Երեխայի ծննդյան վկայականում կնշվի նաև հանրային ծառայությունների համարանիշը
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով սահմանվում է, որ երեխայի ծննդյան վկայականում նշվի նաև հանրային ծառայության համարանիշի վերաբերյալ տեղեկատվություն: «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:
Նախագծերով սահմանվում է, որ երեխայի ծննդյան վկայականում, ի թիվս այլ տեղեկությունների, նշվի նաև հանրային ծառայության համարանիշի վերաբերյալ տեղեկատվություն՝ ծնողների փոխադարձ համաձայնությամբ: «Մեր գերնպատակն է՝ հանրային ծառայությունները անհնարին թվալու աստիճան պարզեցնել, հնարավորություն տալ քաղաքացիներին ավելի հեշտ օգտվել դրանցից, այդ ծառայությունները մատուցել մեկ կետից: Սա այդ ճանապարհին մեկ քայլ է: Հաջորդիվ կներկայացվի համակարգային փոփոխությունների փաթեթ»,-ասաց Դանիելյանը:
Երեխայի ծնունդը գրանցում է Արդարադատության նախարարությունը, երեխայի ծննդյան միանվագ վճարը տալիս է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և պահանջում է նաև երեխայի հանրային ծառայությունների համարանիշ: Եվ դա քաղաքացին ստիպված պետք է ձեռք բերի Ոստիկանության բնակչության պետական ռեգիստրից: Այս փոփոխությամբ այդ մեկ քայլը կրճատվում է, այլևս անհրաժեշտ չի լինի Ոստիկանության պետական ռեգիստր այցելել՝ ՀԾՀ-ն ստանալու համար:
Նախագիծը քվեարկությամբ ստացավ 98 կողմ ձայն: