Հայաստանում պատրաստվում են օրենսդրորեն բացել այլասերման, պղծության, սոդոմ-գոմորյան կործանման դարպասները

Կիսվեք այս տեղեկությամբ ձեր ծանոթների, ընկերների և մտերիմների հետ, մարդկանց հետ, որոնք, ձեր կարծիքով անտարբեր չեն այս հարցերում

Իշխողները պատրաստվում են ձեռքի հետ էլ օրենսդրորեն բացել Հայաստանում այլասերման, պղծության, սոդոմ-գոմորյան կործանման դարպասները: Լանզարոտի կոնվենցիայի վավերացման դեպքում Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի համակարգ առաջին անգամ կներմուծվի «սեռական կողմնորոշում» հասկացությունը: Այս մասին զգուշացրել կամ տեղեկացրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Դժվար չէ պատկերացնել, թե այդ ճանապարհը բացելուց հետո դրան ինչ է հաջորդելու…

Արտաքուստ անմեղ և բարի նպատակներ հետապնդող անվանմամբ, Լանզարոտում 2007թ. հոկտեմբերի 25-ին ստորագրված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (հակիրճ` Լանզարոտի կոնվենցիա) թաքնված վտանգներին, վտանգավորությանը, կոնվենցիայի հակասահմանադրական լինելուն, ՀՀ Ազգային ժողովի կողմից կոնվենցիայի վավերացման դեպքում այդ վտանգները մեր կյանքի իրականություն դարձնելուն, Լանզարոտի կոնվենցիան վավերացնելու և ուժի մեջ մտցնելու անթույլատրելիությանն արդեն անդրադարձել ենք մեր «Մոտ ապագայում ականատեսն ենք լինելու մի մղձավանջի, որը նույնիսկ մեր ամենավատ երազում չէինք կարող պատկերացնել», «Երեխաներին զրկել իրենց անմեղությունից և ամոթից, խեղել նրանց հոգին, պղտորել միտքը. Լանզարոտի կոնվենցիայի թաքնված նպատակը», «Մանկապղծության մեջ մերկացված ՄԱԿ֊-ի և այլ միջազգային կառույցների պաշտոնյաներն են կանգնած Լանզարոտի կոնվենցիայի ակունքներում» վերլուծականներով:

Փաշինյանական իշխանությունն արդեն սկսել է Լանզարոտի կոնվենցիան Ազգային ժողովում վավերացնելու գործընթաց, ԱԺ-ի պաշտոնական կայքում զետեղված լրատվության համաձայն, 2020թ. ապրիլի 27-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հանձնաժողովի անդամ պատգամավորները քննարկել ու դրական եզրակացություն են տվել հիշյալ կոնվենցիան վավերացնելու մասին հարցին:

Լանզարոտի կոնվենցիան վավերացնելու և ուժի մեջ մտցնելու վտանգավոր հետևանքների, վավերացման  անթույլատրելիության վերաբերյալ վերջին շրջանում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և ԶԼՄ-ներով հանդես են եկել նաև մասնագետները:

Հավատացնում եմ ձեզ, շատ էլ լավ սպառնում է՝ սեռական այլասերման վիրուսը դանդաղորեն, բայց հաստատուն տեմպերով առաջ է ընթանում

«Հիշո՞ւմ եք, երբ Չինաստանի Ուհան քաղաքում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվեց, մեզանից շատերն այստեղ՝ Հայաստանում, մտածում էին՝ Չինաստանն ու՜ր, մենք՝ ուր, մեզ չի կպնի,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է բժիշկ- սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը:- Կյանքն ապացուցեց հետևյալը, երկրագունդը մեկ է, սահմաններն՝ անհուսալի, վիրուսի դեմ ձեռնարկվող միջոցառոումներն՝ անարդյունավետ։

Հիմա համեմատական տանենք սեռական ոլորտի հետ։ Այսօր, երբ աշխարհի հեռու հեռավոր մի կետում, տեսնում ենք, որ սեռական այլասերումները հասել են իրենց գագաթնաակետին, զորօրինակ երբ տեսնում ենք, որ մանկապարտեզում ֆրիկցիաներ են ուսուցանում մանուկներին (իմ աչքով եմ տեսել), մտածում ենք, դե դա մեզ չի վերաբերում, մենք՝ հայերս դա թույլ չենք տա, մեզ դա չի սպառնում։

Հավատացնում եմ ձեզ, շատ էլ լավ սպառնում է՝ սեռական այլասերման վիրուսը դանդաղորեն, բայց հաստատուն տեմպերով առաջ է ընթանում։ Միգուցե արդեն իսկ ուշ է, աշխարհը բաց է, սահմաններն՝ անհուսալի, ինչպես տեսանք կորոնավիրուսի օրինակով։ Միևնույնն է՝ այդ ախտը հայտնվելու է Հայաստանում, ես կասեի արդեն իսկ հայտնվել է, ուղղակի դեռ փոքր թվաքանակով և լայն հասարակությանն անտեսանելի կերպով։

Հիմա ասածս որն է։ ԱԺ-ում հավանության արժանացած Լանզարոտեի կոնվենցիան արտաքնապես անմեղ թվացող գառ է։ Ո՞վ կարող է բան ասել՝ երեխաներին անհրաժեշտ է պաշտպանել սեռական չարաշահումներից, -ասում է Լանզարոտեի կոնվենցիան։ Դե իհարկե պետք է, ո՞ր բանական էակը հակառակը կպնդի։ Բայց եկեք մի պահ կանգ առնենք, եկեք մտածելուց չշտապենք ու մի փոքր ավելի խորը մտածենք։ Երեխաներին անշուշտ պետք է պաշտպանել սեռական չարաշահումներից, երեխաներին անշուշտ պետք է սեռական գրագիտություն հաղորդել, սեփական սեռականությանն ինքնաճանաչ դարձնել։ Այստեղ որևէ առարկություն լինել չի կարող։ Բայց ԻՆՉՊԵ՞Ս: Շեշտն այստեղ ինչպես-ի մեջ է։ Դա անել՝ երեխայի ուղեղը ծանրաբեռնելով սեռական չարաշահման պատկերներո՞վ, մարմնի զգայական ներո՞ւժը բացահայտել, սեռական հաճո՞ւյք արթնացնել։ Այո՞։ Ինքներդ մտածեք։

Մեր նպատակն առողջ երեխա ունենալն է, այդպես չէ՞։ համոզված եմ, որ մեր պատգամավորները Լանզարոտեի կոնվենցիան հավանության արժանացնելուց հենց այս ազնիվ մղումով են առաջնորդվել։ Սակայն սիրելի պատգամավորներ, չե՞ք կարծում, որ առողջ երեխա ունենալու համար անհրաժեշտ է պահպանել երեխայի մանկությունը, հնարավորինս շատ երկարաձգել նրա անմեղության ժամանակահատվածը։ Երեխայի համար ամենաթախանձագին նվերը նրա մանկությունն է, երեխա լինելն ու երեխա մնալը։ Սեռապես առողջ երեխան մանկություն ունեցած երեխան է։ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՌԱԿԱՆ ԿՈՒՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է։ Մի բացեք երեխայի աչքերը ժամանակից շուտ, ձեր «ազնիվ» մղումն ինքնին երեխայի հանդեպ սեռական բռնություն է դառնում։ Խնդրում եմ սեփական գլխով մտածեք, լռության մեջ նստեք ու հիշեք ձեր մանկությունը, ի՞նչն եք ամենից շատ կարոտում՝ ձեր մանկությո՞ւնը, թե՞ մեծերի «ամենագիտությունը»։

Ասածս չի նշանակում, սեռական չարաշահման դեմ պայքար չմղել, ընդամենը ասում եմ, ուրիշ ձևով է պետք դա անել, միգուցե սեռական չարաշահողներին ցմահ բանտարկելով կամ չգիտեմ ինչպես»։

Լանզարոտի կոնվենցիայի վավերացումը հեշտացնելու է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, և ոչ միայն…

«2007թ. հոկտեմբերի 25-ին Լանզարոտում ստորագրված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին»‰ Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման հարցն արդեն Ազգային ժողովում է,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արա Զոհրաբյանը:- Այս կոնվենցիան Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է 2010թ. սեպտեմբերի 29-ին:

Թե կոնվենցիայի կիրառումը գործնականում ինչ հետևանքներ կարող է առաջացնել, ներկայացնում է սեքսոպաթոլոգ Նարինե Ներսիսյանը Narineh Nersisyan (հղումը մեկնաբանություններում, անպայման կարդացեք):

Առանց իրավական վերլուծության ենթարկելու նշված կոնվենցիան, որպես քաղաքացի կներկայացնեմ մի քանի դիտարկում՝

  1. Կոնվենցիայով Հայաստանի նորմատիվ իրավական ակտերի համակարգ է ներմուծվում «սեռական կողմնորոշում» հասկացությունը:
  2. Այս կոնվենցիայի վավերացումը հեշտացնելու է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը: Ստամբուլյան կոնվենցիան նույնպես կիրառում է «սեռական կողմնորոշում» հասկացությունը և, բացի այդ, ըստ էության, «ընտանիք»‰ հասկացությանն էր հավասարեցրել նաև նույնասեռականների միությունը:
  3. Այս կոնվենցիայի վավերացումը հեշտացնելու է Երեխաների որդեգրման մասին կոնվենցիայի վավերացումը: Հայաստանն այս կոնվենցիան ստորագրել է 2008թ. նոյեմբերի 27-ին: Այս կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետություններն ազատ են կոնվենցիայի գործողությունը տարածել նույն սեռի այն զույգերի նկատմամբ, ովքեր ամուսնացել են կամ գրանցել են իրենց զուգընկերությունը (partnership): Պետություններն ազատ են նաև Կոնվենցիայի գործողությունը տարածել տարբեր կամ նույն սեռի զույգերի նկատմամբ ովքեր միասին են բնակվում և ունեն կայուն հարաբերություններ:
  4. Հիշում ենք նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նոր նախագծի մասին, որով առաջարկում էր փոփոխություններ և լրացումներ կատարել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում: Նախարարությունն առաջարկել էր «ընտանիքի անդամներ» հասկացության մեջ ներառել նաև «զուգընկեր»-ը, որի տակ նախարարությունը հասկանում է «միևնույն անձի հետ մտերիմ (այդ թվում՝ ինտիմ) հարաբերությունների մեջ գտնվող անձ»: Ի դեպ, տեղեկացնեմ, որ փաստացի ամուսնության մեջ գտնվող, սակայն չգրանցված տարբեր սեռերի անձանց նույն օրենքը համարում էր ամուսիններ, ոչ թե՝ զուգընկերներ: Հետևաբար նախագծով առաջարկվող զուգընկերը լրիվ այլ հասկացություն է:

Հ.Գ. Պետք է պայքարել բռնությունների դեմ և պետք է երեխաներին պաշտպանել սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից, բայց դա պետք է այնպես կազմակերպել, որպեսզի չոչնչացնենք ընտանիք ինստիտուտը և մեր երեխաների մանկությունը»։

 Տեսանք ինչ եղավ ՀՀԿի հետ, իրենք ընդամենը ստորագրողն էին, վավերացնողն ու կիրառողը դեռ պիտի բերվեին իշխանության

«Չեն թողնում մարդ հանգիստ իր գործով զբաղվի՝ ամեն անգամ մի նոր թեմա առաջ բերելով» վերտառության ներքո «Ֆեյսբուք»-ի իր էջում ուշագրավ և արժեքավոր գրառում է կատարել նաև բժիշկ, հասարակական գործիչ Զաքար Խոջաբաղյանը.

«Փաստորեն ՔՊ-ն ՀՀԿ-ին մերժելու անվան տակ եկել է իշխանության, որ հերթով վավերացնի ՀՀԿ-ի կողմից ստորագրված տարատեսակ կոնվենցիաներ ու օրենքներ՝ մի շարք խնդրահարույց կետերով։

Հերթական կոնվենցիան, որը ՀՀԿ-ի օրոք ստորագրվել էր, բայց չէր վավերացվել, բերվում է օրակարգ ու կարծես արդեն պիտի մտնի քառօրյա՝ լուռ, սուս-փուս․․․

Առաջին հայացքից լավ ու կարևոր թվացող այդ կոնվենցիան, որը կրում է երեխաներին սեռական բռնությունից, շահագործումից ու թրաֆիկինգից պաշտպանելու անունը, իրականում մի շարք ոչ միանշանակ ու խնդրահարույց ձևակերպումներ ու բացեր ունի։

Մասնավորապես հարցերից մեկը՝ 6-րդ կետով «կրթական» ծրագրերի անվան տակ՝ ոմանց դպրոց մտնելու ձգտումն է։

Ավելի կոնկրետ, սահմանվում է որ ՏԱՐՐԱԿԱՆ և միջին դասարաններում պետք է երեխաների հետ «կրթական-ինֆորմատիվ» աշխատանքներ տարվեն, նրանց բացատրելով սեռական շահագործման ենթարկվելու հնարավոր ռիսկերը և պաշտպանվելու ձևերը։

Այսինքն ի՞նչ, պիտի գնան դպրոցում 6-7 տարեկան երեխային ասեն, որ եթե հարազատդ քեզ գրկում է՝ ուշադիր կլինես էս-էս-էս բաների՞ն։ Փաստացի մի 100 կամ 1000 հանցագործի (ասում են, որ նման դեպքեր եղել են) դատելու, օրենքով կռտելու փոխարեն, մի ամբողջ սերունդ դարձնում են հոգեբանորեն խեղված՝ ստիպելով մտասևեռվել այդ թեմայի վրա, և իր հարազատությանը վերաբերվել որպես պոտենցյալ մանկապիղծ։

Եթե էս ամենին էլ գումարում ենք այն, որ այդ թեման ակտիվ շրջանառողները հայտնի ՀԿ-ներն են, որոնք այլասերության քարոզով են զբաղված, ապա է՛լ ավելի է հաստատվում անհանգստությունների առիթն այս հարցում։

Մասնավորապես, վերջերս մեծ աղմուկ հանեց՝ «Իմ մարմինն անձնական» է գիրքը, որտեղ սորոսական լգբտ համայնքի ներկայացուցիչներ՝ կանաց իրավունքների պաշտպանության անվան տակ հանդես եկող գրանտակեր ՀԿ-ներ, ելույթ էին ունենում և խրախուսում, որ պետք է 3 տարեկանից սկսել երեխային բացատրել այդ ամենը։ Նույնիսկ սոցապ. նախարարը աջակցություն հայտնեց իր երբեմնի մտերմիկ շրջապատը հանդիսացող այդ խմբերին։

Տարիներ ի վեր այդ խմբերը շրջանառել են ու սոցիալական ցանցերում մեծ աշխատանք են կատարել կոնկրետ «մասնագետների» հեղինակության համար, հենց որոնք էլ այսօր, որպես կանոն, զբաղված են այդ «սեռական դաստիարակության» ծրագրերի, դրանց բովանդակության և գրականության մշակմամբ։ Ստեղծել են այնպիսի ֆոն, որ հենց նրա՛նք ընկալվեն իբրև ոլորտային միակ և անփոխարինելի էքսպերտ։ Այսինքն, է՛ն խմբերը, որոնցից իրականում պետք է պաշտպանել երեխաներին, այսօր զբաղված են «մեթոդական ձեռնարկների» մշակմամբ, և վաղը առաջին իսկ հնարավորության դեպքում պիտի փորձեն ներխուժել դպրոց։ Ցավոք, պետությունը թերացել է այս հարցում, և բավարար ջանք չի ներդրել՝ ազգային մտածողությամբ և ո՛չ գրանտակեր ու ո՛չ հակահայ մասնագետների հզորացման ու պատրաստման ուղղությամբ։

Հիմա հարց եմ տալիս. ձեզնից ո՞ր մեկն է ցանկանում, որ իր 6-7 տարեկան երեխայի հետ դպրոցում եսիմ ով գա ու խոսի նման թեմաներից։

Իրականում, առանց այդ էլ ծանրաբեռնված դպրոցական ծրագրերում մի հերթական անիմաստ առարկա ավելացնելու փոխարեն, կարելի էր բարձր դասարաններում «Մարդու Անատոմիայի» դասաժամերին ավելացնել ևս ասենք 5 ժամ՝ «Վերարտադրողական առողջության մասին կրթություն» թեմայով։ Որպես բովանդակություն էլ ներառել սեռահասունացման շրջանում առողջ սնունդ, առողջ հագուստ, հիգիենա, հոգեբանություն, պատասխանատվություն, մանկածնություն և այլ՝ նմանատիպ թեմաներ։

Օրինակ, նույն սեռահասունության շրջանում ճիշտ ընտրված սնունդը կարևոր է՝ ապագայում մի շարք բարդություններից խուսափելու և առողջ օրգանիզմ ունենալու տեսանկյունից, նույնը հագուստին է վերաբերվում, երբ սխալ ընտրված հագուստը, կոշիկները և այլն, կարող են ազդել ոչ միայն միզասեռական համակարգի զարգացման վրա, այլ նաև կոնքի, ողնաշարի և այլ օրգան համակարգերի խնդիրներ առաջ բերել՝ հետագա բարդություններով։ Մի խոսքով, կան թեմաներ, որից կարելի է խոսել՝ շեշտը դնելով մարդու ռեպրոդուկտիվ (վերարտադրողական) ֆունկցիայի վրա, և առողջ ու պատասխանատու ընտանիքներ կազմավորելու հիմքերը պատրաստել, այլ ոչ թե՝ դրսից բերվող ու թարգմանվող ամեն աղբ մտցնել դպրոց ու հոգեբանորեն անդամալույծ դարձնել սերունդներին։

Էստեղ կարելի է ավելացնել նաև տարատեսակ կոռուպցիոն ռիսկերը՝ պայմանավորված կոնկրետ ՀԿ-ների շահագրգռվածությամբ, որոնք գումար են ստանում դեպքերի քանակով, և հետաքրքրվածություն ունեն դրանց շատացման հարցում։

Որպես լրացուցիչ ռիսկ կարելի է ավելացնել նաև հատկապես անցումային տարիքում երեխաների դաստիարակության բարդությունները։ Օրինակ, վաղ տարիքից նման վախերով ու ինֆորմացիայով ծրագրավորված ու բարդույթավորված երեխաները, իրենց ծնողի և ավագների հետ բնական-դաստիարակչական կոնֆլիկտները կարող են օգտագործել՝ շանտաժի ենթարկելով նրանց։

Կան նաև բազմաթիվ վկայություններ, թե ինչպես են հենց սոցաշխատողները, հոգեբանները և պետական պատասխանատուները խաբել ու շահագործել երեխաներին՝ նրանց պաշտպանելու անվան տակ։

Օրինակ Իտալիայում վերջերս մեծ սկանդալ էր, երբ բացահայտվեց, որ մի շարք «ոլորտային էքսպերտներ» շահագործել են երեխաներին, խլել նրանց ընտանիքներից, զբաղվել երեխաների առևտրով՝ նրանց նախապես տարբեր տեխնոլոգիաներով ներշնչելով, թե իբր իրենց ընտանիքում սեռական բռնության են ենթարկվել (հոդվածը այլ նմանատիպ նյութերի հետ կտեղադրեմ մեկնաբանություններում)։ Բրիտանիայում մեծ սկանդալ էր՝ պայմանավորված սոցաշխատողների կողմից տարատեսակ փաստեր կեղծելու և երեխաների առք ու վաճառքի մեջ ներգրավված լինելու թեմայով։ Վերջերս նաև բացահայտվել էր, որ երեխաների պաշտպանությամբ զբաղվող խոշորագույն կազմակերպություններից մեկի հիմնադիրը հենց ինքն է մանկապիղծ եղել…

Մի խոսքով, փորձը ցույց է տալիս, որ տարատեսակ ՀԿ-ներ և նման օտարասուն կառույցներ, որոնք իբր թե շահագրգռված են երեխաների պաշտպանությամբ, հենց իրենցի՛ց է պետք նախ և առաջ պաշտպանել երեխաներին և սերունդին, քանի որ, որպես կանոն, նրանք խեղված հոգեբանության ու այլասերության գեներացնողներ և տարածողներ են՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Եւ ուրեմն կարիք կա՞ կրկնելու եվրոպական երկրների սխալները, և ունքը դզելու փոխարեն աչքը հանելու հին ճանապարով գնալ, առավել ևս, որ տարբեր հրապարակումներ ցույց են տալիս, որ նման օրենքները ոչ միայն չեն նվազեցնում, այլև՝ վիճակագրորեն ավելացնում են նման դեպքերը։ Հեռու մի գնացեք, ուսումնասիրեք Հայաստանում նման թեմաների պրոպագանդայով զբաղվող ՀԿ-ներին և նրանց անդամներին. բազմաթիվ հրապարակումներ արդեն կան, բազմիցս խոսվել է դրանց այլանդակ գործունեության մասին։

Ամփոփելով, ժամանակին ՀՀԿ-ին թվում էր, թե ինքը վերահսկում է իրավիճակը, և կարող է ստորագրել տարատեսակ «աղբ կոնվենցիաներ»՝ ստանալով եվրոպական, արևմտյան դրամաշնորհներ և այլ արտոնություններ, միևնույն ժամանակ՝ չվավերացնել և խաղալ նրանց հետ։ Տեսանք ինչ եղավ ՀՀԿ-ի հետ։ Իրենք ընդամենը ստորագրողն էին, վավերացնողն ու կիրառողը դեռ պիտի բերվեին իշխանության։ Ու հիմա, եթե որևէ մեկը կարծում է, թե վավերացնելուց հետո էլ, միևնույն է, չի աշխատի սա, ապա նա պարզապես տեղյակ չէ թե ում և ինչ կառույցների հետ գործ ունի։

Պարզապես տեղյակ չեն, որ արդեն տարիներ շարունակ, հետևողական աշխատանք է տարվում տարբեր մասնագետների՝ «հոգեբանների», «սոցաշխատողների» և այլ նման «էքսպերտներ» պատրաստելու ուղղությամբ։

Որպես կանոն, ընտրվում են միջինից ցածր վերլուծական ունակություններով և վատ սոցիալական պայմաններում գտնվող մարդիկ, որոնք տարբեր կուրսերով դիպլոմավորվում կամ սերտիֆիկացվում են, և որակավորվում որպես էքսպերտ։ Նրանց տանում են տարատեսակ միջոցառումների, կլոր սեղանների, արտասահմանյան հանդիպում-գործուղումների և այլն։ Արդյունքում՝ նրանց ճնշող մասը, չունենալով բավարար տեղեկություններ իրական վտանգների մասին, իրենց աճեցնողներին դիտարկում է որպես փրկիչ, միաժամանակ ունենալով նրանց հանդեպ պարտքի զգացում՝ իրենց վրա ծախսված ռեսուրսների և աշխատանքով ապահովելու հանգամանքով պայմանավորված, ակամա զինվորագրվում է այս կեղտոտ համակարգերին և դառնում նրանց օրակարգերի սպասարկողը։

Հետևաբար, օրենքը հաստատելուց հետո պատրաստ եղեք, որ թե՛ «մասնագետներին» և թե՛ «մեթոդական գրականությունը» կարճ ժամանակում և ճարպկորեն քողարկված վտանգներով, խնդիրներով (ինչպես օրենքն է)՝ արդեն իսկ կներդրվեն կրթական ծրագրերում։ Մանավանդ, որ տարիներ առաջ, արդեն իսկ նման մի փորձ արվել էր․ շրջանցելով կրթության նախարարությունը՝ նրա անունից, այդ խմբերը դպրոցներին էին ուղարկել «Սեռական դաստիարակություն» անվամբ մի տխմարագույն ձեռնարկ, և նշել, թե դրանով պետք է դաս պարապեն։ Բարեբախտաբար, զգոն ուսուցիչների և համայնքի կողմից ժամանակին նկատվել և կանխվել էր դրա տարածումը՝ պարզելով, որ նախարարությունն էլ, փաստորեն, տեղյակ չէր, որ իր անունից նման գործունեություն են ծավալում։

Չխորանալով դետալների մեջ՝ ուղղակի ցանկանում եմ հանրությանը զգուշացնել այս խնդրի և հնարավոր հետևանքների մասին՝ ժողովրդի մտածող մասին կոչ անելով անտարբեր չանցնել այս հարցի նկատմամբ։ Կիսվեք այս տեղեկությամբ ձեր ծանոթների, ընկերների և մտերիմների հետ, մարդկանց հետ, որոնք, ձեր կարծիքով անտարբեր չեն այս հարցերում և նույնպես անհանգիստ են մեր սերունդների ճակատագրով և Հայկական Հայաստան ունենալու անհրաժեշտություն են տեսնում։ Փորձենք հասկանալ, թե ինչ կարելի է անել՝ որպեսզի պաշտպանենք մեր երեխաներին այլասերվածներից և նրանց քարոզներից։ Գործնականում ժամանակ չունենք, կոնվենցիան մոտ օրերս կմտնի ԱԺ»։

Արթուր Հովհաննիսյան