Անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են որոնողական աշխատանքներ իրականացնել Զանգելանում

Էջմիածնի զորամասի դիմաց անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները դեկտեմբերի 1-ին բողոքի ակցիա են անցկացրել`պահանջելով իշխանությունից որոնողական աշխատանքներ իրականացնել Զանգելանի հատվածում:

Նրանց խոսքով՝ 30 զինծառայողների մասին մինչ օրս տեղեկութուն չկա, նրանք մարտական գործողություններ են իրականացրել Զանգելանի շրջանում:

Ծնողները անհասկանալի են համարում, թե ինչու մինչ այժմ  այդ հատվածում որոնողական աշխատանքներ չի իրականացվել և ինչու է այսքան ձգձգվում գործընթացը:

Զինծառայողի մայրը նշեց, որ դիմել են տարբեր մարմինների, բայց տեղեկություն չեն տրամադրել. «Ամեն տեղ գնացել ենք, տեղ չկա, որ չգնանք, մեր պետությունից մեր երեխաներին ենք պահանջում, ես չեմ իմանում իմ թոռներին, երեք անչափահաս երեխային և իմ հարսին ի՞նչ պատասխան տամ, խնդրում և պահանջում ենք՝ տվեք մեր երեխաներին, ողջ ոնց տարել եք, այդպես էլ հետ վերադարձրեք»:

Էջմիածնի զորամասի շտաբի պետ Կամո  Մալխասյանը մոտեցավ ծնողներին և վստահեցրեց բողոքի ակցիա իրականացողներին, որ այսօր կամ վաղը աշխատանքները իրականացվելու են:

«Այս պահին ինչ-որ մեզանից հասնում է, ամեն ինչ արել ենք: Բոլոր տեղեկությունները ներկայացրել ենք հանձնաժողովի նախագահին: Այս պահին նախարարից տեղեկություն կա, որ այսօր կամ վաղը աշխատանքներ իրականացվելու է Զանգելանի հատվածում: Աշխատելու է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Պաշտպանության նախարարության հետ»,- ասաց Մալխասյանը: