Տղերք ջան, երեխեք ջան, կներեք մեզ, բայց երբեք չներեք ձեզ դավաճանածներին․․․

ԱՂՈԹՔ, ԽՈՍՏՈՒՄ ու ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Երթի ընթացում հնչեցին մեծ դավաճանության նահատակների անունները: Ամբողջ ներաշխարհս կրկին տակնուվրա եղավ… Սատանաները ուզում էին, որ այդ նահատակները մնան միայն որպես թիվ` 5000, լոկ վիճակագրություն, որը շատ կրկնելուց սովորում ես… Աստված թույլ չտվեց… Նրանք անուն ունեն, նրանք դեմք ունեն, նրանք երազանք ունեին, նրանք կյանք ունեին, նրանք սիրտ ու սեր ունեին: Նրանք արժանապատվություն ունեին: Նրանց զոհողությունը չի լինելու անիմաստ: Նրանց կյանքն իր երկարության մեջ կարճ էր, բայց լայնության մեջ այնքան երկար, այնքան խորը ու այնքան իմաստալից: Հիշատակն արդարոց, օրհնությամբ եղիցի…

Ուզում եմ մի խոստովանություն անել: Այս ժամանակի ընթացքում ես իրոք հոգնել ու մաշվել եմ ստի, չարիքի ու կեղծիքի դեմ պայքարելուց: Ես հոգնել եմ ատելուց: Հայ մարդուն ատելուց: Ափսոսել եմ, որ դավաճանը ինձ ատել սովորեցրեց: Այս արհավիրքից հետո ամեն ինչ է վերաիմաստավորվել իմ կյանքում: Ատելությունը ևս: Կյանքիս հետագա իմաստը ևս:

Ես ատելու եմ միայն հայրենիքի դավաճաններին ու նրան սատարողներին: Ու դա անելու եմ գիտակցված, հետևողական ու սրբազան պայքարի ճանապարհով: Ես ավելի եմ սիրելու էս մի բուռ հողը ու ամեն ինչ անելու եմ կորցրածը հետ բերելու համար: Ես այդպես եմ ընկալում Եռաբլուրում թաղված, կյանքը հայրենիքին տված տղերքի պատգամը:

Հոմերոսն ասում էր, Աստված միշտ գտնում է մեղավորին: Միշտ: Իրական մեղավորին: Իրական կյանքում:

Եռաբլուրը վիրտուալ չի: Իրական է:

Դավաճանությունը վիրտուալ չի, իրական է:

Զոհերը, վիրավորները, անհետ կորածներն ու գերիները վիրտուալ չեն, իրական են:

Մաս մաս արվող Արցախն ու Հայաստանը վիրտուալ չեն, իրական են:

Լրտեսներն ու գործակալները վիրտուալ չեն, իրական են:

Դավաճանը անուն ունի: Ցեղ ունի:

Տղերք ջան, երեխեք ջան, կներեք մեզ, բայց երբեք չներեք ձեզ դավաճանածներին:

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։