Մոսկվայում կորոնավիրուսի դեմ պատվաստումները կսկսվեն սեպտեմբերի 5-ից

Գամալեյայի անվան ինստիտուտի կողմից մշակված պատվաստանյութի հետագրանցումային ուսումնասիրությունների շրջանակներում կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը Մոսկվայում կմեկնարկի սեպտեմբերի 5-ից: Այս մասին սեպտեմբերի 1-ին հայտարարել է ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Փաստն այն է, որ կամավորները սեպտեմբերի 3-ից 5-ը պետք է զննում անցնեն, նրանք պետք է անցնեն լաբորատոր անհրաժեշտ հետազոտությունները: Այնպես որ, ամենայն հավանականությամբ, չնայած պատվաստանյութը կառաքվի, պատվաստումը կսկսվի միայն սեպտեմբերի 5-ին», – նրա խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը:

Դեղամիջոցը մայրաքաղաքի կլինիկաներ և հիվանդանոցներ կմատակարարվի մինչև աշխատանքային շաբաթվա վերջ, հավելել է նա:

Անցած շաբաթ Գինցբուրգը կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի հետազոտության երրորդ՝ հետգրանցման փուլը համեմատել է զանգվածային պատվաստումների հետ, քանի որ դրան կմասնակցեն տասնյակ հազարավոր մարդիկ:

Ինչպես օգոստոսի 26-ին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել կորոնավիրուսի պատվաստանյութի ուսումնասիրության երրորդ փուլին: Դրա համար անհրաժեշտ է մասնակցության հայտ թողնել մայրաքաղաքի պաշտոնական կայքում: Բժիշկները կուսումնասիրեն դիմումների բոլոր հայտերը, բժշկական ցուցանիշները և կընտրեն 40 հազար մարդու: Փորձարկման ժամանակահատվածը վեց ամիս է:

Օգոստոսի 11-ին Ռուսաստանը գրանցեց կորոնավիրուսային վարակի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը կոչվում է «Սպուտնիկ V»: Դեղամիջոցը մշակվել է Գամալեյա կենտրոնի կողմից: Առողջապահության նախարարությունը հայտարարեց դրա արտադրության մեկնարկի մասին: