Իտալիայում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ամբողջ երկրում արտակարգ դրություն է հայտարարվել

Իտալիան կորոնավիրուսի տարածումը կանխելու համար արտակարգ միջոցներ է ձեռնարկել ամբողջ երկրով մեկ, գրել է BBC-ն:

Մարտի 10-ին Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հրահանգել է մարդկանց մնալ տանը և ճանապարհորդել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև միայն համապատասխան թույլտվություն ստանալուց հետո:

«Այլևս ժամանակ չկա: Մեր  երկրում վարակի զգալի աճ է նկատվում, մահացությունների թիվը նույնպես մեծ է»,- ասել է նա հեռուստաուղերձում:

«Բոլորս պետք է ինչ-որ բան զոհաբերենք Իտալիայի բարօրության համար, և դա պետք է անենք հենց հիմա: Ահա թե ինչու որոշեցի ավելի վճռական և խիստ միջոցներ ձեռնարկել»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Իտալիան «կշրջափակվի» բոլոր կողմերից:

«La Repubblica» թերթին ավելի վաղ տված հարցազրույցում Ջուզեպե Կոնտեն ասել էր. «Օրերս մտածում էի Չերչիլի հին ելույթների մասին. «Սա մեր ամենամութ ժամն է, բայց մենք կհաղթահարենք այն»:

Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը երկուշաբթի հասել է 463-ի։ Իտալիան նոր տեսակի կորոնավիրուսից մահացության թվով աշխարհում առաջին տեղում է:

Ըստ պաշտոնական տվյալների՝ վարակի հաստատված դեպքերի թիվը 24 տոկոսով ավելացել է կիրակի օրվա համեմատությամբ: Կորոնավիրուսի դեպքերը հաստատվել են Իտալիայի բոլոր 20 շրջաններում։

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3136-ի: