Միջոցներ են ձեռնարկվել էներգետիկ անվտանգության գոտիներում բնակվող անձանց անվտանգության ապահովման նպատակով. Դատախազություն

Լոռու մարզի դատախազությունը 2019 թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության բնագավառում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզել էր, որ մի շարք դեպքերում համայնքի ղեկավարի որոշմամբ օրինականացվել են այնպիսի ինքնակամ կառույցներ, որոնք կառուցվել են էներգետիկ անվտանգության գոտիներում՝ իրական սպառնալիք ստեղծելով մարդկանց կյանքի և առողջության համար, տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Օրինակ՝ Ստեփանավան համայնքում պարզվել էր էներգետիկ անվտանգության գոտում տարբեր խախտումներով կառուցված 73 կառույց, որից 71-ի դեպքում հետագայում խախտումների վերացման ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել։

Մարզի վարչական տարածքում գործող համայնքներում հայտնաբերված օդային գծերի էներգետիկ անվտանգության գոտիների խախտումները վերացնելու ուղղությամբ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից տևական ժամանակ որևէ միջոցառում չի ձեռնարկվել, որի արդյունքում փաստացի չի չեզոքացվել այդ խախտումների արդյունքում մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին և շրջակա միջավայրին սպառնացող հնարավոր վտանգները: Այդ խնդիրը հնարավոր է լուծել բացառապես էներգետիկայի բնագավառի փակ բաժնետիրական ընկերությունների և տարածքային կառավարման մարմինների միջև համագործակցության, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմիններին պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական արդյունավետ հսկողություն իրականացնելու եղանակով։

Վերոգրյալը հաշվի առնելով՝ Լոռու մարզի դատախազը միջնորդագիր էր ներկայացրել մարզպետին՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նմանատիպ երևույթները բացառելու, էներգետիկ անվտանգության գոտիների խախտումները վերացնելու, այդ գոտիներում մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող հնարավոր վտանգները չեզոքացնելու, ինքնակամ կառույցների հետագա օրինականացումը բացառելու, օրենսդրությանը հակասող որոշումների առկայության պայմաններում համայնքի ավագանուն և համայնքի ղեկավարին այդ որոշումները վերացնելու կամ փոփոխելու առաջարկությամբ հանդես գալու վերաբերյալ։

Արդյունքում Լոռու մարզպետի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ անվտանգության գոտիների խախտումներն առկա են 10 կվ օդային գծերի գրեթե ողջ երկայնքով և շատ ավելին են, քան միջնորդագրով ներկայացված թվով 73 խախտումները։

Նույն միջնորդագրի քննարկման արդյունքում Լոռու մարզպետը հայտնել է, որ տեղում ուսումնասիրված թվով 73 կառույցներից 28-ի պարագայում խախտումները վերացվել են ՀԷՑ ՓԲ ընկերության «Ստեփանավան» մասնաճյուղի ուժերով, այսինքն այդ հատվածով անցնող էլեկտրահաղորդման օդային գիծը փոխարինվել է էլեկտրահաղորդման մալուխային գծով կամ համապատասխան հատվածներում էլեկտրահաղորդման գծերի տարանցում է ապահովվել։

Միաժամանակ հայտնվել է, որ ուսումնասիրությունների մասին տեղեկացվել է Ստեփանավան համայնքի ղեկավարին և առաջարկվել է իրականացնել անհետաձգելի միջոցառումներ օդային գծերի անվտանգության գոտիներում արձանագրված խախտումների վերացման ուղղությամբ՝ հատկապես ուշադրություն դարձնելով անվտանգության գոտիներում գտնվող 15 ոչ հիմնական կառույցներին։

Բացի այդ, Լոռու մարզպետի շրջաբերական գրությամբ մարզի համայնքների ղեկավարներին առաջարկվել է հողամասերի օտարման, վարձակալության կամ կառուցապատման տրամադրման, ինչպես նաև ինքնակամ շինությունների օրինականացման դեպքում փաստաթղթերը պարտադիր համաձայնեցնել հանրային ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունների հետ։

Մարզի դատախազությանը նաև տեղեկացվել է, որ կարևորելով բարձրացված խնդրի լուծման անհրաժեշտությունը՝ Լոռու մարզպետի կողմից խնդիրը ներկայացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, միջնորդվել հարցը քննարկել ՀԷՑ ՓԲ ընկերության հետ և ընկերության կողմից իրականացվող կամ այլ ներդրումային ծրագրերում ընդգրկել նաև 10 կմ օդային գծերի փոխարինումը մալուխային ստորգետնյա գծերով։