ԱՀԿ-ն հետաքրքրված է կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի պատվաստանյութով

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հետաքրքրված է COVID-19- ի դեմ Ռուսաստանի պատվաստանյութով: «ՌԻԱ Նովոստի» – ին հայտնել է կազմակերպության գլխավոր աշխատակից Սումիա Սվամինաթանը:

«Մենք տեղյակ ենք, որ կորոնավիրուսային դեղամիջոցի՝ ավիֆավիրի փորձարկումներ են անցկացվում: Դեղամիջոցը երկու-երեք թեստավորում է անցնում, ուստի մենք սպասում ենք արդյունքներին: Բայց, բացի դրանից, մենք հետաքրքրված ենք ռուսական պատվաստանյութով ևս»,- ասել է նա:

Սվամինաթանը նշել է, որ ԱՀԿ-ն ունի համերաշխության թեստեր պտվաստանյութի մշակողների համար և հույս է հայտնել, որ ռուս գիտնականները կհամաձայնեն համագործակցել:

Ներկայումս Ռուսաստանը չի մասնակցում ԱՀԿ-ի կողմից անցկացվող COVID-19 բժշկական դեղամիջոցների համերաշխության թեստերին, որը իրականացնում է ԱՀԿ-ն: «ՌԻԱ Նովոստի»- ի փոխանցմամբ՝ ծրագրին չեն միացել նաև ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը և Ֆրանսիան:

Ավելի վաղ «Վեկտոր» կենտրոնի գլխավոր տնօրեն Ռինատ Մակսյուտովը «ՌԻԱ Նովոստի» -ին հայտնել էր, որ կենտրոնում մշակված կորոնավիրուսային վարակի պատվաստանյութի երեք նախատիպերը հաջողությամբ փորձարկվել են: Բացի դրանից,  Պաշտպանության նախարարության կողմից ստեղծված պատվաստանյութը ներկայում անցնում է փորձարկումներ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց կորոնավիրուսային համավարակի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով ՝ աշխարհում հայտնաբերվել է վարակի ավելի քան 11,580 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 537 հազար մարդ: