Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության վերջնական կարգավորումը պահանջում է լիարժեք բանակցային գործընթացի վերականգնում

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ մեր դիրքորոշումն անփոփոխ է, մենք դեմ չենք փոխզիջումային տարբերակով հակամարտության վերջնական կարգավորմանը, մենք դեմ չենք փուլային տարբերակին, մենք դեմ ենք այն փիլիսոփայությանը, որը դրվում է Ադրբեջանի կողմից այդ փուլային տարբերակի մեջ։

Անհնար է նույնիսկ պատկերացնել հակամարտության վերջնական կարգավորումն առանց լիարժեք բանակցային գործընթացի վերականգնման։ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության պատմաքաղաքական հիմքերը վկայում են, որ տվյալ դեպքում ազգերի ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականության սկզբունքը ոչ միայն չեն հակասում, այլև լրացնում են միմյանց, այն տրամաբանությամբ, որ Արցախի Հանրապետության փաստացի հսկողության տակ գտնվող տարածքները երբևիցե չեն գտնվել անկախ և միջազգային սուբյեկտ հանդիսացող Ադրբեջանի Հանրապետության (թե 1918 թ. ստեղծված Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության, թե ներկայիս) կազմում։ Ուստի, հակամարտության կարգավորման բանակցությունների փոխզիջումային տրամաբանության հիմքում առաջնահերթ նշանակություն է ստանում ազգերի ինքնորոշման իրավունքը։

Փոխզիջումային տարբերակով հակամարտության վերջնական կարգավորման տրամաբանության առաջնահերթ պայմաններից է արցախահայության ֆիզիկական անվտանգությունը, ուստի բացառվում է նախկինում քննարկված յոթ շրջանների հետ կապված ցանկացած քննարկում։

Հիշեցնեմ, որ Ադրբեջանի Հանրապետությունը Հելսինկյան եզրափակիչ ակտը ստորագրել է 1992 թ. և Արցախի Հանրապետությունը չէր կարող մաս կազմել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, քանի որ չէր գտնվում Ադրբեջանի իրավազորության ներքո: Ընդ որում, Ադրբեջանը, հռչակելով իր անկախությունը ԽՍՀՄ-ից, իրեն հայտարարել է որպես 1918 թ. Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդ, որը, ի դեպ, չէր ճանաչվել միջազգային հանրության կողմից, իսկ Արցախի Հանրապետությունն իր ներկայիս տարածքներով չէր մտնում 1918 թ. Ադրբեջանի Հանրապետության մեջ: Թե ԱդրԽՍՀ, թե Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունը չէին հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտ, ուստի նաև չունեին սուվերեն երկրին հատուկ հստակ սահմաններով պարփակված տարածքային ամբողջականության հատկություններ։

Ժիրայր Ազիզյան

Քաղաքագետ