Թուրքիայի մասնատման և իրենց պատմական հայրենիք հայերի վերադարձի ժամանակը հեռու չէ

Համաշխարհային խոշոր իրադարձությունների արդյունքում Թուրքիան մասնատվելու է. սա օրթոդոքս եկեղեցու սրբերից ոմանց կանխատեսումն է: Երանելիներից, օրինակ, սրբակենցաղ Հովսեփ Վատոպեդացին իր մարգարեական կանխատեսումներում նշել է, որ թուրքերի կողմից Կ. Պոլիսի գրավումից 600 տարի անց հույները կվերադառնան այնտեղ, այսինքն` 2053թ. այն նորից կդառնա հունական քաղաք: Նա ասել է նաև, որ Հայաստանն իր հողերը հետ կստանա, իսկ քրդերը ձեռք կբերեն անկախություն և կստեղծեն իրենց անկախ պետականությունը: Հնարավո՞ր է արդյոք, որ սուրբ Վատոպեդացու այս կանխատեսումը դառնա իրականություն…

Ոչ միայն մի քանի տարի առաջ, այլև նույնիսկ հիմա էլ սրբի այս կանխատեսումը մեզանից թերևս շատերին կարող է թվալ ֆանտաստիկայի ժանրից, համենայն դեպս, մի բան, որը գոնե տեսանելի ապագայում իրականություն չի դառնալու: Սակայն եկեղեցու սրբերից միայն նա չէ, որ կանխատեսել է Թուրքիայի մասնատումը: Թուրքիայում քրդերի և հայերի ապստամբության, անկախություն ձեռք բերելու և Թուրքիայի մասնատման մասին մարգարեություն ունի նաև հույն ուղղափառ եկեղեցու 20-րդ դարի սրբերից Պաիսիոս Աթոսացին, որի մարգարեության արդեն մասամբ անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկում; Սրբերը չեն ստում, հազվադեպ կարող են սխալվել, բայց որքանո՞վ է հավանական, որ Թուրքիայի ճակատագրի վերաբերյալ սխալվեն իրարից անկախ երկու սուրբ… Ավելին. իրականում նրանք երկուսը չեն, այլ սրբեր, եկեղեցու հայրեր նույնպես ունեն նմանաբնույթ կանխատեսումներ:

Ճիշտ է, Թուրքիայում քրդերի և հայերի ապստամբության հաջողությունն ինչպես երեկ, այնպես էլ այսօր կարող է գնահատվել գրեթե զրոյական, քանի որ Թուրքիան իրականում շարունակում է լինել բռնապետական երկիր, ունի ապստամբություններն արյան մեջ խեղդելու հարուստ փորձ ու դրա համար անհրաժեշտ բավարար կարողություններ:

Սակայն նույնը բնավ չի կարելի ասել այն Թուրքիայի վերաբերյալ, որը Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի արդյունքում էապես կթուլանա և կհասնի գրեթե կործանման եզրին: Դրանից հետո է, որ հայերն ու քրդերը, գուցե միասնաբար ու ներդաշնակ գործելով, իրականություն կդարձնեն Թուրքիայի կործանումը (մասնատումը), որով Թուրքիան կվերանա աշխարհի քաղաքական քարտեզից: Այն կբաժանվի հայերի, քրդերի միջև, Ստամբուլն էլ (Կ. Պոլիս) հավանաբար բաժին կհասնի հույներին, ինչպես իրենց մարգարեություններում կանխատեսել են Հովսեփ Վատոպեդացին և Պաիսիոս Աթոսացին:

Աթոսացին, ինչպես արդեն նշել ենք մեր վերոնշյալ հրապարակման մեջ, կանխատեսել է ռուս- թուրքական նոր պատերազմ և այդ պատերազմում Թուրքիայի պարտություն (ռուսները գրավելու են Թուրքիան): Ըստ նրա, Թուրքիայի դեմ այդ պատերազմին նույնիսկ չինացիներն են մասնակցելու:

Նկատի ունենանք, որ Թուրքիայի գործուն աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմն ամեն պահ կարող է վերածվել Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմի (Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դիմելով սադրանքների, քաղաքական ու քարոզչական ասպարեզներում ստի ու կեղծիքի, արդեն իսկ քայլեր է կատարել այդ պատերազմի նախապատրաստման ուղղությամբ)` դրանում Թուրքիայի և Ռուսաստանի շատ հավանական ընդգրկմամբ: Այսինքն` եթե չհաջողվի ներկայիս պատերազմը շատ մոտ ժամանակներում արգելակել, հարձակում իրականացվի ՀՀ-ի դեմ ու պատերազմը վերածվի տարածաշրջանայինի, ապա կարելի է ասել, որ Պաիսիոս Աթոսացու մարգարեությունը մոտ է իրականություն դառնալուն:

Իսկ ե՞րբ է լինելու ռուս- թուրքական նոր պատերազմն ըստ Աթոսացու: Հույն սուրբն ասել է` երբ լսեք, որ թուրքերը փակում են Եփրատ գետի ջրերը` կառուցելու համար ամբարտակ և ոռոգելու համար իրենց հողերը, այդժամ իմացեք, որ մենք մտել ենք այդ մեծ պատերազմի նախապատրաստական փուլը և այն մոտ է: Այս կապակցությամբ «Իրատես» թերթում դեռ 2015թ. «Մարգարեություն Թուրքիայի վերաբերյալ» վերտառությամբ հրապարակված հոդվածի հեղինակը` Հովհաննես Մանուկյանը, գրել է.

«Հարկ է նշել, որ Թուրքիան Եփրատ գետի վրա ամբարտակ է կառուցել դեռ 1990-ին և մեկ ամիս Եփրատ գետի ջուրը սակավ է հոսել Սիրիա, ուր սիրիացիները շատ հողեր չեն կարողացել ոռոգել: Այդ իսկ պատճառով Սիրիան նույնիսկ սպառնացել է ռմբակոծել Թուրքիան և երկար բանակցություններից հետո որոշակի քանակով Եփրատի ջրերը նորից հոսել են Սիրիա»:

Արթուր Հովհաննիսյան