ՄԻՊ-ը արագ արձագանքման խմբեր է ուղարկել Ոստիկանության բաժիններ, Գավառ քաղաք, Գավառի ԲԿ և Նորատուս գյուղ

Երեկ Գավառ քաղաքում տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը սահմանել է շուրջօրյա դիտարկում, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը գործուղվել են Ոստիկանության բաժիններ, Գավառ քաղաք, Գավառի բժշկական կենտրոն և Նորատուս գյուղ:

Պաշտպանի ներկայացուցիչները Գավառում և Նորատուս գյուղում հանդիպումներ կունենան այն անձանց հետ, որոնց ազգականները գտնվում են իրավապահ մարմիններում:

Ոստիկանության բաժիններում արդեն իսկ տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկված, այդ թվում՝ ձերբակալված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են մի շարք ահազանգեր, կապի մեջ ենք իրավապահ մարմինների և փաստաբանների հետ:

Պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ: