Միջազգային հեղինակավոր «Վաշինգտոն փոստ», «Նյու Յորք թայմս» պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը

Միջազգային հեղինակավոր The Washington Post, The New York Times պարբերականներն ու ABC հեռուստաալիքը «ՀՀ ոստիկանությունն այցելել է երկու անկախ հեռուստաընկերություններ, որոնք քննադատում են կառավարությանը» խորագրով հրապարակմամբ անդրադարձ են կատարել հայկական «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը:

Մասնավորապես, նշվել է, որ ուրբաթ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներն այցելել են երկու անկախ հեռուստաընկերությունների գրասենյակներ, որոնք քննադատում են կառավարության վարած քաղաքականությունը:

Անդրադառնալով «ԱրմՆյուզ» ՀԸ ոստիկանների այցելությանը և վարչական վարույթի հարուցմանը՝ ամերիկյան լրատվամիջոցները մեջբերել են «ԱրմՆյուզ» ՀԸ-ի համասեփականատեր Սամվել Ֆարմանյանի խոսքերը, որը հայտարարել է, որ այս այցն ազդանշան էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «զանգվածային լրատվամիջոցներին պատերազմ հայտարարելու» մտադրության վերաբերյալ: «Նա խայտառակ պարտություն է կրելու»,- ասել է Սամվել Ֆարմանյանը։

Ամերիկյան լրատվականները նաև նշում են, որ երկու հեռուստաալիքները, ուշադիր հետևելով Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ կորոնավիրուսի համավարակի պատասխան գործողություններին և տնտեսական քաղաքականությանը, քննադատել են վերջինիս վարած քաղաքականությունը։

Լրատվամիջոցները նշում են, որ վարչական վարույթ հարուցելու պատճառաբանությունն այն է, որ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հեռուստամեկնաբանը տաղավարում դիմակ չի կրել: «ԱրմՆյուզ»-ի ղեկավարները նշել են, որ ՀՀ հեռուստառադիոխորհրդից իրենց հայտնել են, որ եթերում դիմակ կրելը պարտադիր չէ։

Ամերիկյան հեղինակավոր լրատվականները նաև հիշեցրել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ վարչապետի պաշտոնը զբաղեցնելը, եղել է լրագրող։

Նշենք, որ այս միջադեպին անդրադարձել են միջազգային տասնյակ այլ լրատվամիջոցներ ևս: