Հայկ Գրիգորյանն ԱՀ գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայության տեղեկացմամբ, այցի ընթացքում տեղի է ունեցել ընդլայնված նիստ՝ Արցախի Հանրապետության ոստիկանապետի, ՊԲ հրամանատարի, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի, ռազմական ոստիկանության պետի մասնակցությամբ:

Ամփոփվել են զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին, երկրորդ և երրորդ կայազորային քննչական բաժնի կատարած աշխատանքները:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հանդիպման ընթացքում ծանոթացել է կայազորային քննչական բաժինների կողմից նախորդ տարի կատարված աշխատանքներին: Հայկ Գրիգորյանը որոշակի հանձնարարականներ է տվել նախաքննության ժամկետների և որակի բարձրացման վերաբերյալ:

Նիստի ընթացքում քննչական կոմիտեի նախագահն Արցախի Հանրապետության գործընկերների հետ քննարկել է նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ՝ մի շարք հարցերի վերաբերյալ հետագա քննարկումը կազմակերպելու և արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով:

Դիմելով Արցախի Հանրապետությունում իրենց ծառայությունն անցկացնող քննիչներին՝ ՔԿ նախագահը շեշտել է, որ նրանց խնդիրներն իր անմիջական ուշադրության կենտրոնում են։

«Առաջինը փորձում ենք ձեր խնդիրներին լուծում տալ,- նշել է ՔԿ նախագահը:- Արցախում քննիչի ծառայությունը բարդ, բայց շատ պատվաբեր աշխատանք է: Ձեր աշխատանքային առանձնահատկություններով է պայմանավորված, որ և՛ դրամական, և՛ այլ խրախուսումների ժամանակ առաջին տեղում եք: Իհարկե, սա չի նշանակում, որ այդ պատճառների ստվերում պետք է թերանալ և բավարարվել ձեռք բերածով»:

Հայկ Գրիգորյանն ընդգծել է, որ Արցախում աշխատող քննիչի հաջողության գրավականներից մեկը զինվորի հոգեբանությամբ օժտված լինելն է։

«Ձեր աշխատանքի բարդությունն ու ծավալները հասկանալով, բարձր եմ գնահատում յուրաքանչյուրիդ ծառայությունը,- ասել է Հայկ Գրիգորյանը:- Ծանր գործերի քննությունը ձեզ օգնելու է բոլորից լավ տիրապետել քրեական իրավունքին, կրիմինալիստիկային, ինչպես նաև օգնելու է հասկանալ զինվորի հոգաբանությունը, ի վերջո, Արցախում աշխատող քննիչը պետք է օժտված լինի զինվորի հոգեբանական հատկանիշներով, հակառակ դեպքում նրա մոտ ոչինչ չի ստացվի»:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին կայազորային քննչական բաժինների շենքային պայմանների և նյութատեխնիկական խնդիրների կարգավորմանը վերաբերող հարցեր: ՔԿ ղեկավարությունը փորձելու է սեղմ ժամկետներում կարգավորել առկա խնդիրները:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը հանդիպման ավարտին հանդես է եկել ելույթով, որում դրական է գնահատել կայազորային քննչական բաժինների գործունեությունը: Նա հորդորել է կատարելագործել աշխատանքը և գրանցել նոր հաջողություններ:

Հանդիպման ավարտին կայազորային քննչական բաժինների մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով և Քննչական կոմիտեի նախագահի անվանական հուշանվերներով:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և ԱՀ ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանի հետ: Կողմերը քննարկել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների միջև փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր: