Վիրուսը չի ճանաչում ռասա, տարիք և սեռ, մենք սրա միջով կանցնենք միասին․ Քիմ Քարդաշյան

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն սոցիալական ցանցում իր միլիոնավոր հետևորդներին կոչ է արել նոր կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար  մնալ տանը` չվտանգելով իրենց ու հարազատների առողջությունը: Քարդաշյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և «Ինստագրամի» «սթորի» բաժնում:

«Խնդրում եմ բոլորին, հատկապես նրանց, որոնք երիտասարդ ու առողջ են, եթե դուք անհանգստանում եք ձեր մոր, հոր, պապիկ-տատիկների, քույրերի, եղբայրների, հասարակության համար, ապա լուրջ ընդունեք տանը մնալու հրահանգը: Եթե տնից դուրս գալը աշխատանքի գնալու, անհրաժեշտ սնունդ կամ իրեր գնելու, ձեր բժշկին այցելելու կամ կարիքավոր մեկին, օրինակ ձեր տարեց հարևանին օգնելու նպատակ չունի, խնդրում եմ՝ մի՛ անտեսեք վիրուսի տարածումը կանխելու համար տանը մնալու նախազգուշացումների խստությունը»,-նշել է հեռուստաաստղը, ապա հավելել, որ վիրուսը չի ճանաչում ռասա, տարիք և սեռ: «Սա վերաբերում է բոլորին, և մենք սրա միջով կանցնենք միասին»,-գրել է Քարդաշյանը՝ հաղորդելով իր սերն ու ընտանիքի աղոթքները բոլորին: