«Մեծ Հայրենականի Մեծ հայերը». Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ մտավորականները

Սկիզբը՝  այստեղ

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացնում է Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ մտավորականներին:

ՂԱԶԱՐՈՍ ՍԱՐՅԱՆ (1920-1998)

Կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ղ․ Սարյանը ծնվել է մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի ընտանիքում։ Սովորել է Երևանի կոնսերվատորիայում և Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում։ 1939 թ․ զորակոչվել է Սովետական բանակ։ Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից մինչև ավարտը մասնակցել է մարտական գործողություններին, ինչպես նաև Եվրոպայի մի շարք երկրների ազատագրմանը։ Ծանր ու դժվարին մարտերը խոչընդոտ չեն հանդիսացել երաժշտությամբ զբաղվելուն։ Ղեկավարել է զորագնդի ինքնագործ նվագախումբը, գրել երգեր։ Արժանացել է «Մարտական ծառայությունների համար», «Մարտական կարմիր դրոշ» մեդալների և «Կարմիր աստղ» շքանշանի։
Պատերազմի ավարտից հետո Ղ․ Սարյանը ընդունվել է Մոսկվայի Պ․ Չայկովսկու անվան կոնսերվատորիա։ 1955-1956 թթ․ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահն էր, 1960-1986 թթ․՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը։ Հեղինակ է մի շարք սիմֆոնիկ, կամերային, գործիքային և վոկալ ստեղծագործությունների։