«Պատասխանատվություն ենք ստանձնում և կօգնենք լուծել ճգնաժամը». Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Մոսկվա

Իրանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման նոր նախաձեռնությամբ, որտեղ գլխավոր դերը հատկացված է տարածաշրջանի երկրներին: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին՝ Մոսկվա ժամանելուց հետո, գրել է ՏԱՍՍ գործակալությունը:

«Պատասխանատվություն ենք ստանձնում և կօգնենք լուծել ճգնաժամը»,- դիվանագետի խոսքերը մեջբերում է ՌԴ-ում Իրանի դեսպանության թելեգրամյան  ալիքը:

«Մենք  տարածաշրջանային մոտեցում ենք առաջարկել այն երկրներին, որոնց հիմնական դերն այս ճգնաժամի լուծումն է, և Ռուսաստանը կարևորագույն երկրներից է տարածաշրջանում»,- ասել է Արաքչին:

Իրանի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցույց է տվել իր անարդյունավետությունը ԼՂ խնդրի լուծման հարցում:

Հայտնի է, որ նախքան Մոսկվա ժամանելն Արաքչին եղել է Բաքվում: Նախատեսվում է, որ պաշտոնյան կայցելի Երևան և Անկարա: