Պահանջում ենք չեղարկել գույքահարկի մասին խայտառակ նախագիծը, որով ավելանալու է ժողովրդի հարկային բեռը. «Հայրենիք» կուսակցություն

Հունիսի 4-ին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ կայացել է կուսակցության խորհրդի առաջին նիստը, տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը։

Քննարկվել են հասարակական-քաղաքական օրակարգին, կուսակցության տարածքային կառույցների ձեւավորման եւ դրանց աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր։

«Հայրենիք» կուսակցության խորհուրդն ընդունել է հայտարարություն, որով դատապարտում է կառավարության հերթական չհաշվարկված գործողությունը և պահանջում է հետ կանչել Հայաստանի քաղաքացիների հարկային բեռն ավելացնող խայտառակ նախագիծը։ Հայտարարությունում ասվում է.

«Հայաստանի Հանրապետությունում առկա խորը ճգնաժամի պայմաններում, Կառավարությունը հանդես է եկել հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու նախաձեռնությամբ, համաձայն որի՝ առաջարկվում է փոփոխել գույքահարկի հաշվարկման սկզբունքը՝ մոտարկելով անշարժ գույքի կադաստրային եւ շուկայական արժեքները: Օրենսդրական փոփոխության արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինների եկամուտներն ավելանալու են ավելի քան չորս անգամ, ինչը փաստացի նշանակում է քաղաքացիների ֆինանսական բեռի զգալի աճ:

Ներկա փուլում, երբ կորոնավիրուսի համավարակի արդյունքում և Նիկոլ Փաշինյանի կառավարության ապաշնորհ գործողությունների հետևանքով պետությունը հայտնվել է առողջապահական, տնտեսական, սոցիալական ճգնաժամում, երբ փաստացի կրճատվում են տասնյակ հազարավոր աշխատատեղեր, նվազում է քաղաքացիների եկամուտները և խնայողությունները, երբ առկա է անորոշության զգացում վաղվա օրվա հանդեպ, «Հայրենիք» կուսակցությունը ժամանակավրեպ և անընդունելի է համարում նման գործելաոճը եւ պահանջում է կառավարությունից զերծ մնալ հարկային օրենսգրքում վերոնշյալ փոփոխությունները կատարելուց, մեր քաղաքացիների ֆինանսական և սոցիալական վիճակն էլ ավելի վատթարացնելու քաղաքականությունից:

Հիշատակված փոփոխությունները բացասաբար են անդրադառնալու ոչ միայն մեր քաղաքացիների վրա, այլ նաև նվազեցնելու են Հայաստանի գրավչությունը հնարավոր հայրենադարձների և օտարերկրյա ներդրողների համար, հանգեցնելու են անշարժ գույքի շուկայի էլ ավելի խորը կոլապսի»։