Անվտանգության խորհրդի նիստ մինչ այս պահը չի հրավիրվել. նման բան Հայաստանում չի եղել
Մտահոգիչ է.
- Քաղաքական իշխանության նկատելի և անհասկանալի բացակայությունը պատերազմական այս օրերին։ Անվտանգության խորհրդի նիստ մինչ այս պահը չի հրավիրվել. նման բան Հայաստանում չի եղել։ Երկրի քաղաքական ղեկավարությունը չի խոսում հասարակության հետ, վարչապետը անհասկանալի բանաստեղծական հրապարակումներ է անում իր էջին։ Իշխանությունից դեպի հասարակություն չի գալիս պահի լրջության ուղերձ։ Պատգամավորներն ու նախարարները ֆեյսբուքյան շարքային օգտատիրոջ անլուրջ դերում են։
- Միջնորդական որևէ իրական առաքելության բացակայությունը։
- Երրորդ կողմի հնարավոր շահագրգռվածությունն ու հաշվարկները՝ այս ռազմական բախման և հետագա զարգացումների մեջ։
- Թուրքիայի կոշտ և ագրեսիվ դիրքորոշումը։
- Հայ-ռուսական վերջին շրջանի սառնության ֆոնին մեր դաշնակցային ռեսուրսի անհստակությունը։
- Այն «լրջության» աստիճանը, որով մենք վերաբերվում ենք մեր սահմաններին ընթացող պատերազմին։ Հայրենակիցներ, մենք ֆիլմ չենք նայում, մենք համակարգչային խաղ չենք նայում։ Ռեալ կորուստների և ռեալ ռիսկերի հետո գործ ունենք։
- Սոցիալական ցանցերում տիրող էյֆորիկ վիճակը. «ամենամարտունակ» կոչերով հանդես են գալիս բանակում չծառայած, խրամատ, զենք երբևէ չտեսած դեմքեր, որոնք ֆեյսբուքյան ապահով բլինդաժներում նստած՝ կոչեր և խիզախ կանխատեսումներ են անում։ «Մենք խփինքը», որ հորդում է հազարավոր պլանշետներից և սմարթֆոններից, պետության և պետության քաղաքացու հետ կապ չունեցող պահվածք է։ Խփողներն էլ դուք չեք, նրանք հեռու են ձեր ապահով պլանշետներից։ Պետության քաղաքացու մոտ առաջին տեղում պետք է լինի մտահոգությունը՝ պետության, իրավիճակի, հետագա զարգացումների վերաբերյալ։
- Այս պահին գրեթե չի հնչում խոսք, որ ուղղված կլիներ իրավիճակը հանդարտեցնելուն, լուծումներ գտնելուն, նոր զոհերից խուսափելուն։ Չի երևում մեխանիզմ, որով պետք է կանգնեցվի հետագա էսկալացիան։ Միջազգային կառույցների կոչերն առայժմ երկուստեք անպատասխան են մնում։
«Այլընտրանքային նախագծեր խումբ»