Այսօրվա բնական աղետները Երկրի պատասխանն են մարդկության կողմից վատ վերաբերմունքին. Հռոմի պապը Երկրի օրվա կապակցությամբ դիմել է աշխարհին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Երկրի օրվա կապակցությամբ դիմել է մարդկությանը՝ կոչ անելով պաշտպանել շրջակա միջավայրը: Նա ընդգծել է, որ կորոնավիրուսային համավարակը ցույց տվեց, որ որոշ մարտահրավերներ պետք է համաշխարհային մակարդակի պատասխան ստանան:

Ինչպես նշում է Daily Mail, Հռոմի պապն ասել է, որ այսօրվա բնական աղետները Երկրի պատասխանն են մարդկության կողմից վատ վերաբերմունքին:

«Եթե հիմա Աստծուն հարցնեմ՝ ինչ է մտածում այս ամենի վերաբերյալ, չեմ կարծում, որ կասի՝ այս ամենը լավ է: Մենք ոչնչացրել ենք Աստծո ստեղծածը: Երկիրը շահագործման համար պաշարներով անհատակ հանք չէ: Մենք մեղք են գործել Երկրի, մեր շրջապատի և ի վերջո Արարչի դեմ»,-ասել է կաթոլիկների հոգևոր առաջնորդը:

Իր խոսքում Հռոմի պապը գովել է բնապահպանական շարժման մասնակիցներին՝ ընդգծելով, որ երիտասարդ էկոակտիվիստները պետք է փողոցներ դուրս գան ու սովորեցնեն, որ մարդկությունն ապագա չի ունենա, եթե կործանի շրջակա միջավայրը: