Իշխանությունները պարտավոր են ընտրելու իրավունքից օգտվելու հնարավորությունն ապահովել բոլոր քաղաքացիների համար. ԱՀ պարետ

Արտակարգ իրավիճակում ընտրություններ անցկացնելը չի իրականացվում որևէ մեկի ցանկությամբ, այլ դա Սահմանադրության պահանջ է, և Հանրապետության նախագահը իրավասու չէ հետաձգել ընտրությունները կամ կիրառել այլ ռեժիմ: Քվեարկությունից հետո այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ բոլոր ընտրատեղամասերում առկա են անհրաժեշտ պայմաններ, և մարդկանց կուտակումներ չկան: Ինչ վերաբերում է ինքնամեկուսացման մեջ գտնվող Քաշաթաղի շրջանի Միրիկ համայնքում ընտրությունների կազմակերպման գործընթացին՝ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ իշխանությունները պարտավոր են ընտրելու իրավունքից օգտվելու հնարավորությունն ապահովել բոլոր քաղաքացիների համար:

«Բնական է` արտակարգ իրավիճակի պայմաններում կան որոշակի սահմանափակումներ: Չեմ բացառում, որ Միրիկ համայնքում մասնակցությունը կլինի չնչին կամ էլ չի լինի, համենայն դեպս այդ հնարավորությունը բոլոր քաղաքացիների համար ստեղծված է: Ինչ վերաբերում է արտակարգ իրավիճակում առկա սահմանափակումներին, ապա նշեմ, որ մենք կգործենք իրավիճակի զարգացումներին համապատասխան: Երեկ երեկոյան իմ կողմից արդեն իսկ ստորագրվել է 4 որոշում: Եվ այն բոլոր սահմանափակումները, որոնք հիմա սահմանված են ՀՀ-ում, մենք կկիրառենք աստիճանաբար՝ ըստ անհրաժեշտության»,- նշել է ԱՀ պարետը: