Ապրիլքսանչորսյան քայլերթի փոխարեն՝ մարդասիրական դրամահավաք. ամերիկահայերը որոշել են առցանց մարդասիրական գործունեություն ծավալել

COVID-19-ի համավարակի պատճառով Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչումն այսօր ԱՄՆ-ում տեղափոխվել է առցանց հարթակ, որի մասնակիցները մարդասիրական դրամահավաք կիրականացնեն՝ Feeding America կազմակերպությանն աջակցելու և 3 մլն մարդու սնունդով ապահովելու համար, գրում է abc7.com-ը։

Աղբյուրը գրում է, որ ամեն տարի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հազարավոր ամերիկահայեր քայլերթ են իրականացնում Հոլիվուդի փողոցներով, սակայն այս տարի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ 105-րդ տարելիցի ոգեկոչումը տեղափոխվել է առցանց հարթակ։

«Ի սկզբանե մենք 1,5 մլն հոգու համար էինք սնունդ նախատեսել՝ ի հիշատակ 1,5 մլն զոհերի»,-ասել է Ամերիկայի հայկական համագումարից Միհրան Թումաջանը։

«Իմ պապը փրկվել է Մերձավոր Արևելքի օգնության հիմնադրամի կողմից` ամերիկյան բարեգործական կազմակերպություն, որն Օսմանյան կայսրությունից փրկել է ավելի քան 300 հազար որբերի», – ասել է Ամերիկայի հայկական խորհրդի անդամ Գրիգոր Մոլոյանը։

Կազմակերպիչների համաձայն՝ ներկա ճգնաժամի պայմաններում, երբ այդքան շատ ամերիկացիներ պայքար են մղում կորոնավիրուսի դեմ, Feeding America կազմակերպությանն օգնությունն առավել քան նպատակահարմար էր։