Կորոնավիրուսի նոր ախտանիշներ․ Սինգապուրի բժիշկների բացահայտումը

Սինգապուրի բժիշկների մի խումբ հրապարակել է կորոնավիրուսի պատճառած հիվանդության նոր ախտանիշներ: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Lancet ամսագրում:

Համաձայն նրանց տվյալների՝ որոշ հիվանդների սկզբում ախտորոշել են դենգեի տենդ: Նրանք բողոքել են ջերմության բարձրացումից և քոր առաջացնող ցանից: Ընդ որում նրանք չեն ունեցել կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ:

Դենգեի տենդի բուժումը չի օգնել, հիվանդները սկսել են բողոքել շնչառության դժվարություններից, և նրանք լրացուցիչ ստուգվել են կորոնավիրուսի համար: Հետազոտությունները դրական արդյունք են ցույց տվել։

Բժիշկները գործընկերներին հորդորել են լուրջ վերաբերվել ախտորոշմանը՝ հիշեցնելով, որ սխալ բուժումը սպառնալիք է հանրային առողջության համար:

Նոր կորոնավիրուս

Անցած տարվա վերջին Չինաստանի իշխանությունները հաղորդել էին Ուհան քաղաքում անհայտ թոքաբորբի տարածման մասին: Փորձագետները պարզել են, որ հարուցիչ է հանդիսացել նոր կորոնավիրուսը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բռնկումը ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ, հիվանդությանը տրվել է Covid-19 անվանումը:

104 երկրներում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 110 հազարի, որից 81 հազարը՝ Չինաստանում: Չինաստանում հիվանդության զոհ է դարձել  3136 մարդ, ապաքինվել է մոտ 60 հազարը:

Եվրոպական երկրներից ամենաբարդ իրավիճակը Իտալիայում է․ վարակվածների թիվը գերազանցել է 9100 մարդ, որոնցից 463-ը մահացել են: Ռուսաստանում կորոնավիրուսը հաստատվել է 20 մարդու հետազոտություններում: Իշխանությունները տարբեր միջոցներ են ձեռնարկել հետագա տարածումը կանխելու համար: