Գիլու ձագը

1962 թ. ամառն էր:

Արձակուրդներին գեղի հայրիկն ու գեղի մամը պահում էին երևանաբնակ թոռներին:

Այս անգամ հյուրընկալվել էր միջնեկ որդու՝ Սեթոյի կրտսեր որդին՝ Էդոն:

Աշխույժ էր, չար, անականջ, չորսամյա տղան անում էր խելքին փչածը:

Մի առավոտ, երբ բոլորն իրենց գործով էին զբաղված՝ գեղի հայրիկը չըգըլ էր անում, գեղի մամը բուրդը տարել էր առվի ափ, խփում էր, լվանում, փռում քարերին, Էդոն գառի պես քաշվել էր սարը, կորել:

Ամառվա երկար օրը մթնել էր, Էդոն չկար:

Որոնման աշխատանքներին լծվել էր ողջ գյուղը՝ ահել, ջահել, կին, տղամարդ:

Ապարդյուն՝ Էդոն չկար ու չկար:

Երեք օր ու գիշեր Պալըխլըվա սարերը ոտի տակ տված գյուղացիները ձեռնունայն, գլխիկոր տուն են դառնում:

Ոմանք այն կարծիքին էին, որ գելերն են կերել:

Այդ դեպքում շորերն ո՞ւր են, տրամաբանում էին մյուսները:

Գեղի մամը մեռած էր, թաղած չէր, վշվշում էր, ծնկներին խփում, թե՝ տունն ավերվեց:

Գեղի հայրիկը դարձել էր մի բուռ, ինչ էր ասելու որդուն, ինչպես բացատրի, որ չեն կարողացել տերություն անել չորսամյա երեխային:

Ջիգյարի մրմուռին գումարվել էր պատասխանատվությունը:

Չորրորդ օրը նախիրը տուն քշած չոբաններից մեկը  գրկած տուն էր բերել քուն մտած երեխային, որին գտել էր գելերի բնի մոտ:

Համընդհանուր ուրախություն էր տիրում, գեղի հայրիկը գառ էր մորթել:

Գեղի մամն էդ օրվանից նրան կնքեց «գիլու ձագ» անունով:

Այն հարցին, թե ուր էր գնացել, արտասանել է, թե՝ մոր համար ծաղիկ հավաքելու:

Իսկապես, ոնց չէր վախեցել, ոնց գելերը չէին կերել:

Քսաներկու տարի անց Էդիկը մահացավ արյան քաղցկեղից:

Հերձելիս պարզվել էր, որ սրտի փորոք է ունեցել նաև կրծքավանդակի աջ կողմում:

Սիրանույշ Եղիազարյան