Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն Արցախում հանդես է եկել կարևորագույն հայտարարությամբ․ «Մենք ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք» (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն Արցախում հանդես է եկել հայկական զույգ պետությունների ազգային անվտանգության և համայն հայության կենսական շահերի հետ կապված կարևորագույն հայտարարությամբ․

«Մենք ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք, ընդհակառակը` մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը»,- Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ասել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկով, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:

ԱՀ նախագահն այնուհետև աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել բանակաշինության մի շարք խնդիրների շուրջ և որոշակի հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: