Իրանն ունի հզոր ռազմական դաշնակիցներ

Մենք արդեն հայտնել ենք, որ Իրանը պատրաստվում է խոշոր փոփոխությունների իր պետական ​​սահմանների շուրջ: Սեպտեմբերի 10-ին իրանցիները սկսեցին շատ մեծ, լայնամասշտաբ զորավարժություններ՝ «Զոլֆագար-99» ծածկագրով: Զորավարժությունները տևել են ներառյալ սեպտեմբերի 13-ը՝ «Զոլֆագար» ռազմաբազայի գեներալիտետի հրամանատարությամբ «Հաթամ ալ-Անբիա» հակաօդային պաշտպանության հենակետի դիտորդների հետ: Ռազմական զորավարժությունները ընդգրկում էին 2 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք Հորմուզի նեղուցի, Մակրանի ծովափնյակի, Օմանի ծոցի և Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասի արևելյան ջրերում մինչև հյուսիսային լայնության 10 աստիճան: Իրանի ռազմաօդային ուժերի և ցամաքային զորքերի ստորաբաժանումները մշակել են տակտիկական հարձակողական և պաշտպանական ռազմավարություն՝ համաձայն երկրի օրակարգի՝ պաշտպանելու տարածքային ջրերը և ծովային ուղիները: Զորավարժությունների ընթացքում Զինված ուժերը փորձարկել են պաշտպանության տարբեր համակարգեր, այդ թվում`անօդաչու թռչող սարքեր (նաև հարվածային «Սիմորղ» ԱԹՍ), տորպեդներ, «երկիր-երկիր» և «ծովափ-ծով» թևավոր հրթիռներ, «երկիր-օդ» և «օդ-մակերես» հրթիռներ, նավերի վրա բեռնված հրթիռային կայանքներ, ռազմանավերի, սուզանավերի (ներառյալ «Ֆաթեհ» տիպի սուզանավեր), ինքնաթիռների և այլնի:

«Զոլֆագար-99» զորավարժությունների խոսնակ, կոնտր-ծովակալ Շահրամ Էրոնին հայտարարեց. ««Զոլֆագար-99» զորավարժությունների մեկնարկի մասին հայտարարությունից հետո, Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը նախազգուշացրին զորավարժության վայրի մոտ թռչող բոլոր օտարերկրյա անօդաչու թռչող սարքերին և պահանջեցին լքել «Զոլֆագար» զորավարժությունների ընդհանուր գոտի: Զորավարժությունների ընթացքում մենք ականատես եղանք ամերիկյան անօդաչու թռչող սարքերի տարբեր նպատակային գործողությունների՝ զորավարժությունների տարածքում տեղեկատվություն հավաքելու համար: Այս գործողությունները հայտնաբերվել են բանակի ազդանշանների ճանաչման համակարգերի կողմից, իսկ անօդաչու թռչող սարքերն ահազանգվել են հակաօդային պաշտպանության կողմից: Ամերիկացիները ստիպված էին լքել տարածքը՝ տեսնելով իրանական բանակի հսկողության, նույնականացման ու պաշտպանության համակարգերի պատրաստակամությունը»: Ավելին, այս զորավարժությունների ընթացքում Իրանի ռազմածովային ուժերը հայրենական արտադրության «Քադեր» թևավոր հրթիռներ են արձակել ռազմածովային թիրախների ուղղությամբ: Ըստ կոնտր-ծովակալ Էրոնիի, ափամերձ տեղերից արձակված թևավոր հրթիռները հասել են ծովային թիրախներին 200 կիլոմետր հեռավորության վրա:

Եկեք համաձայնենք. «Քադեր» հրթիռների արձակումը ԱՄՆ-ի համար դարձել է հստակ ապացույց այն բանի, որ Իրանի վրա հարձակման դեպքում նրա ռազմածովային նավերը անխնա ոչնչացվելու են: Ըստ Շահրամ Էրոնիի, Իրանի ռազմածովային ուժերի թևավոր հրթիռներն ունեն մեծ պայթուցիկ հզորությամբ արդյունավետ մարտագլխիկներ, որոնք կարող են օգտագործվել էլեկտրոնային պատերազմների համար: Նա նաև նշել է, որ իրանական ՌԾՈՒ-ն «ծովափ-ծով» հրթիռային համակարգեր է տեղակայել հարավային ամբողջ ափամերձ գծի երկայնքով, հաղորդում է Mehr News գործակալությունը: Իսկ ահա, ի դեպ, այն տեղեկությունները, որոնք հաստատում են, թե Իրանի արտաքին սահմաններին տասը հատուկ ռազմաբազաների տեղակայման մասին հայտարարությունները դատարկ խոսքեր չեն: «Զոլֆագար -99» զորավարժությունների ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը, իրենց հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Պակպուրի հրամանատարությամբ, «ոչնչացրին հակահեղափոխական ահաբեկչական խմբավորումների բազաները, մի շարք լայնածավալ, բազմաբնույթ ռազմական գործողությունների ընթացքում՝ երկրի հյուսիսարևմտյան սահմանների երկայնքով»: Տասնյակ ահաբեկիչներ սպանվել և գերի են ընկել: Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ Իրանի հյուսիսարևմտյան սահմանները ներառում են Իրանի սահմանները Թուրքիայի, Նախիջևանի, Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի հետ: Թող ընթերցողներն իրենք եզրակացություններ անեն… Իսկ մենք կհաստատենք մեր ավելի վաղ արած ենթադրությունը. Իրանը Թուրքիայի հետ սահմանը չի համարում անվտանգ և հանգիստ:

Եզրափակիչ տեղեկատվությունը չափազանց հետաքրքիր է, բայց մենք կարծում ենք, որ պետք է վերադառնանք այս թեմային նաև ավելի ուշ: Փաստն այն է, որ Չինաստանի համապատասխան պետական ​​մարմինները սեպտեմբերի 11-ին հայտարարեցին, որ Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի զինված ուժերը կմասնակցեն «Կովկաս-2020» ծածկագրով համատեղ զորավարժություններին, որը նախատեսված է սեպտեմբերի 21-26-ը:

Չինաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ զորավարժություններին կմասնակցեն նաև Հայաստանից, Բելառուսից, Մյանմարից և Պակիստանից զորքեր՝ ավելացնելով, որ «զորավարժությունները կենտրոնանալու են պաշտպանական մարտավարության, շրջապատման, հրամանատարության և ռազմաճակատի վերահսկողության վրա»: Ինչպես տեսնում են ընթերցողները, մենք ճիշտ էինք նաև այն մեր պնդման մեջ, որում մենք առաջարկել էինք համագործակցությունը և փոխգործակցությունը Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի միջև ընկալել որպես Եվրասիայի ռազմավարական «Մեծ Երրորդության» ձևավորման վկայություն: Եվս մեկ անգամ հիշեցնենք՝ Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել «Կովկաս-2020» զորավարժություններին…

Սերգեյ Շաքարյանց