Վարակը լուրջ չընդունելով՝ բռնապետն իր ժողովրդին ենթարկում է «ցեղասպանության» սպառնալիքի. Daily Mail-ը Լուկաշենկոյի մասին

Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` ապրիլի 13-ի այն հայտարարությանը, թե՝ Բելառուսում ոչ մի մարդ չի մահանա կորոնավիրուսից և կոշտ քննադատել է Բելառուսի նախագահի վարած քաղաքականությունը կորոնավիրուսի հարցում:

Պարբերականը նշում է, որ «բռնապետն անտեսել է իր երկրում կորոնավիրուսից արդեն գրանցված մահվան 29 դեպքը, ուշադրություն չի դարձնում բժիշկների և մարդու իրավունքների պաշտպանների նախազգուշացումներին այն մասին, որ վիրուսը լուրջ չընդունելով՝ նա սեփական ժողովրդին դնում է «ցեղասպանության» սպառնալիքի տակ»:

Դրա փոխարեն նա երկրի 9,5 միլիոն բնակչությանն ասել է, որ իրենք գտել են դեղորայքների այն համադրությունը, որը փրկում է մարդկանց կորոնավիրուսից: Վաթսունհինգամյա քաղաքական գործիչը, որն արդեն քառորդ դարից ավելի երկաթյա բռունցքով ղեկավարում է Մինսկը, չի ասել, թե ինչ դեղամիջոցների մասին է խոսքը, փոխարենը նշել է. «Մարդիկ վախենում են: Այդ իսկ պատճառով ես ուզում եմ ասել, որ մեր երկրում ոչ ոք չի մահացել կորոնավիրուսից, ոչ ոք: Նրանք մահացել են քրոնիկ հիվանդություններից»: Լուկաշենկոն ընդգծել է, որ այս հարցում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համաձայնել է իր հետ:

Խոսելով վարակված մարդկանց մասին՝ նա ասել է. «Նրանք անգամ պետք է չանհանգստանան: Մեր երկրում ոչ ոք չի մահանա կորոնավիրուսից: Ես դա հրապարակայնորեն եմ հայտարարում: Դա իմ համոզմունքն է: Մենք արդեն այս տարվա փորձը ունենք: Եվ ելնելով մեր, չինական, եվրոպական և ամերիկյան փորձից՝  մենք տեսնում ենք՝ ինչպես պետք է աշխատել»:

Բրիտանական պարբերականը հիշել է նաև, որ Լուկաշենկոն ավելի վաղ նշել էր, որ կորոնավիրուսը կարելի է բուժել՝ օղի խմելով, տրակտոր վարելով, շոգեբաղնիք գնալով կամ նոր ծնված ուլերի հետ խաղալով:

Բելառուսի նախագահը հրաժարվել է երկրում արգելել ֆուտբոլն ու տափողակով հոկեյը, չի փակել առևտրի կենտրոններն ու եկեղեցիները, կորոնավիրուսին էլ տվել է «փսիխոզ» անվանումը ու նշել, որ համաշխարհային տերությունները դա օգտագործում են իրենց իշխանությունը մեծացնելու համար:

Պարբերականը նշում է, որ ապրիլի 12-ին երկրում տեղի է ունեցել «Դինամո Բրեստ-Իստոչ Մինսկ» ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա են եղել հազարավոր երկրպագուներ:

Գործարանները, մանկապարտեզները, դպրոցները, բարերը, գիշերային ակումբներն ու կինոթատրոնները գործում են:

«Սա հանցագործության և սեփական ժողովրդին ոչնչացնելու սահմանն է: Ես սա կարող եմ համեմատել միայն Ռուանդայի 1994 թվականի ցեղասպանության հետ, ուղղակի այնտեղ այդ ամենը անմիջականորեն էր արվում, իսկ այստեղ` համաճարակի միջոցով: Ես այլ համեմատություններ չունեմ Լուկաշենկոյի գործողությունների համար»,-ասել է վարակաբան Անդրուս Վոյնիչը:

Թարմացված տվյալներով՝ Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3281 դեպք, 33 մարդ մահացել է, 203-ը՝ առողջացել:

Աղբյուրը՝ Թերթ.ամ