Հակառակորդի կորուստները մեկ-երկու տասնյակից ավելի կարող են լինել․ Արծրուն Հովհաննիսյան

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 16-ի գիշերվա մարտական լայնածավալ գործողությունների ընթացքում հակառակորդի դիտարկվող կորուստները կարող են հասնել նույնիսկ մեկ-երկու տասնյակի։ Այս մասին հուլիսի 16-ին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ  ասաց կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին, թե որքան են եղել հակառակորդի կորուստները։

«Հստակ գնահատել չենք կարող հակառակորդի կորուստները։ Դիտարկվող կորուստները կարող են մոտենալ մեկ-երկու տասնյակի նույնիսկ, բայց հստակ չեմ կարող ասել։ Չէի ուզենա պնդել մի բան, որը հետո դժվար լիներ ապացուցել։ Կսպասենք հակառակորդի հաստատմանը, ըստ այդմ, ավելի մոտավոր կհասկանանք  թիվը»,- ասաց Հովհաննիսյանը։

Ապա Հովհաննիսյանն ընդգծեց, որ ՀՀ ԶՈՒ-ն չի ունեցել ոչ զոհեր, ոչ վիրավորներ։

24-ժամյա հրադադարից հետո հուլիսի 16-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները Տավուշի սահմանագոտում՝ «Անվախ» դիրքի ուղղությամբ։ Հրետանու աջակցությամբ ադրբեջանական զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների 100 զինծառայող փորձել են հարձակվել «Անվախ» դիրքի ուղղությամբ, սակայն հայկական ստորաբաժանումների գրագետ գործողության արդյունքում հետ են շպրտվել՝ թողնելով զգալի կորուստներ։