Պուտինը Մերկելի հետ հեռախոսազրույցում շեշտել է Բելառուսի գործերին ցանկացած միջամտության անընդունելիությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ շեշտել է Բելառուսի գործերին ցանկացած միջամտության անընդունելիության մասին: Այս մասին գրում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ռուսական կողմը ընդգծել է հանրապետության ներքին գործերին միջամտելու որևէ արտաքին փորձի անընդունելիությունը, ինչը հանգեցնում է ճգնաժամի հետագա սրացման»,- ասվում է հայտարարության մեջ:

Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվեցին նախագահական ընտրություններ: Հանրապետությունում ընտրատեղամասերի փակվելուց հետո սկսվեցին զանգվածային բողոքի ակցիաներ արդյունքների կեղծման դեմ: Բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանությունը և ներքին զորքերը ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ, խլացուցիչ նռնակներ և ռետինե փամփուշտներ: Ավելի ուշ գործադուլ սկսվեց երկրի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններում, աշխատակիցները պահանջում են նոր ընտրություններ և դադարեցնել ցույցերի ընթացքում ցուցարարների նկատմամբ կոշտ վերաբերմունքը:

Օգոստոսի 17-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի ղեկավարի համար արտահերթ ընտրություններ տեղի կունենան երկրի նոր սահմանադրության ընդունումից հետո: