Ռուսաստանը Սիրիա է տեղափոխում զրահապատ տեխնիկայի ևս մեկ խմբաքանակ

Օրեցօր ավելի է ամրապնդվում այն կարծիքը, որ մոտ ապագայում Սիրիայում դաշնակիցները (Սիրիան, Ռուսաստանը, Իրանը և շիական աշխարհազորայինները) միջոցներ կձեռնարկեն թուրքական բանակը Սիրիայի Իդլիբ նահանգից, ըստ երևույթին նաև սիրիական այլ տարածքներից վտարելու համար:

Թող ընթերցողներն իրենք վերլուծեն. ապրիլի 11-ին Իսրայելի գլխավոր շտաբը տագնապով հայտարարեց, որ իսրայելական ռազմական հետախուզությունը լիբանանյան «Հըզբոլլահ» կուսակցության զինյալների դիրքերում «նկատել է» սիրիացի գեներալների: Եվ եթե իսրայելցիների տվյալները հավաստի համարենք, ապա կարելի է եզրակացնել, որ սիրիական բանակի բարձրաստիճան սպաները փորձում են ռազմաճակատում լավացնել լիբանանյան «Հըզբոլլահ»-ի մարտիկների հետ իրենց հարաբերությունները և համակարգել հետագա քայլերը շիաների հետ:

Չնայած Սիրիայում անկայուն հրադադարի պահպանմանը, Ռուսաստանը ևս ակտիվացրել է զրահատեխնիկայի և զենքի տեղափոխումն այս երկիր: Այսպիսով, ըստ սիրիական և թուրքական աղբյուրների, մի քանի օր առաջ Բոսֆորն անցած ռուսական խոշոր «Սարատով» դեսանտային նավը բեռնված էր 150 տանկով և զրահատեխնիկայով, ինչպես նաև՝ ակնհայտորեն այլ զենքով և զինամթերքով: «Ռուսաստանի Դաշնությունը Սիրիա է ուղարկել տանկերի և զրահատեխնիկայի փոխադրողների ևս մեկ մեծ խմբաքանակ, քանի որ մեծացնում է աջակցությունը սիրիական զինված ուժերին»,- գրել է ծովային դիտորդ Յորուք Իշիկը: Իշիկի խոսքով՝ Ռուսաստանը Սևծովյան նավատորմի «Սարատով» նավն ուղարկել է սիրիական Թարթուս նավահանգիստ, չնայած կորոնավիրուսային համավարակին: Իշիկի հրապարակած լուսանկարներում կարելի է տեսնել Սև և Միջերկրական ծովերն իրար կապող Բոսֆորի նեղուցով անցնող մի ռուսական նավ դեպի Թարթուս ուղևորվելիս: Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, նավը տեղափոխում էր 150 տանկ և ԲՏՌ, որոնք նախատեսված էին Թարթուսի նավահանգիստ հասցնելու համար: «Դրանք, ամենայն հավանականությամբ, կհանձնվեն սիրիական զինված ուժերին»,- ապրիլի 12-ին հաղորդել է լիբանանյան «Al-Masdar News» պորտալը:

Փորձագետները նշում են, որ ռուսական դեսանտային նավի վրա այդպիսի մեծ քանակությամբ զրահատեխնիկան կարող է վկայել միայն լայնամասշտաբ ռազմական գործողությունների սկզբի մասին, ինչպես թուրքական կողմի, այնպես էլ ահաբեկիչների կողմից պայմանավորվածությունների լուրջ խախտումների ֆոնին:

Յորուք Իշիկը թուրք է, և ըստ երևույթին ինչպես և բոլոր թուրքերը, այս տարվա մարտին Սիրիայում տասնյակ թուրք զինվորականների անհաջողություններից և մահերից հետո նա ևս ռուս զինվորականների նկատմամբ վախով է համակված: Ըստ ռուս մասնագետների, ամենայն հավանականությամբ «Սարատով» նավի Թարթուս ժամանելուն պես Ռուսաստանը ընդհանուր առմամբ 150 տանկ, ԲՏՌ և այլ զրահատեխնիկա կտեղափոխի և կտեղակայի Հյուսիսային Սիրիայում: Փորձագետները պնդում են, որ «Սարատով» նավը ֆիզիկապես չի կարող ընդունել այդպիսի քանակությամբ զրահատեխնիկա: Այն առավելագույնը 50 զրահապատ մեքենա կարող է տեղավորել: Բայց քանի որ ռուսական տանկերի և զրահատեխնիկայի փոխադրումները Սիրիա շարունակվում են արդեն երեք ամիս, հետևաբար ավելի տրամաբանական է ենթադրել, որ «Սարատով» նավը Թարթուսում բեռնաթափվելուց հետո Ռուսաստանից Սիրիա ուղարկված զրահատեխնիկայի ընդհանուր քանակը կհասնի 150-ի: Ինչպես «Հըզբոլլահ» կուսակցության մարտական ​​դիրքերում գտնվող սիրիական գեներալները, այնպես էլ Թարթուս ուղևորվող ռուսական զրահատեխնիկայի հերթական խմբաքանակը վկայում են, որ Սիրիան, Ռուսաստանը և Իրանը նախապատրաստվում են Թուրքիայի դեմ ռազմական գործողությունների: Ավելի վաղ հայտնել էինք, որ դեռևս փետրվարի վերջին մի շարք ԶԼՄ-ներում Ռուսաստանը տարածում էր «Ռուսաստանը ստիպում է թուրքական բանակին նահանջել Սիրիայից» վերտառությամբ կարգախոսը։ Ըստ երևույթին հեռու չէ այն օրը, երբ այն իրականություն կդառնա:

Սերգեյ Շաքարյանց