Արդյոք ճի՞շտ են, ուռճացված չե՞ն Հայաստանում COVID-19-ով հիվանդների ու մահացածների քանակի վերաբերյալ պաշտոնական թվերը

Այս հարցերն ինձ հաճախ են տրվում

Արդյոք ճի՞շտ են Հայաստանում նոր կորոնավիրուսով հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի քանակի, ինչպես նաև COVID-19-ի հետևանքով մահվան դեպքերի քանակի վերաբերյալ պաշտոնապես հրապարակվող տեղեկությունները: Այսինքն` այն տեղեկությունները, որոնք հրապարակվել և ամեն օր հրապարակվում են Հայաստանի Հանրապետության պարետատան «Կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակում», ինչպես նաև առողջապահության նախարարության, ԱՆ հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման ազգային կենտրոնի, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից: Արդյոք ուռճացված չե՞ն հիվանդների ու մահացածների քանակներն արտահայտող պաշտոնական թվերը…

Վերոնշյալ հարցերին, որոնք տրվում են մեր հասարակության երևի գերակշիռ մեծամասնության կողմից, պատասխանենք միանգամից` ո՛չ, ուռճացված չեն, բայց նաև ճիշտ չեն, հատկապես հիվանդների քանակն իրականում շատ ավելին է (չշփոթել հիվանդության հաստատված դեպքերի քանակի հետ), իսկ մահվան դեպքերի քանակի առնչությամբ հիմնավոր կասկածներ կան, որ դրանք իրականից նվազ են ներկայացվում:

Նշենք, որ հիշյալ տեղեկատվական հարթակում այսօր` հունիսի 17-ին, ժամը 11-ին հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 544 նոր դեպք, ապաքինվել է ևս 243 մարդ, արձանագրվել է մահվան 9 դեպք, ՀՀ-ում մինչ վերոնշյալ պահը COVID-19 հաստատված դեպքերի ընդհանուր քանակը հասել է 18 033-ի, որոնցից 10 818-ը փաստացի բուժվողներն են, մնացածները` առողջացածները (6814), նոր կորոնավիրուսի հետևանքով մահացածները (302), ինչպես նաև այն պացիենտները, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը, ըստ ՀՀ պարետատան և առողջապահության նախարարության, վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Պաշտոնական թվերի, տեղեկատվության հանդեպ հասարակության անվստահության խնդրին հունիսի 13-ին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձավ նաև Փաշինյանը: Ըստ նրա բացատրության, նախկինում, տարիներ շարունակ պաշտոնական տեղեկությունները հաճախ չեն արտահայտել իրականությունը, դրա համար էլ ժողովրդի մոտ պաշտոնական տեղեկատվության հանդեպ ձևավորվել է անվստահություն, որը շարունակվում է մինչև հիմա, և շատ մարդիկ չեն հավատում նաև նոր կորոնավիրուսի վտանգավորության, հիվանդության ու մահվան դեպքերի քանակի վերաբերյալ հրապարակվող պաշտոնական տեղեկատվությանը: Նրանց համար ավելի արժանահավատ է պատերի տակ լսած խոսակցությունը, ծանոթների, նույնիսկ կողմնակի անձանց ասածը, մինչև իսկ երրորդ, չորրորդ, հինգերորդ անձից միջնորդավորված կերպով ստացած տեղեկությունները:

Իրականությունը, ցավոք, այդպիսին է: Փաշինյանը ճիշտ ներկայացրեց պատճառը, միայն թե «մոռացավ» նշել, որ իր ղեկավարած իշխանության օրոք էլ պաշտոնական տեղեկատվությունը հաճախ չի համապատասխանում իրականությանը:

Փաշինյանը «մոռացավ» նշել նաև վերոնշյալ իրավիճակի համար նաև անձամբ իր մեղքի բաժինը: Չխոսեց իր «Կորոնավիրուսն ում շունն ա…» և մոլորեցնող, վտանգավոր, ինչպես նաև իրականությունից չափազանց հեռու մյուս հայտարարությունների մասին, որոնք շփոթեցրեցին, ապակողմնորոշեցին մեր հասարակության մեծ մասին, նրա գլխի տակ փափուկ բարձ դրեցին, ինչի արդյունքում շատուշատ մարդիկ չափազանց անլուրջ վերաբերվեցին նոր կորոնավիրուսից բխող լրջագույն վտանգներին: Հետևանքը հայտնի է թերևս բոլորին: Հասարակության մի մասն էլ Փաշինյանի այդ հայտարարությունների կամ արտահայտությունների համար սկսեց անլուրջ վերաբերվել հենց նրան, եթե նախկինում հավատում էր երկրի ղեկավարին, այլևս դադարեց հավատալ նրան:

Մարդը, որը նախկինում անլուրջ և իրավիճակը սխալ ներկայացնող հայտարարություններ է արել, հետագայում իր այդ հայտարարություններին հակասող հայտարարություններ անելուց առաջ, եթե ուզում է, որ վերջիններին հանրությունը հավատա, պետք է նրանից անկեղծորեն ներողություն խնդրի իր սկզբնական սխալ հայտարարությունների համար, ասի, որ նախկինում չարաչար սխալվել է, ղալաթ է արել, և հետո նոր միայն ասի, որ կորանավիրուսն իրականում շատ վտանգավոր է և կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ այդ վտանգին չհավատացողների, այն արհամարհողների համար: Սա, կարծում ենք, տարրական պարկեշտության պահանջն է յուրաքանչյուր մարդու, հատկապես, երկրի ղեկավարի համար: Մինչդեռ այդպես վարվելու փոխարեն, ի՞նչ է արել Փաշինյանը… Դրանից առաջ ասել է` չի հիշում, որ հայտարարած լինի, թե կորոնավիրուսն ում շունն ա… Նրա այս «հիշողության կորստից» գրեթե անմիջապես հետո համացանցում հրապարակվեց այն տեսանյութը, որում Փաշինյանը հանդես է եկել «Կորոնավիրուսն ում շունն ա…» հայտարարությամբ:

Անդրադառնանք պաշտոնական թվերի ուռճացված լինել-չլինելու խնդրին: Այդ կապակցությամբ «Ֆեյսբուքում» բազմաթիվ հրապարակումների եմ ծանոթ, «Ֆեյսբուքում» հարցումներից բացի, ոմանցից նաև նամակներ եմ ստացել, նաև լսել «Ֆեյսբուք»-ից դուրս հեռախոսազրույցների ընթացքում, թե աշխարհում էլ, Հայաստանում էլ հիվանդության ու մահվան պաշտոնական թվերն ուռճացված են, որ իրենց ծանոթներից լսել են, թե մեր երկրի այսինչ քաղաքում (որևէ դեպքում չի նշվում, թե քաղաքի որ հիվանդանոցում) բժիշկները մահացածի ընտանիքի անդամներին որոշակի գումար են առաջարկել, որպեսզի նրանց համաձայնությունը ստանալով, մահացածին ձևակերպեն իբրև COVID-19-ից մահացած, թեև նա նոր կորոնավիրուսով վարակված ու հիվանդ չի եղել:

Ըստ վերոնշյալ կեղծ տեղեկությունների կապակցությամբ հարց տվողների, այդ տեղեկություններին հավատացողների, դրանք նույնիսկ պնդողների ենթադրության, բացատրության, բժիշկներն այդպիսով իշխանությունների կամքը, ներքին հրամանն են կատարում, որպեսզի ժողովրդի մեջ դեպքերի քանակի բարձր լինելուց բխող վախ ու խուճապ առաջանա, մարդիկ համակերպվեն արտակարգ դրության ռեժիմի և այդ ընթացքում հայտնի սահմանափակումների, արգելքների, այդ թվում նաև` հանրահավաքների և հանրային այլ միջոցառումների արգելքի երկարացումներին:

Հարգելիներս, կեղծ են այդ բոլոր տեղեկությունները, իշխանություններին թեև միանշանակ ձեռնտու են արտակարգ դրության և այդպիսով հանրահավաքների և հանրային այլ միջոցառումների արգելքի երկարացումները, սակայն հիվանդության ու մահվան դեպքերի քանակի վերաբերյալ պաշտոնական թվերն ուռճացված չեն: Լուրջ վերաբերվեք դրանց (նկատի ունենք մինչ այժմ անլուրջ վերաբերվողներին):

Մեր առաջիկա հրապարակմամբ կապացուցենք բժիշկների կողմից փող առաջարկելու, իշխանությունների պատվերը կատարելու, պաշտոնական թվերի ուռճացված լինելու վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող վերոնշյալ տեղեկությունների կեղծ լինելը, և ոչ միայն…

Արթուր Հովհաննիսյան