Նիկոլ Փաշինյանի՝ զինվորներին սպասելու և «վնգստացողների» հարցը լուծելու գրառման առնչությամբ քրեական գործի հարուցումը մերժվել է. ըստ ՀՔԾ-ի՝ հանցադեպ չկա

Նիկոլ Փաշինյանի՝ զինվորներին սպասելու և «վնգստացողների» հարցը լուծելու գրառման առնչությամբ քրեական գործի հարուցումը մերժվել է:

Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից:

«Վարչապետի ֆեյսբուքյան գրառման և դրա վերաբերյալ Լարիսա Ալավերդյանի, Արման Աբովյանի և Արթուր Ղազինյանի հաղորդումների առթիվ ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով»,-հայտնեցին ՀՔԾ-ից:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հետևյալ գրառումներ էր արել. «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք, դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։

Գրառումը մամուլում և սոցիալական ցանցերում մեկնաբանվեց որպես քաղաքացիական պատերազմ հրահրելու կոչ: