Խմբագիրներն այցելել են հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանին. Tert.am (տեսանյութ)

Մեզ համար սպասելի էր, որ մեր նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանը չի մոտենալու Գեղամ Մանուկյանին, և ինչպես Գեղամն է ասել՝ չի էլ սպասում, որովհետև, իմ կարծիքով՝ հիմա անիշխանություն է, և պետք է մոռանալ, որ որևէ մեկն այդ պաշտոնն է զբաղեցնում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:

Նշենք, որ խմբագիրներն այցելել են հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանին:

Սաթիկ Սեյրանյանը նշեց, որ առաջին հերթին եկել էին որպես գործընկեր հանդիպելու Գեղամ Մանուկյանին, սակայն մոտեցել են նաև Կիմ Բալայանին, որպեսզի խոսեն հացադուլը դադարեցնելու մասին՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը, սակայն Բալայանը հավատարիմ է մնում իր սկզբունքներին:

2008 թ. զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ արդեն 4-րդ օրն է, որ հացադուլ է անում, իր ակնկալիքների մասով որոշակի քայլեր ՌԴ-ից է տեսնում:

«Անհետ կորած զինծառայողների  ծնողներին Կառավարությունը հետ ուղարկեց՝ մինչև ամսի 30-ը ժամկետ խնդրելով: Չգիտեմ, թե որքանով է սա հավաստի, բայց ես ավելի շատ հույսս դնում եմ ՌԴ-ի վրա և հույս ունեմ, որ նրանք որոնողական աշխատանքներ կկատարեն ու այդ երեխաներին տուն կբերեն»,-ասաց նա: