Կարծես Քրիստոսին նորից խաչեցին` նախապես իմանալով «քրիստոնեական» աշխարհի փարիսեցիական վերաբերմունքը

Էրդողանը չէր համարձակվի գնալ Ստամբուլում գտնվող, Աստծո իմաստությանը նվիրված Սուրբ Սոֆիայի (Աստծո Սուրբ Իմաստության) տաճարը մզկիթի վերածելու և այդպիսով այն պղծելու քայլին, եթե նախապես իմանար, որ քրիստոնեական աշխարհի վերաբերմունքը, որին խորին վիրավորանք հասցրեց իր այդ որոշմամբ, լինելու է գործնական ու խիստ:

Իր գրեթե ներկայիս տեսքով Սուրբ Սոֆիայի տաճարի կառուցումն ավարտվել է 537թ., և գրեթե 1000 տարի այն եղել է աշխարհի ամենամեծ քրիստոնեական տաճարը և, ընդհանրապես, աշխարհի ամենամեծ շինություններից մեկը: Հատկապես իր յուրահատուկ գմբեթով հայտնի տաճարը բյուզանդական ճարտարապետական արվեստի գագաթն է համարվում և աշխարհի ճարտարապետական գլուխգործոցներից մեկը: Նշենք նաև, որ 986 թվականի երկրաշարժից ավերված տաճարի 31.5 մետր տրամագծով գմբեթը, ըստ հայոց պատմիչներից Ստեփանոս Ասողիկի, վերականգնել է այդ նպատակով Կ. Պոլիս հրավիրված մեծահամբավ Տրդատ ճարտարապետը:

1453 թվականին, երբ սուլթան Մեհմեթ Ֆաթիհը (Մեհմեդ Նվաճողը) գրավել է Կոնստանդնուպոլիսը և այն միացրել Օսմանյան կայսրությանը, հրամայել է հունական ուղղափառ քրիստոնեական տաճարը վերածել մզկիթի: Սուրբ Սոֆիայի տաճարը մինչև 1931թ. եղել է մզկիթ, ապա փակ մնացել 4 տարի: Տաճարը 1935 թվականից վերաբացվել է որպես թանգարան: Ենթադրելի է, որ Թուրքիան հաշվի է առել այն ժամանակվա աշխարհաքաղաքական իրավիճակը, աշխարհի քրիստոնյա հանրության կամ մեծամասամբ քրիստոնյա բնակչություն ունեցող պետությունների ակնկալությունները, միգուցե պահանջը, և հայերի, հույների, ասորիների դեռ թարմ ցեղասպանությունից հետո ցանկացել է աշխարհին բարեկիրթ, հանդուրժող ու քաղաքակիրթ երևալ:

Հուլիսի 10-ին, Թուրքիայի Պետական խորհրդի` երկրի բարձրագույն վարչական դատարանի կողմից 1934թ. այն հրամանագրի չեղարկումից հետո (անշուշտ, Էրդողանի պատվերով), որով տաճարը թանգարանի էր վերածվել, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անմիջապես ստորագրել է Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու հրամանագիրը:

«Twitter»-ի իր էջում Էրդողանի հրապարակած հրամանագրի կրկնօրինակում նշված է, որ Սուրբ Սոֆիայի տաճարի վերահսկողությունը փոխանցվում է երկրի կրոնական իշխանությանը, և որ այն բացվում է ժամերգությունների համար: Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության, Էրդողանն ազգին ուղղված ուղերձում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը համեմատել է «վերածննդի» հետ, և ասել է, որ նա «դեն նետեց ոտքերի շղթաները»։

Նույն օրը բողոքի առաջին արձագանքները ստանալուց հետո, Էրդողանն արտաքին աշխարհին կոչ է արել հարգել Սուրբ Սոֆիայի կարգավիճակը (թանգարան) մզկիթի փոխելու որոշումը:

«Սուրբ Սոֆիան Թուրքիայի իրավասության տակ է: Բոլորին հորդորում եմ հարգել Թուրքիայի դատական եւ գործադիր մարմինների կայացրած որոշումները,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է նա:- Մենք ընդունում ենք այս հարցում տեսակետների ցանկացած արտահայտություն, բացառությամբ նրանց, որոնք ուղղված են մեր ինքնիշխանությունը խախտելուն»:

Հիմա անդրադառնանք քրիստոնեական աշխարհի հզորների արձագանքին:

ԱՄՆ. Միացյալ Նահանգները հիասթափված է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշումից և Թուրքիայի կառավարությանն ընդամենը վճռականորեն կոչ է արել շարունակել պահպանել Սուրբ Սոֆիայի տաճարը որպես թանգարան:

«Մենք հիասթափված ենք Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու որոշումից,- ասել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մորգան Օրտագուսը:- Դա ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում ներառված կարևոր տեսարժան վայրերից էր»:

Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարը մեծապես տուրք տալով ձևականությանը, հայտնել է ԱՄՆ-ի ակնկալությունը, որ Թուրքիան, առանց որևէ խոչընդոտի, կպահպանի տաճար այցելելու հասանելիությունը բոլորի համար, իհարկե, նախապես շատ լավ իմանալով, որ Թուրքիան նման որևէ խոչընդոտ չի հարուցելու: Էրդողանն ինքն է արտահայտվել մզկիթ այլ կրոնների ներկայացուցիչների այցելության հնարավորության մասին: Պարզ է, որ որքան Թուրքիան գրավիչ լինի զբոսաշրջիկների համար, այնքան օգուտ Թուրքիայի բյուջեին ու բանակին…

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն դրանից առաջ հայտարարել էր.

«Մենք վճռականորեն կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը շարունակել պահպանել Սուրբ Սոֆիայի տաճարը որպես թանգարան, որպես կրոնական ավանդույթների ու բազմազան պատմության հանդեպ իր հարգանքին հավատարմության օրինակ և այն հասանելի դարձնել բոլորի համար: Այս հազվագյուտ օբյեկտը գեղարվեստական և տեխնիկական հանճարեղության կրոնական արտահայտություն է, որն արտացոլված է նրա հարուստ ու բարդ 1500-ամյա պատմության մեջ: Ավելին. տաճարի կարգավիճակը, որպես թանգարան, աշխարհի տարբեր երկրներից մարդկանց թույլ է տալիս այն վայելել ու մտորել այս հոյակապ ձեռքբերման շուրջ: Միացյալ Նահանգները Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխումը դիտարկում է որպես այս հիանալի շենքի և կրոնական տարբեր ավանդույթների ու մշակույթների մարդկանց միջև որպես հիմնական կամուրջ ծառայելու նրա անգերազանցելի կարողության ժառանգության նվազում: Մենք ձգտում ենք շարունակել աշխատել Թուրքիայի կառավարության հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ կրոնական և մշակութային վայրերի պահպանման շուրջ»:

Ֆրանսիա. Ֆրանսիան ընդամենը ցավակցություն է հայտնել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշման կապակցությամբ: Gazeta.ru-ի փոխանցմամբ, այս մասին նշված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Թուրքիայի իշխանությունների գործողությունները վտանգում են ժամանակակից և աշխարհիկ Թուրքիայի խորհրդանշական ակտերից մեկը»,-նշված է հայտարարության մեջ և արտահայտված այն տեսակետը, որ տաճարը պետք է «ներկայացնի կրոնական ժառանգության բազմազանություն, երկխոսություն և հանդուրժողականություն»:

Ռուսաստան. ՌԴ-ն այս պահի դրությամբ պաշտոնական դիրքորոշում դեռ չի արտահայտել կամ այն մեզ հայտնի չէ: Արտահայտվել է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների սինոդալ բաժնի վարիչ, Վոլոկոլամյան մետրոպոլիտ Իլարիոնը (Ալֆեև):

«Կարելի է տարբեր կերպ գնահատել Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը և այն գործոնները, որոնք դրդել են Թուրքիայի ղեկավարությանը նման որոշում կայացնել,- ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, հուլիսի 11-ին ասել է մետրոպոլիտը:- Բայց ամբողջ աշխարհի հոգևոր և մշակութային ժառանգությունը չպետք է պատանդ դառնա ներկա քաղաքական իրավիճակին: Ցավալի է, որ քաղաքական պայմանները գերիշխում են այլոց կրոնական ավանդույթների հանդեպ հարգանքի վրա: Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելը ապտակ է, որը Թուրքիայի ղեկավարությունը հասցրել է Ուղղափառ եկեղեցուն, ամբողջ աշխարհի քրիստոնեությանը»:

Մետրոպոլիտ Իլարիոնը ասել է նաև, որ Թուրքիայի պետական ղեկավարության նման որոշումը չի կարող չհիասթափեցնել, և որ ուղղափառ քրիստոնյաների համար Սուրբ Սոֆիան նույնն է, ինչ կաթոլիկների համար Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարը։ Իր մտահոգությունն է հայտնել նաև Ռուս ուղղափառ եկեղեցին.

«Ցավալի է, որ Ռուս ուղղափառ եկեղեցու, այլ ուղղափառ եկեղեցիների մտահոգությունն արձագանք չստացավ: Տվյալ որոշումը, ցավոք, ուղղված չէ հակասությունների հարթմանը, այլ, հակառակը, կարող էլ ավելի մեծ տարաձայնությունների հանգեցնել, ինչի մասին հուլիսի 6-ին հայտարարել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը»:

Ռուս ուղղափառ եկեղեցին հայտարարել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշումը կարող է էլ ավելի մեծ տարաձայնությունների հանգեցնել:

Թուրքիայի որոշումը դատապարտել են նաև այս աշխարհի հզորների շարքում չգտնվող մի քանի պետություններ, նրանց թվում նաև ամենախիստը` Հունաստանը, ինչը միանգամայն հասկանալի է: Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը մարտահրավեր է նետում պատմական հիշողությանը և խաթարում կրոնների երկխոսության արժեքները, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Հունաստանի նախագահ Կատերինի Սակելարոպուլուն: Ինչպես ասել է Հունաստանի նախագահը, տաճարը եզակի հուշարձան էր, որը պատկանում էր մարդկությանն ու համաշխարհային մշակութային ժառանգությանը:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, իր հերթին, հայտարարել է, որ Հունաստանը վճռականորեն դատապարտում է Թուրքիայի որոշումը: Նրա խոսքով՝ այդ որոշումն ազդում է ոչ միայն Հունաստանի, այլև Եվրամիության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և, ընդհանրապես, համաշխարհային հանրության հետ Թուրքիայի հարաբերությունների վրա:

«Այսօրվա որոշումը, որն ընդունվել է նախագահ Թայիփ Էրդողանի քաղաքական կամքի արդյունքում, քաղաքակիրթ աշխարհի համար սադրանք է»,-ասել է Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին:

Ըստ նրա, այդ որոշումը հաստատում է, որ Թուրքիան չունի անկախ արդարադատություն: Լինա Մենդոնին նշել է նաև, որ Հունաստանը չի փորձում միջամտել Թուրքիայի ներքին գործերին, սակայն Սուրբ Սոֆիան «ամբղջ մարդկության հուշարձանն է՝ անկախ կրոնից»:

«Էրդողանի ազգայնականությունը վատ խորհրդատու է,-հավելել է նա:- Էրդողանի կողմից ցուցադրված ազգայնականություն…, որը երկիրը 6 դար հետ տարավ»,- նշել է Հունաստանի մշակույթի նախարարը:

Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ հարցը կբարձրացվի ԵՄ հաջորդ գագաթնաժողովում, Թուրքիային սպասվում են պատժամիջոցներ, իսկ Կիպրոսի նախագահը Թուրքիայի որոշումն անվանել է «Համաշխարհային ժառանգության վայրի պղծում»:

Թուրքիայի որոշումը սադրանք է անվանել նաև Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը, որոշումը հավանության են արժանացրել միայն Հյուսիսային Կիպրոսը և Պաղեստինը: Էրդողանի կամ Թուրքիայի որոշմանն արձագանքել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ոն` հայտարարելով, որ կազմակերպության Համաշխարհային ժառանգության կոմիտեն կվերանայի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը խորապես ափսոսում է Սուրբ Սոֆիայի կարգավիճակը փոխելու թուրքական իշխանությունների որոշման համար, որն ընդունվել է առանց նախնական երկխոսության»,- նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը որոշումը ցավալի է անվանել:

Ի հեճուկս վերոնշյալ արձագանքների, Թուրքիայի նախագահը, ըստ ՏԱՍՍ-ի, հուլիսի 11-ին հայտարարել է, որ այլ պետությունների կարծիքը չի փոխի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը թանգարանից մզկիթի վերածելու Անկարայի որոշումը: Թուրքական «Anadolu» գործակալությունը մեջբերել է Էրդողանի խոսքը. «Թուրքիան Սուրբ Սոֆիայի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոխելու որոշում է կայացրել՝ հիմնվելով ժողովրդի ցանկության և կամքի վրա: Այլ երկրների կարծիքը չի կարող ազդել մեր որոշման վրա»:

Գրեթե վստահ ենք, որ Եվրամիությունը Թուրքիայի նկատմամբ նշանակալի, ցավոտ պաժամիջոցներ չի կիրառի, եթե նույնիսկ ընդհանրապես կիրառի Հունաստանի պահանջով: Սուրբ Սոֆիայի տաճարը համարվում էր կրոնների ու մշակույթների խաղաղ գոյակցության համաշխարհային խորհրդանիշը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր մեկ ստորագրություն-հարվածով վերջ է տվել այդ խորհրդանշի գոյությանը:

«Ես մտածում եմ Ստամբուլի մասին, ես մտածում եմ Սուրբ Սոֆիայի մասին, և ես շատ տխրել եմ»,- կիրակնօրյա ավանդական պատարագի ժամանակ դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում։ հավաքված հավատացյալներին, հայտարարել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը:

«Ինչո՞ւ քրիստոնեական աշխարհը կռիվ չտվեց Սուրբ Սոֆիայի տաճարի համար. Նաիրա Զոհրաբյան»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում հարցրել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և մեջբերված վերտառության ներքո գրել.

«Ինչո՞ւ, այդուհանդերձ, քրիստոնեական աշխարհը, որը իրապես հզոր ուժ է, բացի մի քանի թեթեւ մտահոգություններից ու կոչերից, չկանգնեց Այասոֆիան մզկիթացնելու ծրագրի առաջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Եւ այսպես՝ Թուրքիայի բարձրագույն դատարանը բավարարեց Էրդողանի պահանջն ու ուղղափառ քրիստոնեական աշխարհի ամենաչքնաղ կառույցը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը, նույն ինքը՝ Այասոֆիան, այլեւս մզկիթ է։ Մեր թվարկությունից առաջ 537 թվականին կառուցված այս չքնաղ տաճարը նվիրվել է Աստծո իմաստությանն ու աստվածային խոսքին:

Ինչո՞ւ Էրդողանը, թքած ունենալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ քրիստոնեական աշխարհի հորդորների վրա, պարտադրեց Թուրքիայի բարձրագույն դատարանին տաճարը ճանաչել մզկիթ։ Բնականաբար, Ստամբուլում մուսուլմանները մզկիթ-աղոթատեղիի պակաս, վստահաբար, չունեն, քանզի միայն Ստամբուլի նահանգում 3500 մզկիթ կա ու այդ նահանգը մզկիթների քանակով Թուրքիայի 81 նահանգների մեջ չեմպիոնն է։ Բացի դա, դեռ անցյալ տարի Ստամբուլում շահագործվեց Չամլըջա մզկիթը, որը նախատեսված է մոտ 65 հազար մուսուլման հավատացյալների համար։ Եւ ուրեմն, ո՞րն էր Այասոֆիան կրկին մզկիթացնելու Էրդողանի իրական նպատակը։ Ակնհայտ է մեկ բան՝ Էրդողանը հետեւողականորեն շարունակում է Թուրքիայի իսլամականացումը եւ իր նեոօսմանյան հայացքներով Էրդողանը մշտապես ցանկացել է մրցել թե՛ Թուրքիայի հայր Աթաթուրքի հետ, փորձելով պատմության մեջ մնալ շատ ավելի «աթաթուրք»՝ թուրքերի հայր, որքան չէր անգամ Աթաթուրքը, ինչպես նաեւ՝ նրան մշտապես հանգիստ չեն տվել սուլթան Մեհմեթ Ֆաթիհի դափնիները, ով 1453 թվականին գրավեց Կոնստանդնուպոլիսն ու Այասոֆիայի տաճարը վերածեց մզկիթի։ Ես գրեթե վստահ եմ, որ Էրդողանն իր այս քայլով Թուրքիայի տոտալ իսլամականացման ծրագիրն է իրականացրել եւ Այասոֆիայի տաճարի մզկիթացումն այդ ճանապարհային քարտեզի ընդամենը դետալներից մեկն էր։ Բացի դա, Այասոֆիան մզկիթացնելով Էրդողանը վերջ դրեց տաճարի հանդեպ Հունաստանի նկրտումներին, որպես հունական ուղղափառ քրիստոնեական տաճարի իրական սեփականատերերի։

Ուստի, Էրդողանի քայլերը միանգամայն կանխատեսելի էին։

Էս ողջ պատմության մեջ ինձ, անկեղծ, հետաքրքրում էր բոլորովին այլ հարց։ Ինչո՞ւ, այդուհանդերձ, քրիստոնեական աշխարհը, որը իրապես հզոր ուժ է, բացի մի քանի թեթեւ մտահոգություններից ու կոչերից, չկանգնեց Այասոֆիան մզկիթացնելու ծրագրի առաջ։

Սա հարց է, որի պատասխանը, հուսամ, դեռ կտրվի»։

Փորձենք շատ հակիրճ պատասխանել պատգամավորի առաջադրած հարցին. քրիստոնեական աշխարհը վաղուց, ցավոք, միայն անունով է մնացել քրիստոնեական: Ի՞նչ արեց այդ նույն քրիստոնեական աշխարհը, ի՞նչ են արել ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ՄԱԿ-ի կառույց ՅՈՒՆԵՍԿՕ-ն, մյուսները, երբ Թուրքիայի կրտսեր եղբայր Ադրբեջանը 2005թ. իր զինված ուժերի ստորաբաժանումների ներգրավմամբ Նախիջևանում ծանր տեխնիկայի միջոցով ջարդուփշուր է արել, ամբողջությամբ ոչնչացրել Ջուղայի հայկական գերեզմանատան բազմադարյա հազարավոր խաչքարերն ու տապանաքարերը, և բեկորները լցրել Արաքս գետը…

Արթուր Հովհաննիսյան