Քաղաքապետարանը հորդորում է, բայց չի պարտադրում, իսկ փողոցային առևտուրն ապրում է իր կյանքով անգամ արտակարգ դրության ժամանակ

Մինչ Հայաստանում մեկամսյա արտակարգ դրություն է հայտարարված և պատկան կառույցները, մասնավորապես պարետատանից հնարավոր և անհնար խողովակներով հորդորում են քաղաքացիներին մնալ տանը և տանից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում՝ խանութ, դեղատուն, բժշկի և անհետաձգելի աշխատանքի գնալու համար, Երևանի մի շարք թաղամասերում աշխուժանում է փողոցային առևտուրը, որի դեմ պայքարում քաղաքային իշխանություններն այդպես էլ չկարողացան գործուն քայլեր ձեռնարկել և մինչև այս վարակի տարածման համաշխարհային վտանգը չեզոքացնել այդ խնդիրը: Իսկ այսօր թերևս առավել քան կարևոր է փողոցներում վաճառվող և որևէ որակական, պարենային վերահսկողության չենթարկվող գյուղմթերքների և տնային պայմաններում պատրաստված այլ մթերքների վաճառքը՝ տնական թթի օղի, մածուն, այլ կաթնամթերքներ, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ դրանց պահանջարկը փոքր չէ:

Երևանի Հարավարևմտյան Բ1 թաղամասի տարածքում արտակարգ դրության այս օրերին էլ մարդիկ, իհարկե իրենց հանապազօրյա ապրուստը հոգալու համար, մրգեր, բանջարեղեն, կանաչեղեն, ձու, կաթնամթերք, թթի օղի են վաճառում, և անցորդներն անտարբեր չեն մնում՝ անտեսելով առողջապահական և սննդի անվտանգության բոլոր ռիսկերը:

Իսկ ինչո՞ւ: Այդքան իրավագիտակցություն չունե՞ն: Գուցեև, քանի որ մեզանում իրավագիտակից քաղաքացի դաստիարակելու ռազմավարություն ԽՍՀՄ փլուզումից հետո ընդհանրապես չի եղել, իշխանությունները նման խնդիր չեն դրել իրենց առաջ, ավելի ճիշտ հակառակը՝ ամեն ինչ արվել է ցածր գիտակցությամբ, կառավարելի, ենթարկվող, ոչ պահանջատեր քաղաքացի ունենալու համար, և դա միայն այս իշխանությունների շնորհը չէ, ինչպես նշեցի անկախացումից հետո միշտ այդ խնդիրը դրված է եղել իշխանությունների առաջ: Եվ առնվազն զարմանալի, իսկ առավելագույնը տարակուսելի է մերօրյա իշխանությունների վստահությունը և հղումները հասարակական բարձր գիտակցությանը: Ի վերջո Իտալիայից ժամանած քաղաքացիների օրինակով բոլորս, այդ թվում իշխանությունները համոզվեցին, որ չի կարելի մարդկանց հորդորել բարձր գիտակցություն, համբերատարություն, հասարակական անվտանգության նկառատումներով սեփական անձը սահմանափակելու պատրաստակամություն դրսևորել, և ձեռքերը ծալած նստել ու հույս դնել, որ միայն քաղաքացիների մասնակցությամբ ու գիտակցությամբ հնարավոր կլինի այս կամ այն խնդիրը հաղթահարել:

Հիմա անդրադառնանք մեր արծարծած թեմային: Երևանի քաղաքապետարանը փաստորեն քաջատեղյակ է, որ այս օրերին փողոցային առևտուրը շարունակում է ծաղկել և այդ կապակցությամբ անգամ հայտարարություն է տարածել՝ քաղաքացիներին կոչ անելով փողոցային առևտրի համար առաջարկ չձևավորել: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ քաղաքային իշխանություններն այս օրերին լրացուցիչ հատուկ հերթապահություն են սահմանել բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու համար, բայց որոշ քաղաքացիներ, անտեսելով օրենքն ու նոր կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները, շարունակում են իրենց գործունեությունը՝ արկղերը մայթերին ու մայթեզրերին դասավորելով: Ուստի քաղաքապետարանը զգուշացնում և հորդորում է չգնել փողոցում, մայթերին վաճառվող սննդամթերք՝ տեղեկացնելով, թե դրանք համարվում են բարձր ռիսկայնությամբ, վտանգավոր մթերքներ, որոնք, չունենալով պահպանման անհրաժեշտ պայմաններ, կարող են պարունակել վիրուսային տարրեր: Նման ապրանքների նկատմամբ չկա որակի վերահսկողություն:

Սա էլ հո քաղաքային իշխանություններն են ասում՝ հավանաբար մասնագեների հետ խորհրդակցելու արդյունքնում այդպիսի հետևությունների գալով: Նշանակում է՝ իրենք ևս գիտակցում են նաև փողոցային առևտրի ճանապարհով մեզ համար վտանգ ներկայացնող և հանրության շրջանում խուճապ առաջացրած կորոնավարակի տարածման ռիսկը, բայց ինչո՞ւ իրենք այդ հասարակական անվտանգություն ասածը չեն պահպանում այն դեպքում, երբ դա իրենց անմիջական գործառույթն է և այս անգամ ևս անսում են մարդկանց բարձր գիտակցությանը, զգոնությանը: Նախ նշեմ, որ զրուցելով հիշյալ տարածքում առևտուր անողների հետ՝ հասկացա, որ որևէ վերահսկողություն, հերթապահություն գոնե թե մայրաքաղաքի այդ հատվածում չի իրականացվում, և որևէ մեկը չի փորձում խոչընդոտել վտանգավոր առևտուրը: Ավելին՝ որոշ ժամանակ այդ տարածքում շրջելով, ես անգամ որևէ ոստիկանի չտեսա, որը մարդկանց գոնե կբացատրեր իրենց արածի վտանգների մասն և կհորդորեր գոնե մինչև արտակարգ դրության ավարտը փակվել տանը: Դե եթե խոչընդոտ չկա, ապա ում կարող են վախեցնել, զգոնացնել գրավոր արգելքները, և այս դեպքում նույնպես կորոնավիրուսի դեմ պայքարի որոշ նախաձեռնություններ այդպես էլ միայն թղթի վրա են մնում կամ խոսքից գործի չեն անցնում:

Ավելին, փողոցային առևտուր իրականացնողներն ասես այս իրականությունից չլինեն և նրանցից թերևս հատուկենտներն են, որ գոնե դիմակ են կրում, այն էլ ոչ նպատակային: Օրինակ, վաճառողներից մեկը դիմակով փակել էր բերանը, բայց քիթը չէր թաքցրել: Եվ այդպես ու առանց ձեռնոցների անմիջականորեն շփվում էր գնումներ անողների հետ, որոնք ևս անտեսելով պարետատան, կառավարության բոլոր հոդորները՝ տանից առանց դիմակի էին դուրս եկել: Չնայած նրանց չի կարելի մեղադրել, քանի որ դիմակների մասին վերջին տասն օրվա ընթացքոմւ հենց պաշտոնական աղբյուրներից այնքան հակասական կարծիքներ հնչեցին, որ մարդիկ իրենք էլ մոլորվել ու չգիտեն՝ պե՞տք է դիմակ կրել, թե ոչ: Այսօր ԱՆ նախարար Արսեն Թորոսյանն ասուլիսի ժամանակ չկարևորեց այդ դիմակները՝ ասելով, որ դրանք վատորակ, էժանագին դիմակներ են և չեն կարող լիարժեքորեն պաշտպանել վարակից: Ասաց, որ այդ դիմակները ցուցված են միայն բուժաշխատողներին ու արդեն հիվանդներին և կարող են պաշտպանել միայն փռշտալու և հազալու ժամանակ դուրս հորդող մանրէներից, իսկ օդակաթիլային ճանապարհով այնուամենայնիվ այդ մանրէները կարող են ներթափանցել դիմացինի շնչուղիներ ու ախտահարել նրա օրգանիզմը: Բայց մյուս կողմից ՀՀ վարչապետը արժևորում է դրանց օգտագործումը, պարետատան տարածած հորդորներում հիշատակվում է դիմակներ կրելու անհրաժեշտությունը:

Բայց չշեղվենք թեմայից: Որքան էլ քաղաքային իշխանությունները քաղաքացիներին հորդորում են հրաժարվել փողոցային առևտրից և անհրաժեշտ գնումները կատարել փակ խանութներից՝ մտածելով, թե ի վերջո կկարողանան մարդկանց գիտակցության մեջ հեղափոխական փոփոխություններ անել, փորձը ցույց է տալիս, որ հատկապես սոցիալական խոցելի խավի համար փողոցը մնում է ամենացանկալի առևտրավայրը: Պատճառը շատ պարզ է: Իմ նշած թաղամասում գյուղմթներքները մոտակա սուպերմարկետում վաճառվում են զգալի և չհիմնավորված թանկ գնով: Եթե, օրինակ, դրսում հնարավոր է մեկ կիլոգրամ խնձորը գնել 200-300 դրամով, ապա սուպերմարկետում նույնատիպ խնձորի գինը սկսվում է 500 դրամից: Իսկ ներկրվող մրգերի գների միջև տարբերությունը շատ ավելի մեծ է: Բնական է, որ մարդկանց ձեռնտու է փողոցում գնումներ անել, որտեղ անգամ սակարկելու և գինն ավելի իջեցնելու հնարավորություն կա, որքան էլ այդ մարդկանց սիրելի քաղաքային իշխանությունները հոգածություն ցուցաբերեն նրանց առողջության նկատմամբ և զբաղվեն բարի խորհուրդներ տալով, այլ ոչ թե արդյունավետ ծրագրեր իրականացնելով:

Իհարկե, մեզ համար ևս ցանկալի չէ, որ հենց հիմա անողոք պայքար սկսվի փողոցում իրենց ապրուստը հոգացողների դեմ, և այդ մադկանց սպառնալիքներով փակեն իրենց տներում կամ մեծ տուգանքներով հարստահարեն: Մանավանդ այս օրերին, երբ հատկապես փոքր ու միջին տնտեսվարողները ռիսկի են դիմում տնտեսական ճգնաժամային խնդիրների առաջ հայտնվելու համար: Բայց կշեռքի մյուս նժարին հասարակական առողջությունն է, որն ազգային անվտանգության հարց է: Մյուս կողմում ևս ոչ պակաս կարևոր խնդիր է: Ուրեմն ի՞նչն է խանգարում քաղաքային իշխանություններին օգտվելով այս առիթից՝ վերջապես փողոցում հայտնվածների համար անվտանգ առևտրի հարմարավետ պայմաններ ստեղծել՝ փոքր թաղամասային շուկաներ, փակ խանութատիպ տարածքներ: Թե չէ հորդորների, խնդրանքների, կենացների, հայտարարությունների մակարդակով խնդիրները ոչ թե լուծվում են, այլ ավելի են խորանում:

Թագուհի Ասլանյան