ԵՄ դեսպանն ասաց՝ Եվրոպայում բոլորը գիտեն, որ պատերազմը Թուրքիայի ձեռամբ սկսել է Ադրբեջանը. դեսպանի հետ հանդիպման մասնակից

ՀՀ-ում ԵՄ դեսպանի ընդունելությունը բավականին բարձր մակարդակի էր, պատասխանները բավականին հստակ էին՝ չնայած որոշակի բախումներ եղան ոչ ճիշտ ձևակերպումների հետ կապված: Այս մասին ԵՄ դեսպանատանը ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ Արցախի ճանաչման պահանջով ակցիայի մասնակիցներից երեքի հետ հանդիպումից հետո ասաց նրանցից մեկը:

«ԵՄ դեսպանն ասաց՝ համակրանքը մեր ազգի նկատմամբ է, Եվրոպայում բոլորը գիտեն, որ պատերազմը Թուրքիայի ձեռամբ սկսել է Ադրբեջանը: Այն հարցին, թե եթե գիտեն, ինչո՞ւ են առաջին ելույթում հայկական կողմին որակել ագրեսոր և միայն ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունից հետո մեղմել են հաջորդ հայտարարության տեքստը, դեսպանը մի քիչ կարկամեց, բայց ասաց, թե ԵՄ որոշումները միակողմանի չեն ընդունվում: Վերջնական գնահատականը հնչեցնում են 20 և ավելի երկրներ, իսկ ՀՀ-ում ԵՄ դեսպանատնից միայն կախված է այս պահին Բրյուսել ներկայացնել տրամադրած փաստերը և հուսալ, որ ԵՄ երկրները կհնչեցնեն արդարացի գնահատական»,- դեսպանի պատասխանը ներկայացրեց հանդիպման մասնակիցը:

Հանդիպման մասնակիցները դեսպանին հիշեցրել են, որ որ այսօր բոլոր եվրոպական կառույցները նույն լռության քաղաքականությունն են վարում, ինչ 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ: «2016-ին մեր գերիների նկատմամբ խոշտանգումների, դիակների նկատմամբ անարգանքի մասին փաստերը ՀՀ և ԱՀ մարդու իրավունքի պաշտպանները ներկայացրել էին միջազգային ատյաններին, և բոլորը մնացել էին անպատասխան, այդ պատճառով Ադրբեջանի նկատմամբ որևէ պատժամիջոց չկիրառվեց»,-մանրամասնեց նա, հավելելով, որ թեև ԵՄ դեսպանին խոշտանգումների տեսանյութերը ցուցադրելու հնարավորություն չեն ունեցել, սակայն պատմել են դրանց մասին, իսկ ԵՄ դեսպանն արձագանքել է, որ ծանոթ է տիրող իրավիճակին, և իրենք ուսումնասիրում են բոլոր տեսանյութերն ու լուսանկարները:

«Դեսպանի դիրքորոշումը չափից դուրս հայանպաստ էր, դա տեսանելի էր: Նա ասաց, որ մեծագույն ցավ է ապրել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծման պատճառով»,- ասաց նա՝ նշելով, որ հանդիպման ընթացքում դարձյալ ընդգծել են, որ Արցախի հարցն ունի մեկ լուծում, և դա Արցախի ճանաչումն է:

ԵՄ դեսպանի հետ հանդիպման երեք մասնակիցներից մյուսն էլ հայտարարեց՝ դեսպանի կարեկցանքը նկատելի էր, բայց, այնուամենայնիվ, նա պնդում էր ԵՄ տեսակետը, այն է՝ միջազգայնորեն ընդունված օրենքներ. «Մասնավորապես շեշտվեց տարածքային ամբողջականության թեման, բայց մենք ավելի քան կարևոր համարեցինք ազգերի ինքնորոշման հարցը»,-ասաց նա:

Աղբյուրը՝ Թերթ.am