Երբեք չենք ունեցել նման անդեմ կառավարություն, գրպանային խորհրդարան, բարոյալքված դատական համակարգ

Հեղափոխության թիմում առաջացել են «հարուստ» նախարարներ ու «քյասիբ» պատգամավորներ

Ինչի՞ մասին էր 2018-ի հեղափոխությունը։ Հասարակության պահանջը համակարգ փոխելն էր։ Այս իմաստով հասարակությունը անցած երկու տարիներին հիասթափվելու լիարժեք առիթներ ունի։ Այսօր բոլորը զարմացած են, օրինակ, որ կառավարությունը դատական համակարգում տապալեց վեթինգը, սակայն զարմանալ պետք է, որովհետև գլոբալ առումով հեղափոխության թիմը չի հրաժարվել հին համակարգից, իսկ այս տրամաբանության մեջ դժվար է ակնկալել բարեփոխումներ կոնկրետ ոլորտներում։ 2018-ի ապրիլ-մայիսին համակարգի հեռացման պահանջն ամփոփված էր անձի մերժման մոտիվով։ Սակայն հեղափոխությունը մերժեց անձերին՝ այդպես էլ չբերելով նոր համակարգի ստեղծման։ Հետհեղափոխական Հայաստանում անձնիշխանության մոդելն ավելի է ամրապնդված․ երբեք չենք ունեցել նման անդեմ կառավարություն, գրպանային խորհրդարան, բարոյալքված դատական համակարգ։ Հիմա իշխանությունը մարմնավորում է ընդամենը մեկ անձ, իսկ մյուս բոլոր պետական ինստիտուտները ստիպված են սպասարկել նրա օրակարգը՝ այսպես ասած առաջադրանքները, որոնք կարող են լինել հակասական ու չունենալ ներքին տրամաբանություն։ Հեղափոխության թիմը տապալել է հեղափոխության օրակարգը, ու պատահական չէ, որ Հանրապետության հրապարակից հնչած մի քանի առանցքային խոստումներ մնացել են թղթի վրա․ մենք չունենք նոր Սահմանադրություն, Ընտրական օրենսգիրք, Կուսակցությունների մասին օրենք և այլն։ Գործում է հին համակարգի տրամաբանությունը, ու այս պարագայում միայն միամիտները կարող են բարեփոխումների հույսեր ունենալ։ Ընդ որում՝ հեղափոխության առաջնորդը «սորտավորել» է ոչ միայն քաղաքական ուժերին (հեղափոխականներ ու ռևանշիստներ), հասարակությանը (սևեր ու սպիտակներ), այլ նաև՝ սեփական թիմին, որի մի ստվար զանգված՝ խորհրդարանական մեծամասնությունն, օբյեկտիվորեն պետք է դժգոհ լինի իր առաջնորդից։ Այն դեպքում, երբ կառավարության անդամները ստանում են աստղաբաշխական պարգևավճարներ ու ունեն ահռելի իշխանություն, առաջնային մանդատ ունեցող միակ մարմնի՝ խորհրդարանի ինստիտուցիոնալ դերակատարությունը զրոյացված է, ընդ որում՝ ոչ միայն քաղաքական առումով։ Հեղափոխության թիմում առաջացել են «հարուստ» նախարարներ, որոնք իրական իշխանության կրող են, ու «քյասիբ» պատգամավորներ, որոնք «նստած» են համեստ ռոճիկի վրա։ Հին համակարգի պահպանումը և թիմի «սորտավորումն» անխուսափելիորեն բերելու էր հակասությունների հենց իշխանության ներսում, ու պատահական չէ, որ «դժգոհների» ամենամեծ բանակը հենց Նիկոլ Փաշինյանի շրջապատում է։ Այդ «դժգոհներն» առայժմ խոսում են «պատերի տակ», վաղը դառնալու են «ամրոցի բանալիները» հանձնողները, մանավանդ, որ Հայաստանը երբեք չի ունեցել նման ապագաղափարական ու ապաքաղաքական մեծամասնություն, որը տարբեր խմբերի բավականին անհաջող հիբրիդ է։ Երբ հեղափոխությունը չի հանգեցնում որակական բարեփոխումների, ապա առաջացնում է տոտալ ճգնաժամ, սակայն այս մասին՝ հաջորդիվ։

Հրաչյա Ռոստոմյանի ֆեյսբուքյան էջից

Հեղափոխության թիմում առաջացել են «հարուստ» նախարարներ ու «քյասիբ» պատգամավորներ Ինչի՞ մասին էր 2018-ի հեղափոխությունը։…

Опубликовано Hrachya Rostomyan Понедельник, 25 мая 2020 г.