախաձեռնեց, իրականացրեց ու շարունակում է իրականացնել մի յուրօրինակ արշավ:

Հայրենադավ Նիկոլը… Նա Հայաստանի Հանրապետության առաջին ղեկավարն է, որն արժանացավ հայ հոգևորականի նզովքին, որքան հիշում եմ, նույնիսկ խորհրդային տարիներին ՀԽՍՀ ղեկավարներից որևէ մեկին հայ հոգևորականը չի նզովել, մինչխորհրդային շրջանում էլ Հայաստանի որևէ ղեկավարի ուղղված հայ հոգևորականի նզովք ինձ հայտնի չէ:

Հայրենադավ Նիկոլը… Նա Հայաստանի առաջին ղեկավարն է, որի հրաժարականը պահանջել կամ որին հորդորել են հրաժարական տալ մեր երկու կաթողիկոսները:

Հայրենադավ Նիկոլը… Նա Հայաստանի առաջին ղեկավարն է, որն իրեն քննադատողների, այլախոհների, ընդդիմության հանդեպ սոցիալական ցանցերում գրեթե օրնիբուն հայհոյանքներ, զրպարտություններ, սպառնալիքներ գրող ոհմակի, իր մանկլավիկների հետ միասին իր իսկ ղեկավարած երկրում քաղաքացիական պատերազմի նախադրյալներ է ստեղծել:

Հայրենադավ Նիկոլը… Վերը շարադրվածը դեռ սոսկ մի մասն է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող պետական դավաճանին ու փոքրիկ նեռին` հակաքրիստոսին բնորոշելու, ներկայացնելու համար: Այո՛, հակաքրիստոսին:

Ինչպես հայտնի է, Նեռը սուտ Քրիստոսն է, որը, ըստ քրիստոնեական հավատալիքների, աշխարի վերջում պետք է հանդես գա որպես Քրիստոսի հակառակորդ, «նեռ» բառի հոմանիշներից են հակաքրիստոսը, սուտքրիստոսը, սուտ միսիան, արյունաբուն, չարը, «նեռ» ասելով հասկանում ենք չարագործ, սատանայական մեկը:

Նիկոլն օրերս Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի մտնելիս չխաչակնքեց, իսկ դուրս գալիս խաչակնքեց մասոնական-սատանիստական «Բաֆոմետի ժեստով» (Բաֆոմետի պատկերը համարվում է սատանիզմի խորհրդանիշներից մեկը)։

«Դե, նիկոլի վկաներ, կբացատրե՞ք, թե ինչու է այս դևը եկեղեցում խաչակնքում մասոնական-սատանիստական «Բաֆոմետի ժեստով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է  «Ֆեյսբուք»-ի օգտատերերից Սոֆյա Հովհաննիսյանը:- Կփորձեք արդարացնել ու համոզել, թե ՀՀ 45-ամյա վարչապետը, իբր հայն ու իբր քրիստոնյան չգիտի՞, թե ինչպես են խաչակնքում Հայ Առաքելական Եկեղեցում։ Հրեշին արդարացնողը կա՛մ դավաճան է, կա՛մ տխմար։ Այս ո՛ւմ ձեռքում է մեր Հայրենիքը։ Մեր Տեր Հիսուսը մեզ պահապան…»:

Ավելին. ինչպես հայտնի է, Նիկոլը հիշյալ եկեղեցի մտնելուց հետո խոնհարվելու, քահանայի աջը համբուրելու փոխարեն, փորձել է ձեռքով բարևել նրան, սակայն եկեղեցու քահանան` տեր Պարգև Զեյնալյանը չի բարևել, ինչպես չէր սեղմի Սատանայի` իրեն մեկնած ձեռքը, կմերժեր նրա բարևն ընդունել, ի պատասխան Նիկոլի մեկնած ձեռքի, նրա ձեռքն օդում է թողել, իր ձեռքով եկեղեցու դուռն է ցույց տվել, և ասել` «Սպասիր Աստծո դատաստանին»:

«Քանի որ փաշինյան նիկոլը այլևս լուրջ սպառնալիք է մեր հայրենիքի ու ազգի, Հայ Առաքելական եկեղեցու գոյության համար, ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՆ ԴԻՄԵԼ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՆԶՈՎԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է  պատմական գիտությունների թեկնածու Կարինե Եսայանը:

Թերևս սա կամ առաջիկա ամանորյա ուղերձում կաթողիկոսի ասելիքը կանխելու, իրեն չհպատակվելու, իր առջև չստորանալու, իրեն հրաժարական տալ հորդորելու և, ընդհանրապես, 2018-ից ի վեր Եկեղեցու պահվածքի համար, ըստ Blognews.am-ի հրապարակման , իշխանությունը հարձակում է պատրաստում եկեղեցու դեմ: Չէ՞ որ խոսքը ոչ միայն պետական դավաճան, ազգադավ Նիկոլ Փաշինյանի, այլև փոքրիկ Նեռի` հակաքրիստոսի մասին է:

Արթուր Հովհաննիսյան