Ռեժիմը դարձել է Մակոնդոյի անձրևը՝ անընդհատ, անիմաստ ու զզվեցնող

Ռեժիմը դարձել է Մակոնդոյի անձրևը՝ անընդհատ, անիմաստ ու զզվեցնող։ Մարդիկ հոգնել են ռեժիմի ստերից, մարդիկ հոգնել են դիմակներից, հոգնել են ռեժիմի թալանից, հոգնել են լակոտությունից, ընդդիմության հոխորտանքներից ու նոստալգիայից։ Թվում է, թե անձրևի նման այն անսկիզբ է:

Իրենց գյուղաքաղաքի գետակի դիմացի ափը որպես արևմուտք ընկալող, արժեքը միայն դոլարային էկվիվալենտով հաշվող տղաներ սրան գումարում են մի քիչ պոռնո ու մի քիչ հաշիշ, և այս փաթեթը ծախում են մեր վրա՝ որպես արևմտյան արժեքներ, մարդու իրավունքներ և պետական շահ։ Ու մոլեռանդորեն արժեզրկում են հաղթանակները, ու սրանից բխեցնում են ինչ-որ պրիմիտիվ ու հոգնեցնող ռուսամոլություն և ռուսաֆոբիա։

Սահմանադրության ոտնահարումները դարձել են առօրյա գործ, մարդիկ դադարել են հավատալ օրենքների: Իսկ հոգնած ոստիկաններն իրենք իրենցից զզված շարունակում են մարդկանց ասֆալտին պառկեցնել։

Խոսքերը դադարել են իմաստ կրել, սուտը արդեն ճշմարտությունը թաքցնելու համար էլ չէ, այլ ինքնանպատակ։ Կոռուպցիան էլ պետական հանցագործություն չէ, այլ ակնհայտ ջեբկիրություն, և իշխանավորները չեն էլ թաքցնում, որ եկել են հարստանալու ու թալանելու համար։

Բողոքի հանրահավաքները քիչ մարդ են հավաքում, բայց Նիկոլն էլ մեծ հանրահավաք չի կարողանա հավաքել։ Մարդիկ զզված են իրենք իրենցից, որ ժամանակին վախեցել են կամ ալարել, ու դեմ չեն գնացել, կամ էլ զզվում են, որ հավատացել են անհայտ փողոցայիններին։

Երևի Նիկոլի grand strategy-ն հենց դրա մասին էր․ գողանալ մարդկանց երազները և նրանց թաղել գաղջի մեջ այնպես, որ չցանկանան ցանկություններ ունենալ։ Երևի հույսն էլ այն է, որ մեր Մակոնդոյի անձրևն այնքան կձանձրացնի, որ մարդիկ կհոգնեն Արցախից, ու ինքը կտա երեք ժողովուրդներին բավարարող լուծումը։

Գաղջից փրկության համար միայն գաղափարները արդեն բավարար չեն․ մոդուսի փոփոխություն է պետք, ոճ է պետք փոխել։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Ռեժիմը դարձել է Մակոնդոյի անձրեւը․ անընդհատ, անիմաստ ու զզվեցնող։ Մարդիկ հոգնել են ռեժիմի ստերից, մարդիկ հոգնել են…

Опубликовано Aghasi Yenokyan Четверг, 10 сентября 2020 г.