«Իսկ դու տեղյա՞կ ես, որ Մատենադարանում հինգերորդ Ավետարանը կա՝ գրաբար թարգմանությամբ»-2

Հարցրել է Ռաֆայել Իշխանյանը` Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնների առնչությամբ

Սկիզբը` այստեղ

Հայտնի մտավորական Ռաֆայել Իշխանյանն այս հարցը տվել է Մատենադարանում պահվող, գրաբարով գրված «Կանոնագիրք հայոց» ժողովածուից Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնները աշխարհաբար արևելահայերենի փոխադրած գրող, թարգմանիչ, հրապարակախոս Մաքսիմ Ոսկանյանին: Կարծում ենք, ոչ թե չիմացությամբ է Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնները «հինգերորդ Ավետարան» անվանել (իրականում այն 5-րդ Ավետարան և, ընսհանրապես, Ավետարան չէ), այլ Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնները մեծապես կարևորելով:

Ներկայիս Աստվածաշունչն արդյոք ա՞յն է, ինչ պետք է լիներ, թե հրեաների կամ մասոնների միջամտությամբ Նոր Կտակարանից դուրս են թողնվել Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնները:

Վերոնշյալ հարցադրմամբ և այս թեմայով մեր հրապարակման մեջ, որին կարող եք ծանոթանալ այստեղ, ընդգծել էինք, որ Առաքելական կանոնները պարականոն ինչ-որ գրվածք չեն, սակայն, դրանով հանդերձ, չեն ներառվել Նոր Կտակարանում` չնայած իրենց կարևորությանը և այն հանգամանքին, որ Կանոնները վերաբերվում են ոչ միայն առաքյալներին և նրանց գործի շարունակող անցյալի և մերօրյա հոգևորականներին, այլև Եկեղեցուն` լայն իմաստով, այսինքն նաև` Եկեղեցու յուրաքանչյուր շարքային անդամի, յուրաքանչյուր քրիստոնյայի, ինչպես Ավետարանները չեն վերաբերվում միայն հոգևորականներին:

Միաժամանակ ունենալով որոշ հիմքեր, առաջ էինք քաշել այն վարկածը, որ Առաքելական կանոնները կարող էին Նոր Կտակարանում միտումնավոր ներառված չլինել Քրիստոսամերժ հրեաների կամ մասոնների միջամտությամբ, քանի որ դրանում Քրիստոսամերժ հրեաների դեմ գրված բաներ կան: Կարդացեք Առաքելական կանոնները, և դրանում կհամոզվեք ինքներդ: Եթե մեր հոգևորականների, մասնագետների կողմից կա Առաքելական կանոնները Նոր Կտակարանից դուրս թողնելու այլ բացատրություն, սիրով ու հետաքրքրությամբ կծանոթանանք դրան:

Հիշեցնենք, որ Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնները ներառված են Ամենայն Հայոց Կաթողիկոս (717 թվականից առ 728 թ.), աստվածաբան, իմաստասեր, Հայ Առաքելական Եկեղեցու կողմից սրբերի շարքին դասված Հովհաննես Գ Օձնեցու «Կանոնագիրք հայոց» ժողովածուում: Առաքելական կանոնների` գրաբարից աշխարհաբար Մաքսիմ Ոսկանյանի կատարած փոխադրությունը` «Առաքելական կանոններ» վերտառությամբ առանձին գրքույկով, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանում 1995թ. հրատարակվել է Երուսաղեմի միաբան, բանասիրության և փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր, Եկեղեցիների համաշխարհային խորհրդում Մայր Աթոռի ներկայացուցիչ (1975-1986), Երևանի պետհամալսարանի աստվածաբանության ֆակուլտետի հիմնադիր- դեկան (1995 թվականից), լուսահոգի Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի հովանավորությամբ: Մաքսիմ Ոսկանյանը գրքույկի վերջում ներկայացրել է, թե ով էր Ղուկաս Ավետարանիչը.

«Ղուկաս Ավետարանիչը Անտիոքից էր, արհեստով՝ բժիշկ: Քաջատեղյակ էր ասորերենին, եբրայերենին, հունարենին: Եվ երկրավոր բժիշկը լսելով Երկնավոր Բժշկի գործերի մասին, որ հրաշքով կույրին տեսողություն է շնորհում, քայլեցնում է կաղերին ու անդամալույծներին, կենդանացնում մեռելներին, ելավ-գնաց Նրա մոտ, լսածներն իր աչքով տեսավ ու հավատաց: Ապա դարձավ մերձակիցը Պետրոս և Պողոս առաքյալների, և երբ Մարկոսը և Բառնաբասը Կիպրոս գնացին, Ղուկասը Պետրոսի մոտ գնաց որպես գործընկեր և նրա հետ ճամփորդեց Հռոմ: Իսկ հետո, Պողոս առաքյալի հրամանով, եղավ Գաղղիայում, Իտալիայում, Դաղմատիայում և Մակեդոնիայում և որպես հոգևոր ու մարմնավոր բժիշկ՝ ամոքում ու հոգում էր հոտի կարիքները: Եվ առանց դեղերի, հրաշագործություններով՝ բժշկում էր հիվանդներին, շատերին այդպես վերադարձնելով Աստծո փարախը: Կրկին Պողոս Առաքյալի հրամանով էր, որ Ղուկասը գրեց իր անունով Ավետարանը: Գրեց ասորերենով: Տասը տարի անց գրեց նաև առաքյալների գործերի մասին, որ ուղղված էր Թեոպիլոսին: Առաքելական կանոնների վերջաբանից տեղեկանում ենք, որ Ղուկասը հրաման ստացավ գրի առնելու նաև եկեղեցու ընդհանրական կանոնները, որ առաքյալները սուրբ Հոգու առաջնորդությամբ միաբան կազմեցին առաքելության մեկնելուց առաջ՝ Վերնատան ժողովում: Ղուկասն ութսունն անց էր, երբ ավանդեց հոգին: Մարմինը գտնվում է Կ. Պոլսում և մինչև այսօր էլ նրա դամբարանի վրա բազմաթիվ հրաշքներ են կատարվում:

Սուրբ Ղուկասի մասին պատմում են, որ նա նաև ճարտար նկարիչ էր: Եվ առաջին անգամ Ղուկասն է, որ նկարել է Սուրբ Աստվածամորը՝ Հիսուս մանկանը գրկին: Այդ նկարը Պոլսից տեղափոխվեց Հռոմ, որտեղ մինչև այսօր էլ պահպանվում է (տե՛ս ներքևի նկարը)»:

Ինչպես խոստացել էինք, ներկայացնում ենք Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնները, թարգմանչի բնորոշմամբ, «Սուրբ եկեղեցու այն կանոններն ու սահմանները, որ, Տիրոջ երկինք համբառնալուց հետո վերնատան մեջ ժողովվելով, հանձնարարեցին Քրիստոսի աշակերտները»:

Արթուր Հովհաննիսյան

 

ԳԼՈՒԽ  Ա

ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՊԵՏՔ Է ԱՂՈԹՔԻ ԿԱՆԳՆԵԼ ԱՐԵՎԵԼՔ ԴԱՐՁԱԾ

Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ այն ժամանակ, երբ աղոթքի կանգնես կամ երկրպագես Աստվածությանը՝ կանգնի՛ր դեմքով արևելք, համաձայն այն խոսքի, որ Փրկիչն ասաց. «Ինչպես կայծակն է փայլատակում արևելքից և երևում է մինչև արևմուտք, այդպես էլ պիտի լինի մարդու Որդու Գալստյան ժամանակ»: Որովհետև արդարության Արեգակը՝ Քրիստոսը, Աստծո Որդին, արևելքից է ծագում և փրկություն կատարում երկրի մեջ: Եվ այսուհետև իմացե՛ք, որ արժան է աղոթքի կանգնել ու հավիտենական անմահ արքային երկրպագել միայն արևելք դարձած:

ԳԼՈՒԽ  Բ

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ՊԱՏԱՐԱԳԻ ՄԱՍԻՆ

Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ ամեն կիրակի՝ մեկշաբաթի օրը, լինի տոն, պաշտոն և տերունական արյան ու մարմնի խորհրդի կատարում, որ մեզ պատվիրեց Կենարարը, և պատարագի հացը սուրբ սեղան բարձրացվի նույն օրը եփած՝ տաք վիճակում: Իսկ արժանավորները հաղորդվեն առանց որևէ արհամարհանքի, այլ մեծ երկյուղով: Մեկշաբթի օրը լինի դատարկված ու փափկացված, ինչպես Աստված պատվիրեց Նոյին, Աբրահամին ու Մովսեսին: Լինի հանգիստ երկրավոր աշխատությունից, ինչպես յոթերորդ ժամանակի մեջ՝ մեր Տիրոջ հավիտենական արքայության Գալստյան ժամանակ: Ամեն մեկշաբթի ընթերցվեն սուրբ մարգարեների ու առաքյալների գրքերը, իսկ ավարտին՝ կարդացվի այս ամենի գլուխ Ավետարանը և մատուցվի պատարագ, որովհետև մեկշաբթի օրը եղավ արարածների ստեղծումը, մեկշաբթի օրը Տեր Հիսուս Քրիստոսը հարություն առավ մեռելներից, և մեկշաբթի օրը ծագեց աշխարհի վրա և մեկշաբթի օրը՝ Պենտեկոստեի ժամանակ, մեր Տերը բարձրացավ երկինք և աշխարհի վախճանին պիտի երևա մեկշաբթի օրը՝ Հայրական փառքով ու երկնային հրեշտակներով հանդերձ:

ԳԼՈՒԽ  Գ

ՉՈՐԵՔՇԱԲԹՎԱ ՊԱՀԵՑՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ չորեքշաբթի օրը պահեցողություն լինի, որովհետև այդ օրը Տերը կանխատեսեց և հայտնեց աշակերտներին իր չարչարանքների, կենարար խորհրդի, մատնության, դատաստանի, խաչելության, մահվան ու հարության մասին, և այդ օրը տրտմեցին աշակերտները: Արդ, չորեքշաբթի լինի պահք, սուգ, պաշտոն, նաև ցնծության և ուրախության աղոթքներ:

ԳԼՈՒԽ  Դ

ՈՒՐԲԱԹ ՕՐՎԱ ՊԱՀԵՑՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ ուրբաթ օրը պահեցողություն, սուգ և տրտմություն լինի, որովհետև ինչ ասվեց չորեքշաբթի օրը մեր Փրկչի չարչարանքների մասին, ուրբաթ օրը կատարվեց, այն ժամանակ շարժվեցին բոլոր արարվածները, և խավարեցին երկնքի լուսատուները: Պահեցողությունը լինի մինչև իններորդ ժամը:

ԳԼՈՒԽ Ե

ՇԱԲԱԹ ՕՐԸ ՊԱՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե՝ շաբաթ օրը լինի տոն և պաշտոն՝ ամբողջ տիեզերքի համար, հանուն բոլոր մարտիրոսների՝ հիշատակի օր, քահանաները նրանց համար պատարագ մատուցեն և ուրախության սաղմոսներ երգեն, որովհետև շաբաթ օրը մեծ Արքայի Գալստյան կարապետն է: Բոլոր սրբերին պարտ է ուրախ լինել Քրիստոսի առաջ:

Շարունակելի