Էրդողանի հրամանով Ստամբուլում ևս մեկ բյուզանդական եկեղեցի կվերաբացվի որպես մզկիթ

Ստամբուլի Սբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մեկ բյուզանդական պատմական տաճար մզկիթի վերածելու հրաման է ստորագրել։

Քարիե անունով հայտնի և 1945-ից թանգարանի կարգավիճակ ունեցող Խորի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին վերանորոգման աշխատանքների ավարտից հետո կվերաբացվի որպես մզկիթ։ Այս մասին Էրդողանի հրամանը հրապարակվել է կառավարության պաշտոնաթերթում։

Հրամանագրում նշված է, որ ելնելով նրանից, որ Թուրքիայի պետխորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) անվավեր է ճանաչել 1945 թվականին նախարարների խորհրդի կողմից Քարիե մզկիթը թանգարանի վերածելու որոշումը՝ Քարիե մզկիթը Կրոնական գործերի վարչությանը հանձնելու և որպես մզկիթ բացելու որոշում է ընդունվել։

Նշենք, որ Խորի Սբ Ամենափրկիչը մեկն է այն բյուզանդական տաճարներից, որոնք Կոստանդնուպոլսի գրավումից (1453թ․) հետո օսմանյան թուրքերը վերածեցին մզկիթի։

6-րդ դարում կառուցված, ապա մի քանի անգամ վերակառուցված Խորի վանքը 1511-ին Բայազիդ 2-րդ սուլթանի մեծ վեզիր Աթիք Ալի փաշայի կողմից վերածվել է մզկիթի ու սկսել անվանվել Ալի փաշայի մզկիթ կամ Քարիե մզկիթ։

1945 թվականին Թուրքիայի Հանրապետության կառավարության որոշմամբ Քարիյե մզկիթը վերանորոգումից հետո բացվել էր որպես թանգարան։ Գրել է Ermenihaber.am-ը: