ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատմել է իր ծրագրերի մասին. «ՌԻԱ Նովոստի»

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է կալանքից ազատ արձակվելուց հետո շարունակել վերականգնողական բուժումը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Քոչարյանը նախատեսում է մեկ շաբաթում ավարտել վերականգնողական բուժումը, գնահատել ներկայիս ներքաղաքական իրավիճակը, նախանշել տեսանելի ապագայի ծրագրերը»,- ասել է Սողոմոնյանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ նախատեսված գրավի վճարումից և օրենքով սահմանված բոլոր գործընթացներն ավարտելուց հետո հունիսի 19-ի երեկոյան ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը վերացվել է։

Հիշեցնենք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ներկայացրել էին նրա կալանավորումը ՀՀ և Արցախի նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ փոխարինելու, կալանքը վերացնելու և նրա նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու միջնորդությունները։

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել գրավը՝ 2 մլրդ դրամի չափով։