«Հայփոստը» դուստր կազմակերպություն կբացի Չինաստանում. ԲՏԱ հաշվետվություն

ՀՀ ԲՏԱ նախարարությունը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է 2020 թ. առաջին կիսամյակում կապի, հեռահաղորդակցության և փոստային ոլորտում արված աշխատանքները:

«COVID-19 համավարակի ընթացքում անցկացվել են մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ, ապրիլի 24-ին՝ հիշատակի և խոնարհումի համահայկական արարողության ընթացքում, կարճ հաղորդագրությունների միջոցով կազմակերպվել է հայրենակիցների անուն ազգանունների ստացման և վերամշակման գործընթացը:

– ՀՀ ԲՏԱ նախարարությունը մասնակցել է «Տեսալսողական մեդիային մասին» ՀՀ օրենքի մշակման աշխատանքներին, ինչը հիմքեր է ստեղծել մեդիա ոլորտի կանոնակարգման և մոնիտորինգի համար (իրականացումը ՀՌԱՀ կողմից):

– Իրականացվել է «էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու գործընթացը, որի ընթացքում կազմակերպվել է քննարկում ՀՀ շահագրգիռ մարմինների և «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի հետ:

– ԵՄ ԱլԳ երկրների հեռահաղորդակցության կարգավորողների ցանցում (EaPeReg) գործող ռոումինգի հարցերով աշխատանքային խմբի (REWG) շրջանակում միջազգային ռոումինգի ոլորտում ուսումնասիրություն և վերլուծություն իրականացնող Ernst&Young (EY) ընկերության խորհրդատվական խմբի կողմից մշակվել և հայկական կողմին է ներկայացվել Արևելյան գործընկերության երկրներում հանրային շարժական կապի ցանցերում միջազգային ռոումինգ ծառայությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրիե նախագիծը և առդիր նյութերը:

Ներկայումս նշված նախագիծը քննարկվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համատեղ:

– Մեկնարկել են Գյումրու՝ 180 մ բարձրությամբ հեռուստաաշտարակի կոռոզիոն շերտի վերացման և ներկման աշխատանքները: Նման աշխատանքներ չեն իրականացվել վերջին 20 տարիների ընթացքում:

«Հայփոստ» ՓԲԸ

– Մշակման փուլում է «Հայփոստ» ՓԲԸ-ի զարգացման նոր ռազմավարությունը:

– ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ «Հայփոստ» ՓԲԸ-ն մշակել է կենսաթոշակների փոստային անկանխիկ վճարումների համակարգը․ գործարկվել է էլեկտրոնային սարքերի միջոցով կենսաթոշակների վճարման պիլոտային ծրագիրը: Այս գործընթացը փոստային ծառայությունների թվայնացման գլոբալ ծրագրի մասն է կազմում:

– Ներդրվել է «Հիբրիդային փոստի» ծառայությունը, ինչն էականորեն նվազեցնում է պետության ռեսուրսների ծախսը:

Ծառայության մեկնարկը տրվել է ԴԱՀԿ-ի հետ համատեղ:

– Վերաբացվել է ԱՄՆ-ի Դելավեր նահանգում գործող «Հայփոստի» դուստր կազմակերպությունը, ինչը կխթանի առևտրաշրջանառությունն ԱՄՆ-ի հետ:

– «Հայփոստ» ընկերությունը պատրաստվում է դուստր կազմակերպություն բացել Չինաստանում:

– Ընթացքի մեջ են Ռուսաստանի Դաշնության փոստային ծառայության հետ երկկողմանի բանակցությունները, որոնց արդյունքում զարգանալու են բազմաթիվ նոր փոստային լոգիստիկ ծառայություններ, այդ թվում՝ ներքին գների հիման վրա Հայաստան-Ռուսաստան միջանցքով փոստային փոխանակումների իրականացումը, ինչն էականորեն կխթանի Հայաստանից Ռուսաստան ծանրոցների, փաթեթների և փոքր բեռների առաքումը:

– Օգոստոսի 12-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղում կայացավ «Հայփոստ» ընկերության կոնցեպտուալ նոր տիպի բաժանմունքի բացումն ու գործարկումը: «Գյուղում՝ ինչպես քաղաքում» կարգախոսի ներքո մեկնարկած «Հայփոստի» զարգացման նոր ընդգրկուն ծրագրի շրջանակներում նախատեսվում է սահմանային համայնքներում փոստային ենթակառուցվածքի արդիականացման միջոցով հասանելի դարձնել պետական, ֆինանսական, դրամահաշվարկային մի շարք ծառայություններ:

– Բարձրացվել են Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորի շուրջ 1300 աշխատակցի աշխատավարձերը՝ միջինում 20-25%-ի չափով:

– Ռուսաստանի Դաշնության փոստային ծառայության հետ համատեղ արդեն գործում է «PosTransfer» դրամական փոխանցումների նոր համակարգը, որն առաջինն է տարածաշրջանում: Համակարգը հնարավորություն է ստեղծում Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ դրամական փոխանցումներ կատարել Հայաստանի և Ռուսաստանի բոլոր բաժանմունքներում ընդամենը 1,2% միջնորդավճարով:

Հայաստանում դրամական փոխանցումները սպասարկվելու են ավելի քան 800 փոստային բաժանմունքներում, իսկ ՌԴ-ում՝ ավելի քան 30 000 սպասարկման կետերում, ինչը նշանակում է, որ այսուհետ «Հայփոստի» միջոցով դրամական փոխանցումները հասանելի կլինեն ցանկացած՝ նույնիսկ ամենահեռավոր համայնքում»,- նշվում է հաղորդագրության մեջ: