Ֆրանսիայից 10 բժիշկներ հատուկ չվերթով կժամանեն Հայաստան

Ֆրանսիայից 10 բժիշկ հատուկ չվերթով կժամանի Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն ցույց տալու ՀՀ առողջապահական համակարգին:

Այս մասին հունիսի 12-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Արտերկրից բժշկական անձնակազմերի պլանավորված այցեր ունենք: Ֆրանսիայից ունենք 10 բժշկի այց վաղը՝ հատուկ չվերթով: Լիտվայի բժիշկները մյուս շաբաթ կայցելեն: Կան նաև Ռուսաստանից ցանկություն հայտնած բժիշկներ՝ մոտ 50 հոգի, որոնք ամենայն հավանականությամբ կայցելեն ու տեղում կաշխատեն մի քանի շաբաթ»,- ասաց նախարարը:

Արսեն Թորոսյանը նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական գրասենյակի հետ են բանակցություններ ընթանում՝ հատուկ ստեղծված բժշկական թիմերի այցելության հետ կապված՝ կամ լեհական, կամ իսրայելական, սակայն այդ որոշումը դեռ վերջնական չէ:

Հունիսի 11-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության նիստի ընթացքում հայտարարել է, որ Վրաստանը կօգնի Հայաստանին և վրացի բժիշկներ կգործուղի՝ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը հաղթահարելու համար։

Հունիսի 10-ին Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով բժիշկների թիմ ուղարկել Հայաստան։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ: